Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նման հանցագործությունները ծածկադմփոց պիտի չարվեն․ կոռուպցիան, հովանավորչությունը գաղտնի՞ք են, ո՛չ իհարկե․ Արթուր Սաքունցը՝ Քառօրյայի զեկույցը գաղտնի պահելու մասին

May 6, 2021

Տեսադարան

Factor TV-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

-Պարո՛ն Սաքունց, ԱԺ-ն այսօր հանրությունից գաղտնի քննարկեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը՝ հղում անելով պետական գաղտնիքին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ կգտնեն տարբերակներ նիստում իր ելույթից կտորներ կհրապարակելու, որ հանրությունը տեղեկանա։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ ներկա էր գաղտնի նիստին, հայտարարեց, որ ըստ զեկույցի՝ Արտակ Դավթյանն Ապրիլյան քառօրյայի մեղավորներից է, սակայն հարց է տալիս՝ ինչո՞ւ է շտաբի պետ նշանակվել։ Դավթյանին մեղադրել էր նաև Անդրանիկ Քոչարյանը։ Ապրիլյանից հետո բարձրաստիճան պաշտոնանկություններ տեղի ունեցան, գործեր հարուցվեցին, սակայն պարզ չդարձավ՝ ի՞նչ էր տեղի ունեցել և ո՞վ էր մեղավորը։ Ի վերջո՝ ո՞րն էր այս քննիչ հանձնաժողովի գործունեության նպատակը, եթե չպիտի հանրայնացվեր արդյունքը։

 

-Ձեր հնչեցրած հարցը վկայում է, որ եթե հանրությունն իրազեկված չէ զեկույցից, ապա մի քաղաքական գործիչ՝ իշխանությունից, թե ընդդիմությունից, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, կարող է զեկույցի առանձին դրվագներ ներկայացնել, բայց մենք տեղյակ չենք ամբողջին։ Հետևաբար՝ հանրությունը չի կարող վստահ լինել, որ ընտրողական մոտեցում չի լինի, եթե ամբողջական պատկերը չկա։ Որպեսզի հանրությունը չդառնա քաղաքական շահարկման զոհը՝ հատվածաբար չներկայացվեն այդ հետազոտության առանձին հատվածներ, մենք պետք է ունենանք ամբողջական պատկերացում զեկույցի մասին՝ սեփական կարծիքը ձևավորելու համար։ Մեզ հասկանալի չէ՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ի՞նչ հարցերի վրա է ուշադրություն դարձրել՝ սպառազինության, սննդի մատակարարման, բժշկական օգնության տրամադրման, սոցիալական արդարության հարցերին անդրադարձե՞լ են, թե՞ ոչ։

 

Ես չեմ կարող համաձայնվել այն վիճակի հետ, երբ նիստի մասնակիցները պարտավորություն են վերցրել, որ գաղտնիքը պիտի չբացահայտեն, հիմա նման պայմաններում հանրությունը գտնվում է անիրազեկ վիճակում և կարող է դառնալ քաղաքական շահարկումների զոհը, իսկ դրա միակ տարբերակը հետևյալն է՝ զեկույցում արձանագրված խնդիրների շարքը, ներկայացված առաջարկները հասանելի լինեն։ Խնդիրները չեն կարող պետական գաղտնիք լինել։ Եթե նշվում է՝ պետք է կատարելագործել օպերատիվ կառավարումը, կարողությունների զարգացումը, դա չի կարող լինել պետական գաղտնիք։ Մենք հիմա գործ ունենք 44-օրյա պատերազմի հետ, այսինքն՝ արդյո՞ք ակտուալ են մնում այն տեղեկությունները, որոնք պետք է գաղտնիք համարվեն հիմա, ես խիստ կասկածում եմ։

 

-Այսօր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե 2016-ի պարտության պատճառն անտարբերությունն էր, կոռուպցիան և հովանավորչությունը։ Հանրությունն ի՞նչ եզրահանգման գա՝ ի՞նչն էր այս վերջին պատերազմում պարտության պատճառը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ նաև Ապրիլյանից դասեր չքաղելու արդյունքում եղավ այս արդյունքը։

 

