Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վարչապետի ճիշտ եզրահանգումը. նոր, լեգիտիմ Սահմանադրությունն անհրաժեշտություն է

June 17, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգել է հետևության, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Այդ մասին վարչապետը հայտարարել է հունիսի 15-ին կառավարությունում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստին։ «Ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի Սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Սովորաբար, Սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս, մենք այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների: Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը:

 

Նշենք, որ երբ այս տարվա հունվարին ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը և մեկնարկեցին հանձնաժողովի աշխատանքները, իրավապաշտպան հանրությունը, փաստաբաններ պնդում էին, որ պետք է խոսք գնա ոչ թե սահմանադրական բարեփոխումների մասին, այլ բոլորովին նոր, լեգիտիմ Սահմանադրության մասին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դեռևս հունվարին էր նշել, որ սխալ է համարում գործընթացը սահմանադրական բարեփոխումներ անվանելը։ Նրա խոսքերով՝ պետք է դիտարկվի բոլորովին նոր Սահմանադրության ընդունումը: Եվ հիմա իրավապաշտպանը ուրախ է, որ կառավարության ղեկավարը ևս հանգել է այդ հետևության. «Ես կարծում եմ, որ պետք է ընդհանրապես նոր Սահմանադրություն ընդունվի։ Խոսք պետք է գնա ոչ թե գործող Սահմանադրության փոփոխության, այլ ընդհանրապես նոր Սահմանադրության ընդունման մասին։ Դա կարող է լինել առաջին լեգիտիմ Սահմանադրությունը ընդունման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո տեղի ունեցած երկու ընտրությունների փորձը։ Բովանդակային առումով Սահմանադրության լեգիտիմությունը կարող է երաշխավորված լինել, եթե ապահովված լինեն իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքները, պառլամենտական արդյունավետ վերահսկողության սահմանումը գործադիր իշխանության և պետական մյուս մարմինների նկատմամբ՝ ԱԱԾ, ոստիկանություն, ՊԵԿ, քննչական մարմիններ։ Պառլամենտական վերահսկողության արդյունավետությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն իմ նշած մարմինների և նրանց ղեկավարների հաշվետվությամբ պառլամենտին, այլ նաև նրանց ղեկավարների նշանակման հարցում պառլամենտի ուղղակի մասնակցությամբ՝ ինչպես ՄԻՊ-ի կամ գլխավոր դատախազի դեպքում»։

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ևս կարևորագույն խնդիր է համարում Սահմանադրության լեգիտիմության խնդիրը, որը, նրա խոսքերով, կլուծվի քաղաքացիների հետ ներառական քննարկումների արդյունքում՝ նոր Սահմանադրության ընդունմամբ: Զադոյանը կարևորագույն խնդիրներից է համարում նաև խորհրդարանական կամ նախագահական կառավարման ձևի վերջանական ընտրության կատարումը քաղաքացիների հետ մատչելի և ներառական քննարկումների արդյունքում: «Հաջորդ կարևորագույն խնդիրը վստահելի, արդյունավետ և անկախ դատական համակարգ ունենալն է, որին միտված հանձնաժողովում ներկայումս քննարկվում է բարձագույն երկու՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատական ատյանների Գերագույն դատարանի ինստիտուցիոնալ կառուցվածքի ներքո միավորման հարցը»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զադոյանը՝ հավելելով, որ կարևորագույն խնդիրներից է նաև հակակոռուպցիոն մարմինների սահմանադրական անկախ մարմինների շարքում նախատեսելը և համապատասխան սահմանադրական երաշխիքների տրամադրումը, որպեսզի գործող քաղաքական ուժերը չունենան որևէ իրավական լծակ՝ ազդելու հակակոռուպցիոն մարմինների գործունեության վրա: «Շատ կարևոր է նաև Սահմանադրությամբ ուղիղ ժողովրդավարական գործիքների նախատեսումը հանրային և քաղաքական կարևորագույն որոշումների ընդունմանը քաղաքացիների ներառական և արդյունավետ մասնակցությունը ապահովելու նպատակով»,- ընդգծեց Կարեն Զադոյանը:

 

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, 2020թ. փետրվարից կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննարկումներն անցկացրել է հեռավար տարբերակով: Հանձնաժողովի անդամ Եղիշե Կիրակոսյանը վերջին նիստից հետո նշեց, որ հանձնաժողովը շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, ակնկալվում է մինչև 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչև 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:

 

1in.am

Դիտումներ՝ 346

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????