Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Ոստիկանությունը չունի պատրաստվածություն, թե ինչպես իրեն պահել արտակարգ դրության պայմաններում, գործողությունները դատապարտելի են». Արթուր Սաքունց

August 7, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

– Մենք այս օրերին ականատես ենք լինում ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողությունների, բռնությունների և՛ Ամուլսարում, և՛ Մաշտոցի պուրակի հետ կապված, նախօրեին էլ կառավարության շենքի մոտ քաղաքացիներին բերման ենթարկեցին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ինչպիսի՞ն պետք է լիներ հեղափոխության իշխանության պայմաններում ոստիկանության պահվածքը, և ինչպիսի՞ն է այն այսօր:

 

– Իրավիճակը, որը ստեղծվում և որը հանգեցնում է նրան, որ անպայման ոստիկանության ուժերը ներգրավվեն, նախևառաջ այդ իրավիճակը չպետք է ստեղծվի: Այսինքն՝ խնդիրները, որոնց չլուծման հետևանքով ստեղծվում է այդ իրավիճակը, այդ խնդիրների լուծման թիվ մեկ պատասխանատվությունը կրում է քաղաքական իշխանությունը: 

 

Իսկ խնդիրների լուծման միակ ճանապարհն ու ձևը քննարկումներն են, փաստարկների ներկայացումը, թափանցիկ, հաշվետու կառավարումը և, ամենակարևորը՝ հանրության, փորձագետների կողմից ներկայացվող փաստարկները լսելու ունակությունը: 

 

Հիմա, եթե դա չի իրականացվում, այսինքն՝ եթե խնդիրը չի գտնվում քաղաքակիրթ քննարկման դաշտում, դրա չլուծվածությունը հանգեցնում է բողոքի ցույցերի: Տվյալ դեպքում՝ արդեն կառավարությունը ակամա հայտնվում է որպես խնդրի կողմ, ոչ թե խնդրի լուծման կրողը, որոշում կայացնողը, ինչը մենք ակնհայտորեն տեսանք: 

 

«Լիդիանը» իր ուժերով փորձեց ճնշում գործադրել քաղաքացիների նկատմամբ, քաղաքացիներն ընդվզեցին, և այդտեղ հնարավոր առճակատումը կասեցնելու միակ միջոցը ոստիկանության միջամտությունն էր: Եթե խնդրին տալիս ես լուծում, ոչ ընդվզման, ոչ էլ այլ բնույթի գործողությունների տեղ չես թողնում: Հետևաբար, այսօր ստեղծված իրավիճակի շարունակական ստեղծման պատասխանատուն քաղաքական իշխանությունն է: 

 

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա մենք տասնյակ անգամներ կրկնել ենք, որ ընդհանրապես դատաիրավական համակարգը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի: 

 

Ոստիկանությունը, որ տարիներ շարունակ ձևավորվել է որպես քաղաքական ակտիվիստներին, քաղաքական ընդդիմադիրներին հետապնդող, նրանց նկատմամբ ճնշումներ գործադրող գործիք, հիմա էլ այդպիսին է մնացել: 

 

Քաղաքական ղեկավարությունը փոխվել է, բայց նրա գործիքները բովանդակությամբ և բնույթով մնացել են նույնը: Այդ փոփոխությունների առաջին քայլը, որ պետք է կատարվեր դատաիրավական մարմիններում՝ ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, քննչական մարմիններ, դատարաններ, նաև պետական կառավարման առանձին մարմիններ, պետք է լիներ համապարփակ, արմատական և խորքային վեթինգը: 

 

Այսինքն՝ ազատվել այն մարդկանցից, որոնք մասնակից են եղել մինչ հեղափոխությունը քաղաքացիների դեմ ապօրինի գործողություններին: 

 

