Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները

August 23, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

«Գիտե՞ք՝ ինչ է նշանակում 14 տարի ապրել 500 մարդու հետ և լինել բոլորովին մենակ, անասելի մենակ, չխոսել օրերով, չզգալ՝ երբ սկսվեց և երբ ավարտվեց օրը։ Չգիտեք։ Ոչ ոք չգիտի։ Միայնության այդ տեսակը չես բացատրի ու չես պատմի ոչ մի կերպ։ Դու ոչինչ չունես, բառացիորեն ոչինչ, անգամ՝ սեփական կյանքդ այլևս քոնը չէ։ Լողանում ես ռեժիմով, ուտում ռեժիմով, արթնանում ու քնում ռեժիմով։ Դու այլևս ոչինչ չես որոշում։ 14 տարի հետո դու անգամ չես հիշում՝ ինչպե՞ս ես ապրել մինչ այդ։ Թվում է՝ ինչ–որ մեկը ռետինով ջնջում է հիշողություններդ, մտքերդ, հույզերդ։ Դու դադարում ես դու լինել։ Դու դադարում ես լինել»,– ասում է Գայանե Ասատրյանը՝ հիշելով Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատում անցկացրած տարիները։

 

Երբ 2016-ին բացվեց Սպիտակի խնամքի տունը՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատից շիզոֆրենիա ախտորոշմամբ միանգամից 9 մարդ տեղափոխվեց այստեղ։ Խնամքի տան տնօրեն Բավական Պետրոսյանն ասում է՝ այստեղ նրանք նորից սովորեցին ազատությանը, սեփական որոշումները կայացնելու «անհարմարությանը», անձնական իրեր ունենալուն ու դրանք խնամելուն, անգամ ներքնազգեստ կրելուն։

 

«Երբ եկա Սպիտակ, ընկերներս գտան ինձ, հիմա հաճախ են այցելում, երբեմն անգամ գումար են ուղարկում արտերկրից․ գիտեն՝ այստեղ իմ գումարն ինձ կհասնի։ Անցյալ ամիս ընկերուհիս 150 դոլար էր ուղարկել։ Բավականը պնդում էր, որ տանս համար դուռ գնենք, բայց ես սպորտային համազգեստ էի ուզում։ Միանգամից 3 գույնի գնեցի»,– ասում է Ասատրյանը։

 

Անձնական իրերը շռայլություն են բոլոր այն անձանց համար, ովքեր հայտնվում են հոգեբուժական հաստատություններում։ Այստեղ յուրաքանչյուր մարդ ունի միայն 2.5 մետր տարածք՝ ուղղակի ապրելու համար։

 

Ընդհանրապես, գերբնակեցված միջավայրը լրջագույն խնդիր է հոգեբուժական հաստատություններում ապրող անձանց համար: Գերբնակեցման պատճառով հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար առաջանում է մասնավոր կյանքի իրավունքի ու մասնավորապես՝ նվազագույն բնակելի տարածության ապահովման և բավարար անձնական տարածք չունենալու խնդիր: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերջին արտահերթ զեկույցի՝ հոգեբուժական կազմակերպություններում յուրաքանչյուր պացիենտի համար նախատեսված բնակելի տարածքը եղել է 2.6-3.6 քմ։ 

 

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից EVNreport-ի հարցմանն ի պատասխան նշում են, որ երկրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված 5 պետական հաստատություն կա: Դրանցից երեքը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը», «Սևանի հոգեկան առողջության կենտրոնը» և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը» գտնվում են առողջապահության նախարարության համակարգում և իրականացնում են ստացիոնար բուժում: Մյուս երկուսը՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, գործում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ և տրամադրում են միայն շուրջօրյա խնամքի ծառայություն: 

 

Առողջապահության նախարարության համակարգում գործող երեք հոգեբուժական հաստատություններում այսօր ապրում է 878 մարդ, նրանցից 139-ը դատարանի վճռով անգործունակ են ճանաչվել: Խնամք իրականացնող «Ձորակ» խնամքի կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում ապրում է 576 մարդ, որոնցից 258-ն են անգործունակ ճանաչվել: 

