Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

March 21, 2024

Գործունեություն | Հրապարակումներ

Զինվորական ծառայությունը կանանց համար մատչելի դարձնելու հիմնական վիճելի հարցն այն է, թե որ զինվորական պաշտոնները պետք է մատչելի դառնան կանանց համար: Այս առումով առկա են չորս մոտեցումներ.

 

1) կանայք կարող են ծառայել միայն հատուկ ստորաբաժանումներում (օրինակ՝ կանանց հատուկ ստորաբաժանումներում),

2) որոշ պաշտոններ կանայք չեն կարող զբաղեցնել,

3) կանանց համար բոլոր գործառույթները մատչելի են այն նույն հիմքերով, ինչ տղամարդկանց դեպքում,

4) կանանց ընդհանրապես արգեված է ծառայել զինված ուժերում (այս մոդելը ԵԱՀԿ մասնակից պետություններում վերացվել է 1999 թվականին):

 

2022 թվականի հունիսի 2-ին ՀՀ կառավարությունը N 803-Լ որոշմամբ ընդունել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը (ՀՀ ԳԱԾ) և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշումը։ Ծրագիրն ընդգրկում է երեք տարվա ժամանակահատված և լինելով կենսունակ փաստաթուղթ՝ հնարավորություն ունի իրավիճակին համահունչ զարգանալու նպատակով վերանայվել կամ վերախմբագրվել:

 

ԳԱԾ-ը համահունչ է կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության հարցերով Հայաստանի Հանրապետության այլ ռազմավարությունների հետ։ ԳԱԾ-ում հաշվի են առնվել Հայաստանի կողմից կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում այն պարտավորությունները, որոնք ՀՀ-ն ստանձնել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Միավորված Ազգերի Կազմակերպության կոնվենցիայի, Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի, 2030 թ. կայուն զարգացման նպատակների շրջանակում:

 

ԳԱԾ-ը կազմված է 6 մասերից՝ մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում, օժանդակություն և վերականգնում, համագործակցություն, ինչպես նաև մոնիթորինգ և գնահատում։ ԳԱԾ-ի գործողությունների 1-ին կետով նպատակ է սահմանվել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքականության խթանումը։ Նպատակին հասնելու համար նախատեսվել է իրականացնել զինված ուժերում ծառայող կանանց դերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում՝ որպես արդյունք ակնկալելով պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացներում կանանց ներգրավվածության խթանման համար համապատասխան մեխանիզմների ներդրում և ՀՀ ռազմական ուսումնական հաստատություններում կին դիմորդների թվի ավելացում։

 

ԳԱԾ-ի 6-րդ կետով նպատակ է սահմանվել պաշտպանության համակարգում կանանց դերի կարևորության մասին իրազեկումը։ Նախատեսվել է իրականացնել պաշտպանության համակարգում կանանց դերի վերաբերյալ հասարակության տարբեր շրջանակաների հետ հանդիպումներ, համաժողովներ, այդ թվում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։

 

Նախատեսված է նաև ՄԱԿ ԱԽ թիվ 1325 բանաձևի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացում, հանձնաժողովի անդամ հանդիսացող գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից (նպատակահարմարության պարագայում ներգրավելով միջազգային փորձագետների) աշխատանքային խմբի ձևավորում՝ ներկայացված հաշվետվությունները գնահատելու և կատարված աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական ներկայացնելու նպատակով:

 

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 2-ի N 803-Լ որոշմամբ սահմանված չէ միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորման ժամանակացույցը, հրապարակված չէ հանձնաժողովի կազմը։

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Կազմակերպության տեղեկատվության հարցմանն ի պատասխան հայտնում է որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին նախարարությունը տեղեկատվություն ստանում է, «երբ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի են ունենում միջոցառումներ, քննարկումներ»։ Միաժամանակ, ՀՀ ԱԳՆ-ն որևէ կոնկրետ տեղեկություն 19 միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին չի հայտնել։ 

 

Կազմակերպության նույնաբնույթ տեղեկատվական հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկրորդ ԳԱԾ-ի շրջանակներում «իրականացվել են մի շարք իրազեկման միջոցառումներ, կրթական և վերապատրաստման ծրագրեր, հետազոտություններ։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ միջոցառումներն իրականացվել են տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում»։ 

 

Զինվորական ծառայությանը կանանց ներգրավելու նպատակով կարևոր քայլ կատարվեց 2023 թվականի հունիս ամսին։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվեցին լրացումներ և փոփոխություններ,՝ ավելացվեց 19.1. հոդվածը, որով սահմանվեցին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման հիմքը և կարգը։

 