Նրանց տեսքը, անուն, ազգանունը, բոլորին հայտնի են: Հենց քաղաքական իշխանության շատ ներկայացուցիչներ, «Իմ քայլի» պատգամավորներ իրենք են առնչվել թե այդ ոստիկաններին, թե քննիչներին, թե դատախազներին, թե դատավորներին, թե պետական կառավարման տարբեր մարմինների ներկայացուցիչներին: 

 

Իմ համոզմամբ մինչև հիմա էլ չի գիտակցվում արմատական, համապարփակ, խորքային վեթինգի իրականացման անհրաժեշտությունը: Կարելի է կարծել, որ մտածում են՝ քանի որ քաղաքական հետապնդման հրահանգ չկա, նրանք կարող են գործել բարեխիղճ: 

 

Բայց այդ մարդիկ չեն տիրապետում բարեխիղճ ու բարեվարք գործելու հմտություններին: Իրենք վարվում են այնպես, ինչպես գիտեն, ինչպես պատրաստվել են: 

 

Մենք դրան ականատես եղանք Ամուլսարում թե կառավարության շենքի մոտ: Բայց ակնհայտ է, որ նաև տարբերակված մոտեցում կար ոստիկանության կողմից «Լիդիանի» պահնորդական ծառայության ներկայացուցիչների նկատմամբ, որոնց նկատմամբ ավելի մեղմ էին, եթե չասեմ՝ որևէ հակազդող գործողություն չիրականացվեց, քան քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Որովհետև իրենք այդպես են սովորել: 

 

– Կարծում եք՝ կա՞ դրանում քաղաքական իշխանության մասնակցություն։

 

– Պետք է քննարկվի, թե  կա՞ դրանում քաղաքական իշխանության մասնակցությունը: Մյուս կողմից՝ արտակարգ դրության պայմաններում հավաքները չեն կարող արգելվել, բայց պետք է հավաքների իրավունքն իրականացվի՝ որոշակի պայմաններ ապահովելով: 

 

Տվյալ դեպքում արտակարգ դրության իրավական ռեժիմը պայմանավորված է համավարակի կանխարգելմամբ, և, համավարակի տարածման բնույթից ելնելով, կարող են մտցվել որոշակի սահմանափակումներ, բայց ոչ բացարձակ արգելվեն դրանք: 

 

Ես պնդում եմ, որ ոստիկանության գործողությունները նույն Նինա Կարապետյանցի, Արա Ղարագյոզյանի և մյուսների դեպքում ապօրինի էին, որովհետև այդտեղ կուտակում չկար: 

 

Որևէ հիմնավորում չկար նրանց բերման ենթարկելու կամ նրանց բողոքի ակցիան սահմանափակելու: Մինչ այդ նկատված մեկ հոգու կողմից կատարված ակցիաներն արգելելը ևս որևէ հիմք չունեին: Այս առումով ոստիկանության գործողությունները ո՛չ իրավաչափ են, ո՛չ էլ համաչափ և դատապարտելի են: 

 

Ոստիկանությունը չունի պատրաստվածություն, թե ինչպես իրեն պահել արտակարգ դրության պայմաններում ցույցերի ու հավաքների ժամանակ: Ոստիկանությունը ոչ թե սահմանափակող է, այլ այդ հավաքների իրականացումն ապահովող է և որոշ դեպքերում կարող է միջամտել: 

 

Եթե կա համավարակի վտանգ, ոստիկանն իրավունք ունի հայտարարել, պահանջել, որպեսզի պահպանվեն սահմանված պահանջները՝ դիմակներ, հեռավորություն և այլն, ոչ թե արգելի հավաքն ընդհանրապես: 

 

Արգելելը կարող է լինել միայն մի դեպքում, երբ կարող է հասարակական կարգի կամ այլ անձանց իրավունքների, առողջության դեմ ուղղված ակնհայտ գործողություններ լինեն: Ի դեպ, նույնիսկ այդ դեպքում ոչ թե հավաքն է կասեցվում, այլ իմ նշած անձանց են հեռացնում հավաքի վայրից՝ ապահովելով հավաքի բնականոն ընթացքը: 