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանում հոգեկան առողջության արձանագրված խնդիր ունի շուրջ 52 հազար մարդ, հոգեբուժական հաստատություններում այսօր բուժվում կամ խնամք է ստանում 1454 չափահաս քաղաքացի, նրանցից 397–ն անգործունակ են ճանաչված։ Նրանցից շուրջ 30 տոկոսը մինչև 25 տարեկան է։

 

Խնդիրներ, որոնք չեն լուծվում

 

«Հայաստանում չկա պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հոգեկան առողջության ոլորտը: Այդ պատկերացումը չկա ո՛չ հասարակական մակարդակում, ո՛չ որոշումների կայացման: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Հայաստանում գործող որևէ իրավական փաստաթղթում նշված չէ հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման անհրաժեշտությունը: Մինչդեռ դա ամենակարևոր գիտակցումն է, որ պետք է լինի»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հանրային առողջապահության ծրագրի խորհրդատու Անահիտ Պապիկյանը՝ նշելով, որ ոլորտի մյուս խնդիրները բխում են հենց սրանից:

 

Ըստ փորձագետի՝ հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար պետությունը չունի ճանապարհային քարտեզ և ոլորտի խորը վերլուծություն՝ հասկանալու համար այն բացերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատել.

 

«Ոլորտի պատասխանատու պետական գերատեսչություններից յուրաքանչյուրն աշխատում է իր տրամաբանությամբ: Այս կառույցների գործողությունների ծրագրերը չեն համադրվում, ինչը ոչ միայն բերում է չհամակարգված գործողությունների, այլև՝ ռեսուրսների անարդյունավետ ծախսի: Այսօր ևս պետական կառույցներն իրարից տարբեր ծրագրեր են նախատեսել՝ ոլորտի բարեփոխման համար: Սա նաև նշանակում է, որ այդ ծրագրերի վերաբերյալ կատարողականներն էլ ներկայացվելու են առանձին նախարարություններին, ոչ թե կառավարությանը»,- ասում է Պապիկյանը:

 

Տարիներ շարունակ քաղհասարակությունն ու իրավապաշտպաններն են  բարձրաձայնում ոլորտի խնդիրների մասին: Առաջինը հոգեբուժական կազմակերպություններում անձանց մեկուսացման խնդիրն ու ապաինստիտուցիոնալացման անհրաժեշտությունն է։ Հայաստանում հոգեբուժական օգնության համակարգն առավելապես կենտրոնացած է հոգեբուժական կազմակերպությունների կողմից ամբուլատոր և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման շուրջ: Մինչդեռ համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման և աջակցման այլընտրանքային ծառայություններ հասանելի չեն, և պացիենտները, հիմնականում, ստանալով երկարաժամկետ ստացիոնար բուժում, մեկուսանում են ընտանիքից, շրջապատից և հասարակությունից, կորցնում համայնքում անկախ ապրելու հմտությունները: 

 

Հենց սա է նաև պատճառը, որ այս հաստատություններում տասնյակ տարիների հերթեր են գոյանում։ Այստեղ մահճակալներ ազատվում են միայն մի դեպքում՝ պացիենտի մահվան։ Վերջին 10 տարիներին Հայաստանում գործող 11 հոգեբուժական կազմակերպությունից պացիենտի՝ ընտանիք վերադարձի միայն 1 դեպք է եղել։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի համաձայն՝ ապաինստիտուցիոնալացումը միայն անձանց հիվանդանոցներում երկարատև բուժումից ազատելը չէ․ այս գործընթացը պետք է զուգորդվի համայնքներում այլընտրանքային ծառայությունների ներդրմամբ և իրականացվի փուլերով, երբ համայնքային այլընտրանքային ծառայություններն արդեն առկա կլինեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության 2013-2030 թվականների գործողությունների ծրագիրը համայնքահեն ծառայությունների համար սահմանում է բազմակողմանի մոտեցման պահանջ, որը կյանքի տարբեր փուլերում կաջակցի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և, ըստ անհրաժեշտության, կդյուրացնի մարդու իրավունքների իրացումն այնպիսի հարցերում, ինչպիսիք են աշխատանքի տեղավորվելը, կեցության և կրթական հնարավորությունները, համայնքային կյանքին ու ծրագրերին մասնակցությունը և նպատակային զբաղվածությունը: Այն ամենը, ինչից այսօր զրկված են Հայաստանի հոգեբուժական հաստատություններում գտնվող մարդիկ։

