Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը՝ խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետ կիրառելու մասին

May 17, 2022

Գրադարան

ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022 թ․ ապրիլի 26-ին խորհրդատվական կարծիք է ներկայացրել խոշտանգման հետապնդման, դատապարտման և պատժի առումով վաղեմության ժամկետի կիրառության վերաբերյալ։

Կարծիքն ամբողջությամբ անգլերենով հասանելի է՝ hudoc.echr.coe.int

 

Ստորև ներկայացնում ենք հայերեն ամփոփումը (Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի)

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Դատարան) քարտուղարություն 2021թ․ փետրվարի 1-ին ուղարկված նամակով Հայաստանի Վճռաբեկ դատարանը հայցել է Դատարանին  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ Արձանագրության Հոդված 1-ի համաձայն տրամադրել խորհրդատվական կարծիք հետևյալ հարցի վերաբերյալ․

 

«Արդյո՞ք միջազգային իրավունքի աղբյուրներին հղում անելով խոշտանգման կամ դրան հավասար այլ հանցագորության համար քրեական պատասխանատվության դեպքում վաղեմության ժամկետը չկիրառելը կհամապատասխանի Եվրոպական կոնվենցիայի հոդված 7-ին, եթե ներպետական օրենսդրությունում չկա քրեական պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառելու պահանջ»։

 

Սույն գործը, որի շրջանակում հայցվել է խորհրդատվական կարծիքը, ծավալվել է 2004թ․ ապրիլին տեղի ունեցած գործողությունների հիման վրա, որի կապակցությամբ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012թ․ հոկտեմբերի 2-ին Դատարանը արձանագրեց Կոնվենցիայի Հոդված 3-ի ընթացակարգային և նյութաիրավական խախտումներ։ Ապա, Նախարարների կոմիտեի կողմից՝ Դատարանի դատավճիռների կատարման վերահսկման համատեքստում 2014թ․ օգոստոսի 21-ին գործը վերաբացվեց։ Հարուցվեց քրեական վարույթ և Քրեական օրենսգրքի 309 § 2-ով մեղադրանք առաջադրվեց  դիմումատուի վատ վերաբերմունքի մեջ ներգրավված երկու ոստիկանների դեմ։ Թեև առաջին ատյանի դատարանը գտավ, որ ամբաստանյալները հանցանք էին գործել այս դրույթի համաձայն, վերջիններս ազատվեցին քրեական պատասխանատվությունից՝ Քրեական օրենսգրքի Հոդված 75 § 1(3)-ի 10 տարվա վաղեմության ժամկետի ուժով, այս որոշումը Վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ։ 10 տարվա ժամկետը լրացել է 2014թ․ ապրիլին։Սույն խորհրդատվական կարծիքի հայցի համար հիմք հանդիսացած հարցն այն է, թե արդյոք  այս վարույթը տեղավորվում է վերոնշյալ 10 տարվա ժամկետի շրջանակում, թե այն Քրեական օրենսգրքի Հոդված 75 § 6-ի բացառությունների շարքում է, համաձայն որի վաղեմության ժամկետ կիրառելի չէ  որոշակի հանցագործությունների տեսակների դեպքում (խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, կամ այնպիսի հանցագործություն, որը նախատեսված է Հայաստանի միջազգային պայմանագրերով, որոնք արգելում են վաղեմության ժամկետների կիրառում)։

 

Վճռաբեկ դատարանն այսպիսով հայցել է Դատարանից պարզաբանել արդյոք դիմումատուի՝ Կոնվենցիայի Հոդված 7-ով ամրագրված իրավունքներին համահունչ կլինի, եթե ներպետական դատարանները չկիրառեն վաղեմության ժամկետը՝ համաձայն վերոնշյալ միջազգային կանոնների, այդ թվում՝ Կոնվենցիայի հոդված 3-ի, որը վերաբերում է խոշտանգման և վատ վերաբերմունքի այ ձևերի արգելքին և նման գործողությունները պատժելու պահանջին։ Հարցի այսպիսի ձևակերպումը անուղղակիորեն ճանաչում է Հայաստանի ներպետական համակարգում օրենքների հիերարխիան՝ ինչպես արծարծված է Հայաստանի Սահմանադրության Հոդված 5 § 3-ում և Քրեական օրենսգրքի Հոդված 75 § 6-ում։

 

Դատարանը նշում է, որ Վիրաբյանի գործով այն արձանագրել է Հոդված 3-ի խախտում այն հիմքով, որ դիմումատուն ենթարկվել է խոշտանգման  և իշխանությունները արդյունավետ քննություն չեն իրականացրել վատ վերաբերմունքի մասով։ Այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով անընդունելի կլինի, եթե ազգային իշխանությունները փոխհատուցեն Կոնվենցիայի Հոդված 3-ով պոզիտիվ պարտավորությունները չկատարելը՝ Կոնվենցիայի հոդված 7-ի երաշխիքների հաշվին։

 