–Առանց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կողմից ուսումնասիրության էլ՝ բազմաթիվ այլ դրվագներով, բազմաթիվ այլ տվյալների հիման վրա մենք հիմնավորում էինք, որ կոռուպցիան և հովանավորչությունը բանակում գոյություն ունեն, սպաների հրամանատարական կարողությունների հանգամանքը գոյություն ունի։ Այսինքն՝ այն, ինչ ներկայացնում է պարոն Քոչարյանը, պետք չէր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվեր, որպեսզի մենք իմանայինք․ խնդիրը վերաբերում է նրան, թե կոռուպցիայի, անտարբերության, հովանավորչության, դրանց պատճառներիը դրսևորումները որոնք են։ Որովհետև կոռուպցիոն հանցագործությունները կամ դրանց հանգեցրած քայլերը, հովանավորչությունը, անտարբերությունը պետական գաղտնիք կարո՞ղ են լինել, իհարկե՝ ոչ։

 

Նման բնույթի հանցագործությունները չեն կարող պետական գաղտնիքով ծածկադմփոց արվել հանրությունից։ Մինչև հանձնաժողովի զեկույցն էլ մենք գիտեինք, որ այդ հարցերը կան, բայց հանձնաժողովի կողմից անելիքի բուն իմաստը դրանց առաջացման, հետևանքների կոնկրետ մեխանիզմների բացահայտումն է՝ կոնկրետ ինչո՞վ է արտահայտվել այդ կոռուպցիան, ո՞ւմ կողմից, ի՞նչ դրսևորումներով է արտահայտվել հովանավորչությունը, ո՞վ ինչ չի արել, որը կոչվում է անտարբերություն։ Սա էր լինելու քննիչ հանձնաժողովի բուն անելիքը, որոնց մասին հանրությունը դրվագային տեղեկություններ ուներ։ Ավելին՝ հանձնաժողովը ո՛չ միայն այդ դրվագների հետևանքներն ու դրսևորումները պիտի բացահայտեր, այլև տար հետևյալ հարցի պատասխանը՝ կոռուպցիոն դրսևորումների, կոռուպցիոն դրսևորումներն իրականացնողների, անփութության հեղինակների հանդեպ պետությունն ի՞նչ քայլեր է կատարել՝ ոչ միայն պատասխանատվության ենթարկելու, այլ նաև, թե այդ երևույթների վերացման ուղղությամբ ի՞նչ համակարգային խնդիրներ է ձևակերպել և քայլեր կատարել, որպեսզի դրանք լուծվեն։

 

– Մեկ օր էլ 44-օրյա պատերազմը, գուցե, հետաքննվի, և եթե այսօր հրապարակվի Ապրիլյան պատերազմի զեկույցը, որի թիրախում կարող էր հայտնվել Սերժ Սարգսյանի իշխանությունը, ապա 44-օրյա պատերազմի բացթողումների, սխալների պատճառով արդեն թիրախավորվելու է ա՛յս իշխանությունը։ Հետևաբար՝ Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող զեկույցը հանրության սեփականությունը չդարձնելու մեջ քաղաքական նպատակահարմարության միտում չե՞ք տեսնում։

 

-Շատ ողբերգական է, որ պետության ու քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերին ստիպված ենք մոտենալ ըստ քաղաքական նպատակահարմարության՝ այսօրվա իշխանության շահերի ելնելով։ Սա ամենաողբերգականն է, որ հնչեցվում է Ձեր հարցում։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է մարդկանց մահվան հասցրած, կյանքեր խլած այս հանգամանքներին ըստ քաղաքական նպատակահարմարության մոտենալ։ Եթե նախորդ իշխանությունները չստեղծեցին քննիչ հանձնաժողով, ներկա իշխանությունը ստեղծեց հանձնաժողով, ապա այս իշխանությունը պարտավորություն ունի հանձնաժողով ստեղծել նաև 44-օրյա պատերազմի հետ կապված։ Այստեղ հարց է գալիս՝ արդյո՞ք գաղտնի ռեժիմով զեկույցի ներկայացումը չի կարող հանդիսանալ նախադեպ՝ վերջին պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը ևս գաղտնիության ռեժիմով ներկայացնելու։ Սա շատ վատ նախադեպ կլինի։ Ես չեմ ուզում հիմա կանխակալ կարծիք ասել, որ կա քաղաքական նպատակահարմարություն։ Հիմա կա զեկույց, և մեր ջանքերը պիտի ուղղենք այդ զեկույցը հանրության սեփականությունը դարձնելու ուղղությամբ։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


Դիտումներ՝ 29

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????