 

Հաջորդ լրջագույն խնդիրը, որ արձանագրում են հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող մասնագետները, վերաբերում է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց գործունակության պաշտպանությանը և նրանց կողմից որոշումների ընդունմանն օժանդակող մեխանիզմների ներդրմանը։

 

Հայաստանում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք անգործունակ են ճանաչվում հիմնական երկու պատճառներով՝ անձի փոխարեն ֆինանսագույքային գործարքներ կատարելու և անձին խնամքի հաստատություն տեղափոխելու համար: Վերջինն օրենսդրական պահանջ է։ 

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անգործունակ ճանաչված անձը զրկվում է իր սեփականատիրական իրավունքներից և քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու հնարավորությունից: Անգործունակ ճանաչված անձի գույքը տնօրինում և նրա անունից գործարքներ կնքում է խնամակալը, բացառությամբ մանր կենցաղային գործարքների, անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքների, որոնց համար նոտարական վավերացում կամ իրավունքի պետական գրանցում չեն պահանջում։ Օրենսդրական նման կարգավորման պայմաններում անգործունակ ճանաչված անձը, փաստորեն, զրկվում է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորություններից: Խնամակալը որևէ կերպ պարտավորված չէ անձի գույքը, եկամուտները և այլ սեփականությունը տիրապետելիս, օգտագործելիս և տնօրինելիս հաշվի առնել անգործունակ ճանաչված անձի կամքը և ցանկությունները:

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը նշում է, որ անգործունակ ճանաչված անձի սեփականությունը՝ առանց իր համաձայնության և ցանկության տնօրինելը նրա իրավունքների ամենից հաճախ հանդիպող խախտումներից է.

 

«ՀՀ օրենսդրությունը նախատեսում է անձին անգործունակ ճանաչելու հնարավորություն, ինչը շատ լուրջ միջամտություն է նրա անձնական կյանքին և այլ իրավունքներին, այդ թվում՝ անգործունակ ճանաչված անձը զրկվում է իր հայեցողությամբ գույք ձեռք բերելու կամ իրեն պատկանող գույքը տնօրինելու իրավունքից»,– ասում է փորձագետը՝ նշելով, որ նման լիազորություն ստանում է վերջինիս խնամակալը, այս դեպքում առանց դատական վերահսկողության անգործունակ ճանաչված անձը կարող է զրկվել իրեն պատկանող սեփականությունից: 

 

Մինչդեռ, ըստ Մելքոնյանի, Հայաստանը, վավերացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորվել է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց սեփականության իրավունքը, այդ թվում՝ երաշխավորել, որ նրանք կամայականորեն չեն զրկվի իրենց սեփականությունից: Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձինք հավասար հիմունքներով պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց սեփականության իրավունքը՝ իրենց ցանկությունների և նախասիրությունների հիման վրա, և այդ իրավունքից լիարժեքորեն և արդյունավետ օգտվելու համար պետությունը պարտավոր է նրանց ապահովել իրավական ուժ ունեցող որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ աջակցությամբ:

 