 

Սրանք այն մոտեցումներն ու սկզբունքներն են, որոնց ոստիկանները պետք է տիրապետեն: Երբ մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը միանգամից անցնում է արգելելու, կասեցնելու գործողությունների, դա բացարձակապես հիմնավոր չէ:

 

– Ձեր կարծիքով՝ իշխանությունն ինչո՞ւ է լռում Ամուլսարի շուրջ զարգացումների վերաբերյալ:

 

– Այդ հարցը երևի թե պետք է տալ իշխանությանը, բայց, իմ կարծիքով՝ իշխանությունը թափանցիկ և պարզ չի ներկայացնում իր դիրքորոշումը: Ակնհայտ է, որ կա կորպորացիայի տնտեսական շահը, և այդ տնտեսական շահը կրողի հետ կան ինչ-որ միջազգային պարտավորություններ, որ ստորագրվել են նախորդ իշխանությունների կողմից: 

 

Եվ կա մյուս կողմից՝ առողջ ու բնական միջավայրում ապրելու քաղաքացու շահը: «Լիդիանի» դեպքում իշխանության վարքագիծն ավելի շատ նման է նախորդ իշխանության իրավահաջորդի վարքագծի: Այստեղ մենք չգիտենք, թե ի՛նչ պայմանագիր է կնքվել, և ի՛նչ պարտավորություններ կան: 

 

Գուցե կոնկրետ մարդիկ տիրապետում են դրան, բայց հանրությունը ծանոթ չէ «Լիդիանի» կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ միջազգային պարտավորությունների ողջ բովանդակությանը: 

 

Եթե խոսքը ֆինանսական ինչ-որ պարտավորությունների մասին է, ապա դրա մասին պետք է հստակ ասվի: Եթե խոսքը շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին է, դրա հետ կապված հարցերը պետք է լուծվեն: 

 

Բայց միանշանակ է, որ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, և այդ հարցերի պատասխանն ստանալու պարտավորությունն ունի իշխանությունը, առանց որի իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին այսօր կա, և դա հանգեցնելու է նման լարված իրավիճակների: 

 

Այս դեպքում լարվածությունը հանդարտեցնելու միակ վերջին միջոցը մնալու է ոստիկանությունը, որը չպետք է համարվի միջոց՝ տնտեսական, բնապահպանական խնդիրների շուրջ ծագող հարցերի լուծման համար: 

 

Իրավապահ մարմինները չպետք է որևէ մասնակցություն ունենան տնտեսական ու բնապահպանական խնդիրների լուծման մեջ, եթե, իհարկե, այդտեղ չեն կատարվում հանցագործություններ: 

 

Բայց բողոքի ցույցերի կամ քաղաքացիների կողմից ազատ հավաքների առումով իշխանությունը և ոստիկանությունը միայն մեկ պարտավորություն ունեն՝ ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը: 

 

Տվյալ դեպքում «Լիդիանի» պահնորդական ծառայությունն ակնհայտ սադրիչ գործողությունների է դիմել և չի ստացել համարժեք պատասխան: Քանի օր հետո նոր որոշում են, որ «Լիդիանի» պահնորդական ծառայության կողմից տեղադրված վագոն-տնակները պետք է հանվեն այդ տարածքից: 

 

Հիմա այդ գործողությունը կատարածները ենթարկվելո՞ւ են պատասխանատվության: Կարծում եմ, որ պետք է ենթարկվեն, որովհետև հենց այդ գործողությունը հանգեցրեց այս լարված իրավիճակին: 

 

– Պարո՛ն Սաքունց, եթե շահագործեն Ամուլսարի հանքը, ի՞նչ է սպասում իշխանություններին:

 

– Ձեր հարցից բխում է, որ իշխանությունն արդեն նման որոշում է կայացրել: Եթե իշխանությունը որոշում կայացնի, որ հանքը պետք է շահագործվի, ապա իշխանությունը դա կարող է իրականացնել միայն ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառմամբ: 

