Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Փաշինյանը 11 հոգու պարգևատրել է զենքով, բյուջեից ծախսել 1 մլն 215 հազար դրամ։ Պապիկյանը պնդում է, որ դա ռազմական գաղտնիք է ու փակ է պահում տեղեկությունը

June 22, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» աղմկահարույց օրենքն ընդունվել է նախորդ տարի, ուժի մեջ մտավ հունիսի 1-ից: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զենքով պարգևատրել կարող է միայն ՀՀ վարչապետը՝ ուժայինների միջնորդությամբ: Բանն այն է, որ մեր երկրում սպանություններ, ինքնասպանություններ հաճախ անում են վարչապետի, նախագահի, ՊՆ նախարարի պարգևատրած զենքերով: Հին օրենքով զենքով պարգևատրել կարող էին բոլոր ուժային կառույցների ղեկավարները: Հաճախ դա անում էին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով՝ որպես լավություն:

 

Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը, որը հայտնի է հանցավոր աշխարհում, հայրենիքին մատուցած չգիտես ինչ ծառայությունների համար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել էր զենքով: Ըստ մամուլի, զենքը նվիրվել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ ՔՊ-ին աջակցելու համար: 2021-ի նոյեմբերին պարգևատրած այդ զենքը ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը դարձել էր 4 հոգու սպանության պատճառ:

 

18.07.2021թ. ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը Ամիրյան փողոցում կրակել էր ԱՄՆ քաղաքացու վրա հենց նրա նվիրած զենքով եւ 55 մլն գրավով ազատվել կալանքից: 


10.07.2018թ. Մոսկովյան 48 հասցեում պարգեւատրած զենքով հանցագործություն, այս դեպքում ինքնասպանություն էր գործել նաեւ «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանը՝ քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի աները:

 

Աղմկահարույց էին նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի եւ Կարո Կարապետյանի սպանությունները: Ղարագյոզյանը սպանել էր Կարապետյանին՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած «Պիետրո–Բերետտա» ատրճանակով, այնուհետեւ ինքնասպան եղել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պարգեւատրած զենքով:

 

Այս դեպքերն արդեն իսկ վկայում են, որ պարգեւատրած զենքը խնդիր է հասարակության համար: Դրանում համոզված է նաեւ օրենքի հեղինակ, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը մեր զրույցում ասաց. «Ինձ համար սկզբունքային է եղել նոր օրենքի առումով, որպեսզի ինքս ինձ համար հասկանամ, թե ինչի՞ համար է այս մարդը պարգեւատրվել ու ինչի համար պիտի ունենա պարգեւատրված զենք»:

 

Զենքով պարգեւատրվածներին օրինական դաշտ բերելու համար օրենքում նոր լուծում կա: «Այն պարգեւատրված զենքերը, որոնք կան ՀՀ-ում մինչ այս պահը, այդ քաղաքացիները պետք է հանձնեն քննություն, այլապես այդ զենքերը կհամարվեն անօրինական»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ ընդհանրապես պետք է հրաժարվել զենքով պարգեւատրելու պրակտիկայից եւ ում պարգեւատրել են, պետք է տեղեկատվությունը հասարակությանը տրամադրեն. «Ես պետք է իմանամ՝ ունի՞ զենք, թե՞ չունի, որ ըստ դրա…Կարող է մարդու մտքով անցավ եւ ենթադրենք զենքը կիրառեց ոչ օրինական, հիմա էդ պահին մինչեւ այդ օրինականության եւ անօրինականության հարցը քննության առարկա դառնա, կարող է՝ ես արդեն ողջ չլինեմ»:

 

Սաքունցը նախկին իշխանություններին դատի էր տվել, որ պարզի՝ զենքով պարգեւատրվողներն ովքեր են: Դատարանը վճռեց, որ գաղտնի է: Հարցրեցինք՝ այս իշխանություններից պարզե՞լ է, ասում են՝ ժողովրդավար ենք, կարող է՝ չեն թաքցնում: Սաքունցը պատասխանեց. «Էնպես չի, որ հիմա ենթադրենք ժողովրդավար են, շատ բաներ փոխվել է: Մենք հարցումներ արել ենք բնականաբար, պատասխանները սպասում ենք»:

 

Ընդհանուր առմամբ նախկին իշխանությունները, ըստ բաց աղբյուրների, զենքով պարգեւատրել են 2986 անձի: Թե հեղափոխությունից հետո քանի զենք է նվիրվել ու ինչ արժողության՝ «Առավոտը» փորձեց պարզել գրավոր հարցմամբ:

 

Կառավարությունից մեր տեղեկատվության հարցմանը պատասխանեցին. «Ձեր կողմից նշված ժամանակահատվածում վարչապետի կողմից զենքով պարգեւատրվել է 11 անձ, տրամադրվել է 1 մլն 215 հազար դրամ»:

 

Ուշագրավ է, որ այդ նույն հարցմանը, թե՝ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարության, աշխատակազմի, նախարարի կողմից քանի՞ անձ է պարգեւատրվել զենքով եւ որքա՞ն գումար է տրամադրվել այդ զենքերի համար՝ ՊՆ-ից պատասխանել են. «Այդ տեղեկատվությունը պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին», «ՀՀ կառավարության 13.03.1998 N 173 որոշմամբ հաստատված ցանկի «ռազմական բնագավառի տեղեկությունները» մասի 8-րդ կետի համաձայն, հանդիսանում է պետական եւ ծառայողական գաղտնիք, ուստի «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դարնց տրամադրումը մերժվում է»:

views: 23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color