Հոգեբուժական հաստատությունում անձանց տեղավորման համար նրանց անգործունակ ճանաչելու պրակտիկան տարածվում է հիմնականում մասնագիտացված մանկատներում բնակվող և չափահաս դարձող մարդկանց վրա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից EVNreport-ի հարցմանն ի պատասխան նշվում է, որ Հայաստանի պետական 6 մանկատներում այս պահին 584 երեխա է խնամվում։ Նրանցից 481–ը հաշմանդամություն ունի։ Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվում է 237 մարդ, նրանց մեծ մասը վաղուց չափահաս են։ Հատուկ մանկատան երեխաների համար չափահասությունից հետո միակ կացարանը դառնում է հոգեբուժարանը կամ խնամքի հաստատությունը։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ–առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ, Որոշումների աջակցման բարեփոխումների նախաձեռնող խմբի անդամ Մարիետա Թեմուրյանը նշում է, որ անգործունակ ճանաչելուց հետո մանկատնից այլ հաստատություն անձի տեղափոխումը նրա՝ առնվազն երկու կարևոր իրավունքների ոտնահարում է.

 

«Մանկատանը հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաների համար այլ հաստատություն տեղափոխվելու այլընտրանք Հայաստանում չկա։ Չափահասությունից հետո նրանք շարունակում են ապրել մանկատանը կամ հոգեկան առողջության ու խնամքի հաստատություններում։ Մինչդեռ, փաստացի, Հայաստանի Հանրապետությունն ավելի քան 10 տարի վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, որի 19–րդ հոդվածով ամրագրվում է անձի անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը։ Սա նշանակում է, որ անձն իրավունք ունի ընտրելու՝ որտեղ և ում հետ ապրել։ Նույն կոնվենցիան ամրագրում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումներ կայացնելու իրավունքը»,– ասում է Թեմուրյանը։

 

Ռազմավարություններ, որոնք ընդունվում են, սակայն չեն գործում

 

ԲՀՀ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն ասում է՝ արդեն շուրջ 20 տարի է, ինչ հիմնադրամն աջակցում է հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերին, մասնավորապես ապաինստիտուցիոնալացման և համայնքահեն ծառայությունների ներառման ուղղությամբ, սակայն արդյունքը շարունակում է անբավարար լինել.

 

«Այս տարիների ընթացքում մենք հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք ջատագովել Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումների իրականացմանը: Մենք ուսումնասիրել ենք միջազգային լավագույն փորձը, ներկայացրել Հայաստանի համար առավել նախընտրելի լուծումները, աջակցել հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության մշակմանը,- ասում է Ամիրյանը՝ նշելով, որ ներդրել են 2 մոդել, որոնք կարող են այլընտրանք դառնալ հոգեբուժական գործող հաստատություններին՝ մեկը ցերեկային խնամքի ծառայությունն էր, որը թույլ էր տալիս հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց ընտանիքներին չմեկուսացնել իրենց հարազատին, այլ նրան ուղեկցել այս կենտրոն, որտեղ նա կմնար մինչև երեկո, կստանար համապատասխան ծառայություն, կլիներ պաշտպանված միջավայրում, իսկ հարազատները կարող էին զբաղվել իրենց առօրյա գործերով՝ չանհանհանգստանալով հոգեկան առողջության խնդիր ունեցող ընտանիքի անդամի համար,- Երկրորդ մոդելը խմբային տունն էր, որի օրինակը Սպիտակի խնամքի տունն է, որտեղ այսօր ապրում է 16 մարդ՝ չնայած միջազգային լավագույն փորձը նախատեսում է մինչև 6 մարդու համատեղ կեցություն այս տներում։ Ցավոք, այս մոդելներից որևէ մեկը չկիրառվեց Հայաստանում»:

 

Ըստ Ամիրյանի՝ մինչև 2013-2014 թթ.-ը պետության կողմից չկար ամբողջական պատկերացում հոգեբուժական հաստատություններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դանակը ոսկորին հասավ միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կատարած համապարփակ ուսումնասիրությունից հետո, երբ պարզվեց, որ հոգեբուժարաններում գտնվող մարդկանց կեսից ավելին ոչ թե բուժման կարիք ունի, այլ ընդամենը՝ խնամքի: Այս ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ ոլորտի նկատմամբ պետության մոտեցումը պետք է հիմնովին վերանայվի։

