Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հաճախ տրվող հարցեր՝ աշխատանքային իրավունքների մասին

ℹ️«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրավախորհրդատվություն տրամադրելիս վեր ենք հանում աշխատանքային իրավունքների խախտումներ, որոնք բավականին տարածված են։

Սկսում ենք ներկայացնել հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։

❓Ո՞ր պահից եք համարվում աշխատող։

Աշխատող է համարվում 16 տարին լրացած (առանձին ոլորտների համար՝ 14) գործունակ քաղաքացին, որը աշխատանքային գրավոր պայմանագրի կամ հրամանի հիման վրա գործատուի համար կատարում է որոշակի վճարովի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

????14-16 տարեկան անձինք աշխատող կարող են համարվել ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։

❓Աշխատանքային ինչպիսի՞ ոլորտներում կարող են ներգրավվել մինչև 14 տարեկան անձինք:

Մինչև 14 տարեկան անձինք ծնողի (խնամակալի, որդեգրողի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի) գրավոր համաձայնության դեպքում կարող են աշխատել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում` ներգրավվելով ստեղծագործական աշխատանքում, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

❓Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում աշխատանքի ընդունելիս։

????Աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է ընդունել հրաման կամ կնքել աշխատանքային պայմանագիր՝ երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ:

????Մինչև 14 տարեկան աշխատողների դեպքում կազմվում է ծնողի/խնամակալի/որդեգրողի կամ հոգաբաձուի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ։

????Պայմանագրի մեկ օրինակը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին, իսկ մինչև 14 տարեկանների դեպքում՝ ծնողին/խնամակալին։

????Պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային ստորագրությունների միջոցով և համապատասխանաբար՝ դրա օրինակը փոխանցվել էլեկտրոնային եղանակով։

❓Ինչպիսի՞ աշխատանքներում կարող են ներգրավվել 14-16 տարեկան անձինք։

????14-16 տարեկան անձինք կարող են ներգրավվել միայն ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողի (հոգաբարձու, որդեգրող) գրավոր համաձայնությամբ, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

❓Աշխատանքի չընդունելու ո՞ր պատճառաբանություններն են արգելված օրենքով

????Գործնական հատկանիշների և մասնագիտական պատրաստվածության ու որակավորման հետ չկապված ցանկացած այլ պատճառաբանությամբ աշխատանքի չընդունելն արգելված է։

❓Ի՞նչ փաստաթղթեր չի կարող պահանջել գործատուն աշխատանքի ընդունելիս։

????Գործատուն աշխատանքային պայմանագիր կնքելիս պարտավոր է պահանջել ստորև նշված փաստաթղթերը։
Արգելվում է պահանջել այս ցանկից դուրս ցանկացած այլ փաստաթուղթ, որը նախատեսված չէ օրենքով։????

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) սոցիալական ապահովության քարտ/համարանիշ կամ դրա բացակայության մասին տեղեկանք,

3)կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությամբ այդ աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ,

4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքը պահանջում է սկզբնական և պարբերական բժշկական զննություն, կամ աշխատանքային պայմանագիր է կնքվում մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ:

Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանվում է ՀՀ Կառավարության 27․03․2003 թ․թիվ 347-Ն որոշմամբ։

5) ծնողի/խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև 16 տարեկան անչափահաս քաղաքացի

6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

❓Ե՞րբ է տրվում առաջին ամենամյա արձակուրդը։

????Որպես կանոն աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո:

☝️6 ամիսը լրանալուց շուտ աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ կարող է տրամադրվել․

????կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո

????ուսումնական հաստատությունների մանկավարժներին՝ սովորողների ամառային արձակուրդների ժամանակահատվածում

????բժշկական եզրակացության հիման վրա այն աշխատողներին, ովքեր տանը խնամում են հիվանդի կամ հաշմանդամություն ունեցող անձի կամ ունեն քրոնիկ հիվանդություն, որի սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից:

