Activities | Publications | Press Releases
2022 թ․ ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։
Ապրիլի 12-ին կայացած նիստի ընթացքում Սաշիկ Սուլթանյանի պաշտպանները կրկին միջնորդեցին ժամանակավոր դադարեցնել Սաշիկ Սուլթանյանի վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումները և թույլատրել բացակայել Հայաստանից 2022 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 4-ը և 2022 թ.-ի մայիսի 15-ից 23-ը՝ մասնակցելու Վիեննայում կայանալիք ՄԱԿ-ի Ազգային փոքրամասնությունների հռչակագրի 30-ամյակին նվիրված ֆորումին և Բրյուսելում Եվրոպական միության այցելուների ծրագրին։
Չնայած մեղադրող դատախազ Ա․ Կարապետյանը մասնակիորեն առարկեց միջնորդության դեմ, առաջարկելով 2022 թ.-ի մայիսի 15-23-ը ժամանակահատվածի համար միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին, դատարանը միջնորդությունը բավարարեց երկու ժամանակահատվածների համար։
Դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։