 

Դա կունենա, ենթադրենք՝ 400 մլն դոլարի եկամուտ, միաժամանակ կունենա քաղաքացիների վստահության կորուստ: Ընդ որում, քաղաքացիների կողմից ներկայացվող պահանջներն անհիմն չեն, որովհետև Ամուլսարում կան ռադիոակտիվ տարրեր: 

 

Դա հայտնի փաստ է, և դեռևս 1952-1954 թվականներին հանքի պարունակության հետազոտության տվյալներն են: Այսինքն՝ այստեղ խոսքը միայն ոսկու հանքի շահագործման մասին չէ, այլ կան նաև ռադիոակտիվ տարրեր, որոնց ընդհանրապես որևէ անդրադարձ չկա, դրա մասին չեն խոսում: 

 

Երկրորդ՝ շատ կարևոր է, թե կառավարությունն ինչպիսին է պատկերացնում Հայաստանի տնտեսության կոնցեպտը, հայեցակարգը: Այսօր Հայաստանի տնտեսության զարգացումը գնում է ոչ թե ռեսուրսների շահագործման հաշվին, այլ նոր տեխնոլոգիաների արտադրության հաշվին: 

 

Պետք է մտածել հենց այդ ուղղությամբ: Ավելին, եթե դու պահպանում ես քո բնական միջավայրը, դա ևս պետք է դիտարկես որպես ռեսուրս՝ հանձին տուրիզմի, որը շատ ավելի մեծ տնտեսական օգուտ է տալիս, քան, ենթադրենք՝ հանքի շահագործումը, որից հետո փոխվում է բնական միջավայրը և դառնում անպիտան հետագա օգտագործման համար: 

 

Բնությունը տրված է ի սկզբանե, և դու կարող ես նրա առավելություններից օգտվել, ոչ թե այն ոչնչացնելով զրկես քեզ այդ ռեսուրսը երկարաժամկետ օգտագործելու հնարավորությունից: Սա ռազմավարական, տնտեսության հայեցակարգի զարգացման խնդիր է: 

 

Այդ հարցը հստակ չի ձևակերպված՝ մենք մեր տնտեսության գիտահենք, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությո՞ւն ենք զարգացնում, թե՞ բնական ռեսուրսների շահագործման հաշվին ենք զարգացնում երկիրը: 

 

Փաստ է, որ բնական ռեսուրսների շահագործման հաշվին զարգացող տնտեսություններն ունեն կարճ ժամկետ, եթե այդ երկրները կառուցվածքային, արմատական փոփոխություններ չեն կատարում, որպեսզի այլ հիմքերով, այլ տեխնոլոգիաներով տնտեսությունը զարգացնեն: 

 

Հայաստանն իր տարածքով շատ փոքր է, այնքան մեծ չէ, որ ինչ-որ մի վայրում, բնակավայրերից շատ հեռու նման գործունեություն ծավալեն: Ամուլսարը Հայաստանի կենտրոնում է գտնվում, որտեղ շատ աշխույժ կյանք կա: Եվ հանքի շահագործումը տնտեսական տեսանկյունից ունենալու է շատ կարճաժամկետ օգուտ, բայց երկարաժամկետ առումով՝ շատ մեծ վնասներ: 

 

Դիլեման այնքան պարզ է, այնքան ակնհայտ է, և ես չեմ կարծում, որ իշխանությունը սա չի գիտակցում: Բայց հերթական հարցն է առաջ գալիս, որ ուրեմն ինչ-որ պարտավորություններով իշխանությունը սահմանափակված է: 

 

Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ցանկացած միջազգային պարտավորություն չպետք է հակասի մարդու իրավունքներին, որոնց մեջ մտնում են կյանքի իրավունքը, առողջ ապրելու իրավունքը, առողջության իրավունքը, աշխատանքի իրավունքը և այլն: Սա բանալին է:

 

medialab.am

views: 245

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color