 

Ամիրյանը նշում է, որ 2013, 2014 թվականներին ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին Հոգեկան առողջության պահպանման և բարելավման առաջին ռազմավարությունը և ՀՀ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման 2013-2017 թթ․ հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը, որտեղ հստակ նշվեց հոգեբուժական հաստատությունների ապաինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը և որպես այլընտրանք՝ շուրջօրյա խնամքի տների ստեղծումը: 

 

«Նախատեսվում էր ունենալ շուրջ 13 այսպիսի տուն, սակայն մինչ օրս ստեղծվել են միայն Սպիտակի խնամքի տունը՝ որպես պիլոտային ծրագիր և «Ջերմիկ անկյունը»: Այսօր, սակայն, պետք է մտածել անգամ այս մոդելի արդյունավետության մասին, քանի որ հիմնական գաղափարախոսությունը, որ դրված էր դրա հիմքում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաինտեգրումը, ըստ էության, չիրականացվեց։ Այսօր այս հաստատությունը միայն խնամք է իրականացնում, քանի որ վերաինտեգրման համար անհրաժեշտ համայնքային ծառայություններն այդպես էլ չստեղծվեցին»,- ասում է Ամիրյանը:

 

Նրա համոզմամբ՝ այն, որ հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները չեն իրականացվում այնպես, ինչպես հարկն է, մի քանի հիմնական պատճառ կա: 

 

Նախ՝ չկա պատկերացում այն մասին, որ հոգեկան առողջության ոլորտը վերաբերում է ոչ միայն մարդկանց, ովքեր գտնվում են հոգեբուժական հաստատություններում, այլև յուրաքանչյուր մարդու Հայաստանում: Ըստ Ամիրյանի՝ հատկապես 2020-ի Արցախյան պատերազմի հետևանքով հասարակությունը հոգեկան առողջության լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: 

 

Երկրորդ խնդիրն այն է, որ պետական կառույցների միջև չկա պատշաճ համագործակցություն և միասնական մոտեցում։

 

Առկա է նաև ֆինանսավորման խնդիր. հաստատությունները, որտեղ բուժում է իրականցվում, գտնվում են առողջապահության նախարարության ենթակայության տակ, այն հաստատությունները, որտեղ խնամք է իրականացվում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության: 

 

«Երբ մենք ասում ենք, որ հոգեբուժական հաստատություններում բնակվող մարդկանց 50 տոկոսը պետք է դուրս գա հաստատությունից և համայնքային ծառայություններից օգտվի, նշանակում է՝ առողջապահության նախարարությունը կորցնում է իր բյուջեի մի մասը, որ նախատեսված է այդ մարդկանց բուժման համար, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համապատասխանաբար, ստանում է հավելյալ գումար՝ այս մարդկանց խնամքն իրականացնելու համար»,- ասում է Ամիրյանը:

 

Ըստ Ամիրյանի՝ չկա համակարգային մոտեցում՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, և հիմնական առաջընթացը գրանցվում է պաշտոնյաների կամ ոլորտի մասնագետների անհատական ջանքերի շնորհիվ, մինչդեռ դա չի կարող արդյունավետ լինել.

 

«Եթե դու տարիներ շարունակ որպես ռազմավարական նպատակ նշում ես հոգեբուժական հաստատությունների բեռնաթափումը, ապաինստիտուցիոնալացումը, իսկ մյուս կողմից նույն ընթացքում գումար ես հատկացնում այդ հաստատությունների վերանորոգման համար, նշանակում է՝ հստակ չես պատկերացնում առաջնահերթությունները: Պետությունը պետք է հստակ պատկերացնի վերջնարդյունքը, որն ուզում է ունենալ»,- ասում է Ամիրյանը:

 

Խնդիր է նաև այն, որ հոգեբուժական հաստատությունները շարունակում են գործել Խորհրդային տարիների ավանդույթներով, երբ պետության կողմից այս հաստատություններն այլընտրանքային կարծիքի ճնշման հիմնական և ամենադաժան գործիքներից մեկն էին.