Մասնավորապես և սույն Խորհրդատվական կարծիքի նպատակով հարկ է նշել, որ Դատարանի նախադեպային իրավունքից չի բխում, որ պայմանավորող կողմից Կոնվենցիայի համաձայն պահանջվում է չկիրառել վաղեմության ժամկետ և այդպիսով արդյունավետորեն վերագործարկել անցած վաղեմության ժամկետը։ Դատարանը ընդունել է վարույթի վերսկսման համատեքստում, որ կարող են լինել իրավիճակներ, երբ դե յուրե և դե ֆակտո  անհնար լինի վերաբացել քրեական հետապնդումները այն միջադեպերի համար, որոնք հանդիսանում են հիմք Դատարանի կողմից քննվող գանգատների համար։ Նման իրավիճակներ կարող են առաջանալ, օրինակ, երբ ենթադրյալ հանցագործները արդարացվել են և չեն կարող դատվել միևնույն հանցագործության համար, կամ այն դեպքերում, երբ քրեական վարույթի՝ ազգային օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրացել է։ Իրապես, վաղեմության ժամկետի լրանալու պատճառով փակված գործերի վերաբացումը կարող է հարցեր առաջացնել  իրավական որոշակիության տեսանկյունից և հետևաբար կարող է ազդել ամբաստանյալի՝ Կոնվենցիայի Հոդված 7-ով սահմամնված իրավունքների վրա։ 

 

Սույն համատեքստում Դատարանին ներկայացված է ոչ թե քննվող գործի շրջանակում վաղեմության ժամկետի օրենսդրական երկարաձգման հարց, այլ մի իրավիճակ, որտեղ հարցն ուղղող դատարանը պետք է որոշի՝ արդյոք անհրաժեշտ է կիրառել 10 տարվա վաղեմության ժամկետ՝ համաձայն համապատասխան հոդվածների, թե կիրառել Քրեական օրենսգրքի Հոդված  75 § 6-ի այն դրույթը, որը բացառություն է սահմանում, ըստ որի վաղեմության ժամկետ չի կիրառվում այնտեղ նկարագրված հանգամանքների դեպքում։ Կարևոր է, որ ներպետական դատարանը ներպետական սահմանադրական և քրեական օրենքների շրջանակում որոշի՝ արդյոք ազգային իրավական համակարգում ուժ ունեցող միջազգային օրենքները կարող են բավականաչափ պարզ  և կանխատեսելի իրավական հիմք հանդիսանալ Կոնվենցիայի Հոդված 7-ի համատեքստում՝ եզրակացնելու, որ քննվող հանցանքը ենթակա չէ վաղեմության ժամկետի կիրառման։

 

  1. Վերոնշյալ պատճառներով, դատարանը միաձայն ներկայացնում է կարծիքը ստորեվ․

 

Եթե հանցագործությունը ենթակա է վաղեմության ժամկետի՝ համաձայն ներպետական օրենսդրության, և եթե կիրառելի վաղեմության ժամկետը լրացել է, Կոնվենցիայի Հոդված 7-ը կանխում է նման հանցանքի շրջանակում քննության վերաբացումը։ Կարևոր է, որ ներպետական դատարանը ներպետական սահմանադրական և քրեական օրենքների շրջանակում որոշի՝ արդյոք ազգային իրավական համակարգում ուժ ունեցող միջազգային օրենքները կարող են բավականաչափ պարզ  և կանխատեսելի իրավական հիմք հանդիսանալ Կոնվենցիայի Հոդված 7-ի համատեքստում՝ եզրակացնելու, որ քննվող հանցանքը ենթակա չէ վաղեմության ժամկետի կիրառման։

 

Եզրակացություն

 

Վերոնշյալի լույսի ներքո՝ ստորև ներկայացվում է եզրակացությունը․

 

  1. Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի Հոդված 4-ը պահանջում է պետություններից ապահովել, որ խոշտանգման բոլոր գործողություններն իրենց քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ։ Հայաստանը վավերացրել է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիան 1993թ․ սեպտեմբերին, սակայն Կենվենցիայի արված մեկնաբանությունները ցույց են տալիս, որ  Հայաստանը մինչև 2004թ․ չի կատարել Հոդված 4-ից բխող իր պարտավորությունները։

 

Քրեական օրենսգրքի Հոդված 75 § 6-ը սահմանում է, «Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված»։ 

 

Խոշտանգումների դեմ կոնվենցիայի Հոդված 4-ը պահանջում է խոշտանգման քրեականացումն այնպես, ինչպես արծարծված է Քրեական օրենսգրքի Հոդված 75 § 6-ում։ Այն, որ Հայաստանը այս պարտավորությունը չի կատարել, չի կարող Հոդված 75 § 6-ը չկիրառելու հիմք հանդիսանալ։ 

 

2012թ․-ի Հայաստանի եզրափակիչ դիտարկումներում հստակ վերահաստատել է, որ խոշտանգման հանցանքը չպետք է ունենա ժամանակային սահմանափակում:

 

  1. ՀՀ Սահմանադրության Հոդված 5 § 3-ը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Քրեական օրենսգրքի Հոդված 75 § 6-ը սահմանում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված: 

 

Խոշտանգման jus cogens արգելքը վեր է դասվում վաղեմության ժամկետի վերաբերյալ ներպետական դրույթներից։ Որպես արգելքի jus cogens բնույթի բացասական ազդցության հետևանք, վաղեմության ժամկետ սահմանող ցանկացած օրենք ab initio հակասում է միջազգային նորմերին և չի կարող կիրառվել։

 

Հետևաբար, Կոնվենցիայի Հոդված 7-ի կիրառելիության հարց չկա, քանի որ չի եղել վաղեմության ժամկետ սահմանող գործող օրենք։ Նույնիսկ եթե հետապնդման վաղեմության ժամկետն անցել է ներպետական օրենսդրությամբ, դա կարևոր չէ, քանի որ նման օրենքը չի կարող ունենալ իրավական ազդեցություն։

 

Դիտումներ՝ 63

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????