Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացին անհիմն էր հաշվառվել որպես թմրամիջոց գործածող անձ․ դատարանը վճռեց

March 31, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

2021 թվականի մարտի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանների հայցը՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում Ս․ Մ․-ի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում «որպես թմրամոլ» առկա գրառումներն ու հաշվառումը վերացնելու պահանջի մասին։

 

Ս․ Մ․-ի շահերը ներկայացնում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։

 

Ս․ Մ․-ը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում գործարք կատարելիս էր տեղեկացել, որ իր վարորդական վկայականը կասեցված է, քանի որ ինքը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս․ Մ․-ը երբևէ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել, թմրանյութեր չի օգտագործել, այդ խնդրով բուժման նպատակով երբևէ չի դիմել բժշկի՝ ՀՔԱՎ փաստաբան Ս․ Գալստյանը դիմում է ներկայացրել Գյումրու հոգեկան առողջության կենտրոն և պահանջել վերականգնել Ս․ Մ․-ի խախտված իրավունքները․ վերացնել նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում «որպես թմրամոլ» առկա գրառումներն ու հաշվառումը։ Միաժամանակ խնդրել է տրամադրել Ս․ Մ․-ի վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր փաստաթղթերի պատճենները:

 

Դրան ի պատասխան՝ Բժշկական կենտրոնը հայտնել է, որ Ս․ Մ․-ի իրավունքները «իբրև» չեն խախտվել, և նրա հաշվառումը եղել է իրավաչափ՝ փորձագիտական լաբորատորիայի՝ թմրանյութի օգտագործման դրական արդյունքի եզրակացության հիման վրա, բայց որևէ բժշկական փաստաթուղթ չի տրամադրվել, քանի որ, ըստ Բժշկական կենտրոնի, դրանք պարունակում էին այլ անձանց բժշկական տվյալներ։

 

Մինչդեռ, ըստ օրենքով սահմանված կարգի, փորձագիտական լաբորատորիայի եզրակացությունը կարող է հիմք լինել միայն համապատասխան բժշկական հետազոտություն անցնելու և բժիշկ-թմրաբանի կողմից ախտորոշում ստանալու համար։ Իսկ Ս․ Մ․-ի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայությունը փաստում է այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում նրան անհիմն են վերցրել հաշվառման։ 

 

Հիմք ընդունելով այս հանգամանքները՝ 2021 թվականի մարտի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը և որոշեց վերականգնել Ս․ Մ․-ի խախտված իրավունքները։

 

Նշենք, որ դեռևս 2015-ին դատարանը համանման գործով, որի շրջանակում հայցվորի իրավունքների պաշտպանությունը իրականացնում էր ՀՔԱՎ իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, հղում անելով ՀՀ Կառավարության համապատասխան որոշման, իր վճռում հստակ նշել էր, որ անձին «որպես թմրամոլ» հաշվառելու համար անհրաժեշտ են բժշկական հետազոտություն և բժիշկ-թմրաբանի ախտորոշում, որոնք տվյալ դեպքում ևս չեն եղել։

 

Այս գործի կարևորությունը, ըստ ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի, նրանում է, որ անձանց «որպես թմրամոլ» հաշվառելու լիազորությամբ օժտված կազմակերպությունները հիմնականում ապօրինի, առանց օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, հաշվառում են «որպես թմրամոլ»՝ դրանով սահմանափակելով քաղաքացիների իրավունքները, իսկ այս վճիռը զսպողական դեր պետք է ունենա այդպիսի կազմակերպությունների համար։

 

ՀՔԱՎ-ը 2011-ից մշտադիտարկում է թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը․ բազմիցս մեր հրապարակումներում նշել ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում և պետական կառույցների պաշտոնական էջերում հաճախադեպ են այնպիսի խտրական եզրույթներն ինչպիսին, օրինակ, «թմրամոլ» և «թմրամոլություն» բառերն են։ Թմրամիջոցներ գործածող անձանց հաշվառումը կարգավորող իրավական ակտի վերնագիրն արդեն իսկ պարունակում է խտրական բառապաշար։ Ներկայացրել ենք առաջարկներ՝ ոլորտը բարելավելու, խտրական եզրույթները փոխարինելու մասին։ Սակայն ոչ ձևակերպումներն են փոխվել, ոչ էլ պրակտիկան։ Անձանց որպես թմրամիջոց գործածող հաշվառման վերցնելու գործընթացը դեռևս չի բարելավվել, կայացվում են կամայական որոշումներ՝ շրջանցելով օրենսդրական կարգավորումները, ինչը հանգեցնում է անձի իրավունքների խախտման։

Դիտումներ՝ 232

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????