 

«Տարիներ շարունակ «հոգեկան հիվանդ» պիտակավորմամբ մարդիկ մեկուսացվել են հասարակությունից, խտրականացվել: Այս հարցում խիզախություն և հետևողականություն է պետք,- ասում է Ամիրյանը՝ նշելով, որ ռազմավարություններում առկա պատմույթը պետք է բերվի հանրային քննարկման դաշտ՝ կոտրելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ ստիգման,- Երբ սկսենք խնդիրը դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից, երբ սկսենք բարձրաձայն ասել, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր անձ ունի բոլոր այն իրավունքները, որ ունեն մյուսները, հանրային ընկալումները կփոխվեն: Բայց, ցավոք, սա այլևս քաղհասարակության գործառույթը չէ. այս մասին պետք է խոսվի որոշումներ կայացնողների մակարդակում»։

 

Մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրների հիմնարար դիտարկման մասին է նշվում նաև «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» հետազոտության մեջ, որն իրականացրել է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը: Հետազոտության մեջ նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ խտրականության սահմանումներ կան նաև ՀՀ Սահմանադրության մեջ: Այսպես, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետում և 86-րդ հոդվածի 8-րդ մասում օգտագործվում է «հո­գե­կան խան­գա­րում ու­նե­ցող անձ» եզրույթը, իսկ 48-րդ հոդվածը սահմանում է, որ «Ընտ­րե­լու և ­ընտր­վե­լու, ինչ­պես նաև հան­րաք­վեին մաս­նակ­ցե­լու ի­րա­վունք չու­նի դա­տա­րա­նի՝ օ­րինա­կան ու­ժի մեջ մտած վճռով ան­գոր­ծու­նակ ճա­նաչ­ված անձը»:

 

Հետո ի՞նչ

 

Այս տարի ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ԲՀՀ Հայաստանին՝ ևս մեկ անգամ աջակցելու նախարարության կողմից ստեղծվող աշխատանքային խմբի աշխատանքներին, մշակելու «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը»` հաշվի առնելով հոգեկան առողջության զարգացած ծառայություններ ունեցող առաջատար երկրների փորձը, կարևորելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը, հոգեկան առողջության երկարատև խնդիրներ ունեցող անձանց հոգեսոցիալական վերականգնումը, ինչպես նաև ապաինստիտուցիոնալացումը: 

 

Կգործի արդյոք այս ռազմավարությունը, ոլորտի մասնագետներն ասել չեն կարող, սակայն վստահ են՝ ոլորտի բարեփոխումների իրականացումը չի կարող լինել որևէ պետական պաշտոնյայի բարի կամքի դրսևորում: Քաղհասարակությունը, որն օգնել է մշակել ռազմավարությունը, այսուհետ պետք է ստանձնի «հսկող շան» գործառույթը և մշտադիտարկի դրա իրականացման ընթացքը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները:

 

Մյուս կողմից, սակայն, նույն Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կամավոր բժշկական ամլացման մասին նախագիծ: Կամավոր բժշկական ամլացումը՝ վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ, և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում: 

 

Ըստ նախագծի՝ կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ: Ամեն ինչ կարգին է, մինչև հետևյալ պահը: Դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց բժշկական ցուցումներով ամլացումը պետք է իրականացվի դատարանի որոշմամբ: 

 

Մինչդեռ սա ևս մեկ իրավունք է, որը «խլվում է» մտավոր և հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդուց, որին, ըստ էության, զրկում են իր մարմնի մասին նման  ճակատագրական որոշում կայացնելու իրավունքից և այն տալիս ուրիշի՝ այս դեպքում՝ պետությանն իր դատարաններով։ Միևնույն ժամանակ, այս դրույթի առկայությունը խախտում է նախագծի՝ կամավորության սկզբունքի վրա հիմնված լինելու մասին պնդումը, և դարձնում այն «հարկադիր ամլացման մասին»:

 

evnreport.com

Դիտումներ՝ 67

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????