19.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավվում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին: Մնացած դրույթներով կարգավորում են կանանց՝ պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի չլինելու, տարկետման, զինծառայությունից հրաժարվելու և այլ իրավահարաբերությունները։ 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը Կազմակերպության տեղեկատվական հարցմանը պատասխանել է, որ «կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության ներգրավման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով իրականացվում է այլ պետությունների փորձի և մարտահրավերների Հետազոտություն»։ ՀՀ ՊՆ-ն միաժամանակ հայտնում է, որ «Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) կողմից ՀՀ-ում կազմակերպել է կանանց զորակոչ իրականացնող երկրների լավագույն փորձի ներկայացում։

 

Նշված փոփոխություններով ձևավորվեց «կանանց գումարտակ», որում կանայք կարող են կամավոր հիմունքներով անցնել 6-ամսյա ծառայության։ 6-ամսյա ծառայությունը հաջողությամբ ավարտած անձինք ստանում են մեկ միլիոն դրամ պատվովճար և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում ծառայությունը շարունակելու հնարավորություն։ Այս նորամուծությունը զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու լրացուցիչ խթան է հանդիսանում։

 

Այդուհանդերձ, պարզ չեն կանանց զինվորական ծառայության անցնելու 6-ամսյա տևողության սահմանման հիմնավորումները, որոնց պարզելու նպատակով Կազմակերպությունը տեղեկատվական հարցմամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։

 

Ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կամավոր հիմունքներով կանանց պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը սահմանվում է այն ենթադրությամբ, որ այդ ժամանակահատվածում զինծառայողը «պետք է տիրապետի ժամանակակից համազորային մարտի առանձնահատկություններին, իր պաշտոնամասնագիտական պարտականություններին, ինքնուրույն մարտի նախապատրաստվելու և մարտ վարելու կարգին, տեղանքի, եղանակի և օրվա տարբեր պայմաններում, հակառակորդի օդային հարձակման միջոցներից պաշտպանվելուն և քողարկմանը, հաստիքային զենքի նյութական մասին, հրաձգության կանոններին, կրակ վարելու ձևերին ու եղանակներին, համազորային կանոնադրությունների հիմնական դրույթներին, մարտական հերթապահության խնդիրներին, և դրա իրականացման պարտականություններին, մարտական պատրաստության պարապմունքների և առօրյա կյանքում 21 անվտանգության կանոններին, որից հետո կին զինծառայողների մոտ կձևավորվի հստակ պատկերացում ՀՀ ԶՈւ-ում հետագա ծառայությունը շարունակելու կամ ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակվելու վերաբերյալ։

 

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ դեռևս ձևավորված չէ կին զինծառայողների համար 6-ամսյա զինվորական պատրաստության ծրագիրը և առաջնորդվելու են «Մոտոգհրաձգային, հրաձգային (լեռնային) և տանկային զորամասերի (ստորաբաժանումների)» մարտական պատրաստության ծրագրով, որը նախատեսված է մեկ ուսումնական տարվա համար։

 

Այսպիսով, կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ ներգրավվելած կին զինծառայողները 6 ամսվա ընթացքում կուսուցանվեն մեկ տարվա զինվորական պատրաստության ծրագրով, որը բնականաբար կրկնակի ծանրաբեռնվածության հետևանքով բացասաբար կազդի նաև նրանց զինվորական պատրաստության որակի վրա։

 

Պաշտպանության նախարարությունը միաժամանակ հատնում է կին զինծառայողների զինվորական պատրաստության երկու փուլի մասին.

 

1-ին փուլում 25 օրվա ընթացքում անցկացվում են նորակոչիկների նախնական զինվորական պատրաստության պարապմունքներ, որից հետո կին զինծառայողներն ընդունում են զինվորական երդում,

 

2-րդ փուլում, զինծառայողների մտավոր, ֆիզիկական պատրաստության որակների և առողջական սահմանափակումների գնահատման հիման վրա, նախատեսվում է մասնագետների ընտրություն, զինծառայողները նշանակվում են համապատասխան հաստիքների, որից հետո, համաձայն պատրաստության ծրագրի, իրականացվում են պարապմունքներ։

 

ՀՀ պաշտպանության նախարությունը Կազմակերպությանը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ մշակվել և քննարկման փուլում է գտնվում «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրք» և «ՀՀ ԶՈւ կայազորային և պահակային ծառայության կանոնագիրք» ՀՀ օրենքներում լրացումների և փոփոխությունների փաթեթը, որպեսզի դրանք համապատասխանեցվեն կանանց համար կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայությանը ։

 

Շարային պատրաստության վերաբերյալ առաջարկություններին կարող եք ծանոթանալ ՀՔԱՎ-ի կազմած զեկույցում՝  Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ Զինված ուժերում ։


Դիտումներ՝ 181

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????