Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետությունը չի՞ կարողանում ապահովել մեղադրյալ, ռուսական բազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում

October 29, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

2019 թ․ սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: 

 

Մեղադրող կողմը՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը, սեպտեմբերի 5-ին դատարանին նամակով խնդրել էր հետաձգել նիստը՝ արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի («Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը»), 54-րդ հոդվածի 3-րդ մասի («Դատարանի կողմից քրեական գործեր (…) քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»), 306-րդ հոդվածի 5-րդ մասի («Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է»), նիստը հետաձգել էր և նշանակել 2019-ի հոկտեմբերի 25-ին: 

 

Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանը մահացել էր 2018 թ. դեկտեմբերին՝  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի կողմից՝ դաժան ծեծի արդյունքում: Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը …անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ):  

 

2019թ. հոկտեմբերի 25-ին նշանակված նիստը նույնպես տեղի չունեցավ, որի մասին համապատասխան ծանուցում  տեղադրվեց «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: 

Դատական նիստերի՝ երկու անգամ հետաձգվելու փաստը ուշադրության չէր արժանանա, եթե չարձանագրեինք բավական հետաքրքիր մի փաստ: Ըստ տեղեկատվական համակարգի՝ Կ. Գաբրիելյանն այս անգամ խնդրել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը դարձյալ հետաձգել՝ այս գործով նույնպես մեղադրող ներգրավված, դատախազի տեղակալ  Վ. Միրզոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների հերթական ատեստավորմանը մասնակցելու պատճառով՝ միաժամանակ խնդրելով հարգելի համարել դատական նիստին նրա չներկայանալը: Միևնույն ժամանակ մեղադրող դատախազ Կ. Գաբրիելյանը դատական նիստին անձամբ իր չմասնակցելու կամ մասնակցել չկարողանալու մասին որևէ հիմնավորում այս անգամ չէր ներկայացրել:

 

Դատական երկու նիստերին չմասնակցելու վերաբերյալ դատախազի երկու նամակների ուսումնասիրությամբ հանգեցինք հետևյալին:

 

Առաջինը․ պարզվում է՝ Ռազգիլդեևի գործով դատական նիստին ներգրավված են երկու մեղադրողներ՝ դատախազ Կ. Գաբրիելյանն ու իր տեղակալ  Վ. Միրզոյանը:

 

Երկրորդ․ առաջին նիստի հետաձգման համար Կ. Գաբրիելյանը  որպես հիմնավորում ներկայացնում էր իր՝ արձակուրդում լինելը՝ չներկայացնելով որևէ տեղեկություն երկրորդ մեղադրող  դատախազով իրեն փոխարինելու հնարավորության մասին:

 

Երրորդ․ «Դատալեքս»-ի միջոցով տեղեկացնելով դատական նիստը երկրորդ անգամ հետաձգելու մասին՝ Գաբրիելյանը որպես  հիմնավորում բերում է գործով մեղադրող ներգրավված դատախազի տեղակալի՝ ատեստացիային մասնակցելու հանգամանքը: Հենց այս գրությունից է, որ տեղեկանում ենք երկրորդ մեղադրողի ներգրավման մասին:

 

Վերադառնանք հոկտեմբերի 25-ի դատական նիստին, որին երկրորդ մեղադրող Վ.Միրզոյանի մասնակցության անհնարինության պարագայում կարող էր մասնակցել անձամբ ինքը՝ առաջին մեղադրող Կ. Գաբրիելյանը՝ հաշվի առնելով, որ նիստը նշանակված էր հոկտեմբերի 25-ին՝ իր արձակուրդից 50 օր անց, հետևաբար ինքն արդեն աշխատանքի մեջ էր: 

 

Թե՛ սեպտեմբերի  6-ի, թե՛ հոկտեմբերի 25-ի նիստերի՝ տեղի չունենալու հիմնական պատճառը, ըստ փաստաբան Արայիկ Զալյանի, այն է, որ մինչ օրս Ա. Ռազգիլդեևը գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում՝ ՀՀ համապատասխան քրակատարողական հիմնարկ տեղափոխվելու փոխարեն, ինչը խոչընդոտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը, ինչին արդեն անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում: 

 

«Փաստ է այն, որ զինծառայողը ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող է, և հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքում՝ Գյումրի քաղաքում, գյումրեցու հանդեպ, ոչ թե՝ ռազմաբազայի տարածքում, ուստի՝ մեր պահանջը լիովին օրինական է, որ քննությունը տարվի ՀՀ դատավարական օրենսդրության, ՀՀ իրավական ակտերի շրջանակներում և բացառվեն կամայականությունները»,-ասում է Արայիկ Զալյանը:

 

Նշենք նաև, որ 2019-ի ապրիլի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը նամակով դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և խնդրել  տեղեկություն տրամադրել Ա․ Ռազգիլդեևին ռուսական 102-րդ ռազմաբազայում այցելելու ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին, որոնք, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի նամակի, սկսվել էին 2018-ի դեկտեմբերի 14-ին: 

 

2019-ի մայիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանը պատասխան նամակով տեղեկացրել էր, որ շարունակում են Ջ. Ղուկասյանի  մահվան դեպքի առիթով սկսված քննարկման ընթացակարգը, որի շրջանակում համապատասխան գրություններով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի նախագահին, նաև աշխատանքներ են տարվում Ռազգիլդեևի ազատազրկման վայր այցելելու, նրա հետ զրուցելու և նրա պահման պայմանները դիտարկելու ուղղությամբ, որն, ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկել էր հենց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

 

Մայիսի 30-ից մինչ օրս՝ 5 ամիս անց, Մարդու իրավունքների պաշտպանն այդպես էլ չի արձագանքել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանների նամակին: 2019-ի հոկտեմբերի 25-ին մեր փաստաբանները կրկին նամակով դիմել են պաշտպանին և տեղեկություն հայցել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղարկված գրությունների, ինչպես նաև Ռազգիլդեևի պահման վայր այցելության նպատակով տարվող աշխատանքների ընթացքի մասին: 

 

 «Այս հակասությունները շատ ավելի անորոշության կամ անկարողության հետևանք կարող  են լինել: Պետությունն՝ ի դեմս պետական մեղադրող կողմի, հավանաբար, չի կարողանում ապահովել ռուսական ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ զինծառայողի ներկայությունը դատարանում: Ինչքա՞ն ժամանակ են պատրաստվում  նման անտրամաբանական հիմնավորումներով հետաձգել դատական նիստերը»,- տարակուսանք է հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  ղեկավար Ա․ Սաքունցը:

 

Ի մի բերելով վերոգրյալը՝  այն, որ գրեթե 1 տարի է՝ Մարդու իրավունքների պաշտպանն այդպես էլ չի կարողանում տեսակցել ռուսական ռազմաբազայում  իր պատիժը կրող Ռազգիլդեևին, զրուցել նրա հետ, դիտարկել պահման պայմանները, պետական մեղադրող կողմի՝ մեղադրյալ Ռազգիլդեևի ներկայությունը  դատարանում ապահովել չկարողանալը, առավել քան հիմնավոր են դառնում մեր կասկածները. միգուցե, Անդրեյ Ռազգիլդեևն ընդհանրապես չներկայացվի՞ ՀՀ դատարան կամ միգուցե բանակցություննե՞ր են ընթանում՝ հերթական անգամ ՀՀ դատական նիստերը ռուսական ռազմական բազայի տարածքում անցկացնելու ուղղությամբ:

Դիտումներ՝ 2060

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????