Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վարչական ռեսուրսների չարաշահմամբ անհավասար հնարավորությունների ձևավորումը խախտում է ժողովրդավարական սկզբունքները

August 22, 2023

Գործունեություն | ԶԼՄ մշտադիտարկում | Ընթացիկ հայտարարություններ | Ընտրական գործընթաց | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Երևան քաղաքի ավագանու 2023թ․ սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին ընդառաջ Անկախ դիտորդ դաշինքն ուսումնասիրել է իրենց առաջադրման մասին հայտնած թեկնածուների կողմից իրականացվող քարոզչությունը: ՀՀ Ընտրական օրենսգիրքը որպես  նախընտրական քարոզչության ժամանակահատված սահմանում է  թեկնածուների գրանցումից հետո 5-րդ օրվանից մինչև քվեարկությունից երկու օր առաջ (օգոստոսի 23- սեպտեմբերի 15) և  այն արգելում է  միայն քվեարկության և դրա նախորդ օրը։ 

 

Մինչդեռ մնացած ժամանակահատվածում քարոզչությունն արգելված չէ և հանդիսանում է իրավունք, որը սակայն որոշ դրսևորումներով  հատում է օրինականության սահմանները՝ դառնալով ի պաշտոնե տիրապետած ռեսուրսների և իրավունքի չարաշահում: Վարչական ռեսուրսի նման չարաշահման ցայտուն  օրինակ է հանդիսանում Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում թեկնածուներից միայն մեկի՝ Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ կուսակցության կողմից քաղաքապետի հայտարարված թեկնածու Տիգրան Ավինյանի գործողությունների լուսաբանումը:

 

Կայացած ընտրական համակարգ ունեցող պետությունները հաշվի են  առնում գործող իշխանության առավելության (incumbency advantage) անխուսափելիությունը և միաժամանակ ձգտում են օրենսդրական կարգավորումներով նվազեցնել այդ առավելության անցանկալի դրսևորումները։ Անկախ դիտորդ դաշինքը Հայաստանում ՏԻՄ ընտրությունների մշտադիտարկման ընթացքում բազմիցս արձանագրել է, որ թեկնածուները (երբեմն նաև արդեն իսկ առաջադրված թեկնածուները) մտադրված նշանակվում են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն  գործող իշխանություն լինելու առավելությունը նրանց տրվում է արհեստականորեն։  Նրանց  լիազորությունների իրականացումը ծառայում է որպես քարոզչության գործիք, իսկ համայնքապետարանը սպասարկող կայքերը կամ Facebook-յան էջերը օգտագործվում են որպես քարոզչական հարթակներ: 

 

Երևանի դեպքում մենք ականատես ենք լինում մեկ այլ արտառոց երևույթի, երբ նույնիսկ քաղաքապետի պաշտոնակատար չհանդիսացող անձին տրվում են լայն լիազորություններ ու հանրայնացում՝ ընտրություններում իշխանական թեկնածուի համար մեկնարկային առավելություն ապահովելու նպատակով: Այսինքն, իշխանության ռեսուրսներով պայմանավորված կանխամտածված առավելություն է  տրամադրվում  իշխող ուժի թեկնածուին։   

 

Անկախ դիտորդ դաշինքը իրականացրել է հանրային աղբյուրներից ֆինանսավորում ստացող տեղեկատվական երեք հարթակների մշտադիտարկում, նպատակ ունենալով պարզել՝ արդյոք այդ հարթակներում իրականացվող լուսաբանումը օգտագործվում է ընտրություններում Տիգրան Ավինյանին մեկնարկային առավելություն ապահովելու նպատակով: Այս հարցին պատասխանելու նպատակով՝ հաշվել ենք 2022թ․ սեպտեմբերից (Տիգրան Ավինյանի նշանակումից հետո) մինչև 2023թ․ հուլիս ամիսներին Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, Երևանի քաղաքապետի ներկայիս ժամանակավոր  պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանի, Գևորգ Սիմոնյանի, Ստեփան Մաչյանի և Սուրեն Գրիգորյանի վերաբերյալ հիշատակումներն այդ հարթակներում: Մշտադիտարկման համար ընտրվել են Առաջին լրատվական ալիքի և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքերը և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը՝ Facebook սոցիալական ցանցում: 

 

Մշտադիտարկման արդյունքների քանակական վերլուծությունից ստացված պատկերը հետևյալն է.

 

Երևան քաղաքի պաշտոնական կայքում,

  • Հրաչյա Սարգսյանը հիշատակվել է 66 անգամ,
  • Լևոն Հովհաննիսյանը՝ 49 անգամ,
  • Տիգրան Ավինյանը՝ 66 անգամ,
  • մյուս երեք փոխքաղաքապետերը միասին՝ ընդհանուր 26 անգամ:

 

Ընդ որում 2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2023թ․ մարտի 17-ը(198 օր) Տիգրան Ավինյանը հիշատակվել է 19 անգամ, Հրաչյա Սարգսյանը՝ 66 անգամ, Լևոն Հովհաննիսյանը՝ 32 անգամ, Գևորգ Սիմոնյանը՝ 12 անգամ։ 2023թ․ մարտի 17-ից մինչև հուլիսի 31-ը (136 օր), Տիգրան Ավինյանը հիշատակվել է 47 անգամ, Լևոն Հովհաննիսյանը՝ 17 անգամ։ Այսինքն Տիգրան Ավինյանի հիշատակումները փաստացի իրենց հաճախակիությամբ գերազանցել են քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մասին հրապարակումներին, իսկ Լևոն Հովհաննիսյանն, ով այս փուլում եղել է քաղաքապետի պաշտոնակատար, լուսաբանվել է ավելի քիչ հաճախականությամբ, քան նախորդող ժամանակահատվածում։ 

 

 

Ամիսների կտրվածքով Տիգրան Ավինյանի գործունեության լուսաբանման աճը հատկապես ակնհայտ է  մյուս փոխքաղաքապետերի գործունեության  լուսաբանման գրեթե անփոփոխ հաճախականության համատեքստում։

 

 

Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում լուսաբանումներն ընդհանուր առմամբ գրեթե կրկնակի են։ Այս դեպքում լուսաբանումներ են համարվել նաև տեսանյութերում և լուսանկարներում նրանց հայտնվելը։ 

 

  • Հրաչյա Սարգսյանը հիշատակվել է 126 անգամ,
  • Լևոն Հովհաննիսյանը՝ 92 անգամ,
  • Տիգրան Ավինյանը՝ 147 անգամ,
  • մյուս երեք փոխքաղաքապետերը միասին՝ ընդհանուր 50 անգամ:

 

Ըստ այդմ 2022թ․ սեպտեմբերից մինչև Հրաչյա Սարգսյանի հրաժարականը և դրանից հետո ֆեյսբուքյան էջում այս պաշտոնյաների լուսաբանումն ունեցել է հետևյալ պատկերը։  

 

 

 

Այս գծապատկերից հստակ է նաև դառնում, որ Լևոն Հովհաննիսյանն առավելապես հիշատակվել է ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու ամսվա ընթացքում, իսկ  դրանից հետո նրա լուսաբանումը կրկնակի զիջում է Տիգրան Ավինյանի լուսաբանմանը և վերադառնում մինչև Հրաչյա Սարգսյանի հրաժարականը եղած քանակներին։

 

Առաջին լրատվականի կայք

 

Առաջին լրատվականի պաշտոնական կայքում ուսումնասիրվել են հոդվածներ պարունակող հրապարակումները։ Այստեղ հիշատակումների քանակային տարբերությունն էլ ավելի ցայտուն է: 

 

  • Տիգրան Ավինյանը  հիշատակվել է  60 անգամ, 
  • Լևոն Հովհաննիսյանը՝ 4 անգամ,
  • Հրաչյա Սարգսյանը՝ 19 անգամ,
  • մյուս երեք տեղակալներից միայն Սուրեն Գրիգորյանը՝ 2 անգամ:

 

Ընդհանուր առմամբ Տիգրան Ավինյանի հիշատակումը Առաջին լրատվականի կայքում էականորեն հաճախակիացել է Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Թեև դրանից առաջ ևս նա քաղաքապետարանի պաշտոնյաներից ամենահաճախ լուսաբանվողն էր։

 

 

Մինչդեռ դիտարկվող ժամանակահատվածում Հրաչյա Սարգսյանի առավելագույն հիշատակումը մեկ ամսում  եղել է 5 անգամ, նույն ժամանակահատվածում Տիգրան Ավինյանը հիշատակվել է 8-9 անգամ։ Լևոն Հովհաննիսյանը հիշատակվել է միայն մարտ և ապրիլ ամիսներին երկուական անգամ։ Տիգրան Ավինյանն առավել շատ հիշատակվել է ընտրական գործընթացների մեկնարկին նախորդող հուլիս ամսին՝ 11 անգամ(Առաջին լրատվականի դեպքում Ավինյանի հիշատակում ենք համարել նաև տեսանյութերում և լուսանկարներում նրա ներկայությունը)։

 

 

 

Այլ դիտարկումներ

 

Քաղաքապետարանի կայքում Տիգրան Ավինյանի հիշատակումներից 22-ը վերաբերում են «աշխատանքային խորհրդակցություններին», իսկ Առաջին լրատվականի կայքում հիշատակումներից 12-ը արված են «գործակարգավարական նիստերի» համատեքստում՝ խոսքը, այնուամենայնիվ, նույն նիստերի մասին է: Գործակարգավարական նիստերը քննարկումների ձևաչափ է, որն իրավական առումով ներդրվել է 2017թ. քաղաքապետի որոշմամբ: Այդ նիստերը պիտի իրականացվեն շաբաթական մեկ անգամ և, վարվեն քաղաքապետի, իսկ նրա բացակայության դեպքում՝ առաջին տեղակալի կողմից: Այս տարվա մարտի 31-ին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ գործակարգավարական նիստերը կարող է վարել տեղակալներից որևէ մեկը։ Փաստացի Տիգրան Ավինյանը արդեն իսկ հայտարարել էր, որ ինքն է վարելու այս ձևաչափի նիստերը և վարել է առաջին նիստը մարտի 27-ին՝ մինչև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի որոշումը: Ավելին, ամենայն հավանականությամբ փոփոխությունն իրականացվել է Ինֆոքոմ լրատվական կայքից գործակարգավարական նիստերի վարման կարգի իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկատվության հարցումը ստանալու արդյունքում:

 

Ուշագրավ է Հանրային հեռուստաընկերության լուրերում և այլ հեռուստատեսային հաղորդումներում Տիգրան Ավինյանի գործունեության լուսաբանումը։ Օրինակ Կառավարության կողմից Երևանի ավագանու հերթական ընտրությունների օր նշանակելու օրը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը հարցազրույց է իրականացնում Տիգրան Ավինյանի հետ։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ այդ օրը կհրավիրվեր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ընտրական գործընթացների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Փոխարենը Տիգրան Ավինյանի հետ զրույցի առաջին հատվածը նվիրված է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքների ժխտմանը, իսկ երկրորդ մասը՝  կատարված աշխատանքների և նախընտրական ծրագրի ներկայացմանը։ Այսինքն վարչական ռեսուրսն ուղղակիորեն և անթաքույց օգտագործվում է այդ ռեսուրսի չարաշահումը ժխտելու համար։

 

Այսպես, Երևանի փոխքաղաքապետ նշանակումից ի վեր Տիգրան Ավինյանի՝   գործունեության լուսաբանման ծավալներն աճել են և անգամներով գերազանցել համայնքային իշխանության մյուս ներկայացուցիչների գործունեության լուսաբանման ծավալը: Տիգրան Ավինյանի պատասխանատվության տակ են դրվել Երևան քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտները: Ավագանու կողմից ընտրված քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Ավինյանի որպես ղեկավար դիրքավորելու նպատակով նրան է վերապահվել գործակարգավարական նիստերի վարումը՝ ուշացմամբ դրա օրինական հիմքերը ստեղծելով:

 

Բարդ է չափել նկարագրված վարչական ռեսուրսի օգտագործմամբ Երևանի ավագանու ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի  ստացած առավելությունը: Ակնհայտ է սակայն, որ այդ ռեսուրսների օգտագործումը կազմակերպվել է միտումնավոր, համակարգված ձևով, ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ, որի արդյունքում Ավինյանը դառնում է  Երևանի քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդ, իսկ մրցակիները ստիպված են լինում դիրքավորվել նրա մեկնարկային առավելության պայմաններում։

Դիտումներ՝ 2384

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????