❓Ո՞րն է համարվում աշխատանքային տարի

????Աշխատանքային տարի է համարվում աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով աշխատանքի անցնելու օրվանից սկսած մինչ հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամիսն ու ամսաթիվն ընկած ժամանակահատվածը:

☝️Օրինակ՝ եթե աշխատանքի եք ընդունվել 2022 թ․ ապրիլի 1-ին։ Աշխատանքային տարին 2022 թ․ ապրիլի 1-ից 2023 թ․ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածն է։

❓Ու՞մ նկատմամբ փորձաշրջան չի սահմանվում

Փորձաշրջան չի սահմանվում․

????տասնութ տարին չլրացած անձանց նկատմամբ,

????ընտրովի պաշտոն զբաղեցնողների նկատմամբ, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձանց նկատմամբ,

????գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձանց նկատմամբ,

????ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ դեպքեր:

❓Ի՞նչ է փորձաշրջանը

Փորձաշրջանը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործատուն ստուգում է աշխատակցի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը։ Փորձաշրջան կարող է սահմանվել նաև աշխատողի նախաձեռնությամբ։

????Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքները։

????Փորձաշրջանի մասին պետք է նշված լինի աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտում կամ պայմանագրում։ Եթե նշված չէ, նշանակում է փորձաշրջան չի սահմանվել։

????Փորձաշրջանի ժամկետից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, իսկ աշխատողի նախաձեռնությամբ փորձաշրջան սահմանելու դեպքում՝ աշխատողը, պարտավոր է 3 օր առաջ գրավոր ծանուցել դրա մասին։

Գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին աշխատանքի անցնելուց առաջ պատշաճ ծանոթացնել????

????աշխատանքի պայմաններին,

????կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում),

????ներքին կարգապահական կանոններին,

????աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին:

❓Երբ է տրամադրվում ամենամյա արձակուրդը։

????Բացի աշխատանքային առաջին տարուց՝ ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը կարող է սահմանվել պայմանագրով, իսկ պայմանագրով սահմանված չլինելու դեպքում` կողմերի համաձայնությամբ:

☝️Գործատուի համար ևս կանխատեսելի դարձնելու համար աշխատողը կարող է աշխատանքային տարվա սկզբում գործատուին ներկայացնել իր նախընտրելի ժամանակահատվածը։

❓Որքա՞ն է տևում ամենամյա արձակուրդը

????Ամենամյա նվազագույն արձակուրդը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր:
☝️Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, սակայն մասերից մեկը չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրից՝ 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և 12 աշխատանքային օր-ից` 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

❓Որքա՞ն է վճարվում աշխատողը ամենամյա արձակուրդի համար

????Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ։ Հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը աշխատանքային տարում և ստացված թիվը բազմապատկվում է արձակուրդի օրերի քանակով։
????Օրինակ՝ 300 000 ՀՀ դրամ աշխատավարձի դեպքում․
300 000/ 21=14 286/ միջին օրական աշխատավարձ
14 286 *20= 285 720/ արձակուրդային վճար

❓Ե՞րբ է իրականացվում ամենամյա արձակուրդի համար վճարումը

????Վճարումն իրականացվում է ամենամյա արձակուրդն սկսելուց առնվազն 3 օր առաջ, իսկ եթե օբյեկտիվ պատճառներով դա անհնար է, աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
????Եթե ամենամյա արձակուրդի համար հաշվարկված գումարը սահմանված ժամկետում չի վճարվում` աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով հետաձգվել է ամենամյա արձակուրդի համար վճարումը։
❓Կարելի՞ է ամենամյա արձակուրդի փոխարեն տրամադրել դրամական հատուցում
????Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում:
????Ամենամյա արձակուրդի փոխարեն աշխատողին դրամական փոխհատուցում կարող է տրամադրվել միայն այն դեպքում, երբ աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել (կամ աշխատողը չի ցանկանում) ամենամյա արձակուրդ։

#DWN_FAQ #ՀՏՀ

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ հարցեր ունեք, զանգեք 041 123302☎️

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր