Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սադրանքներ կարող են լինել․ իշխանությունը պարտավոր է պահպանել ժողովրդավարական կարգը, անվտանգությունը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

May 3, 2022

Տեսադարան

-Ընդդիմադիր ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և նրանց կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում։ Կային կանխատեսումներ, որ անգամ քաղաքացիական պատերազմի կարող է սա վերաճել՝ ոստիկանությունը ԼՂ-ից ՀՀ տեղափոխվող զենքի քանակ էր հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության և ցուցարարների գործելակերպը։  -Իհարկե, հետևում եմ՝ ինչքանով հասցնում եմ։ Այն մի քանի կադրերը, տեսանյութերը, որոնք ցույց էին տալիս ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից բռնությունը, այդ թվում՝ ֆիզիկական ուժի կիրառումն այն դեպքերում, երբ ընդհանրապես դրա հիմքը կամ անհրաժեշտությունը չկա, քաղաքացին որևէ բռնություն չի գործադրում տվյալ պահին ոստիկանության աշխատակցի նկատմամբ, նման դեպքերը, երևույթները խիստ դատապարտելի են՝ անկախ նրանից, թե ովքեր են ցուցարարները։ Իշխանությունը՝ հանձին իրավապահ մարմնի, պետք է գտնվի բացառապես օրենքի շրջանակում։ Մենք նման դրսևորումներ տեսանք «Ֆիզգորոդոկի» հետ կապված դեպքերում, տեսանք Մարց գյուղում քաղաքացիների նկատմամբ գործողությունները։ Մենք պարբերաբար անդրադարձել ենք նման բռնությունների անթույլատրելիությանը և հաղորդումներ ենք ներկայացրել։ Նաև այս դեպքերին ենք հետևում և անպայման հաղորդում կներկայացնենք բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվում։ Իրավունքի տեսակետից՝ խաղաղ ցույցի մասնակցի նկատմամբ ուժ չպիտի կիրառվի, քանի դեռ ցուցարարը գտնվում է խաղաղ ցույցի տրամաբանության շրջանակում։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ցույցի կազմակերպիչների կողմից բռնության այն դեպքերը, որոնք կիրառվում են այլ քաղաքացիների նկատմամբ, չեն դատապարտվում և կոչ չի արվում, որպեսզի ցուցարարները գտնվեն բացառապես խաղաղ ցույցի շրջանակում։ Կարծում եմ՝ կա միտում, որպեսզի իրավիճակը սրեն, լարվածությունը մեծացնեն, ինչո՞ւ, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք պատասխանատվություն են վերցրել այս բողոքի ցույցերի կազմակերպման համար, նրանք իրենց կենսագրության մեջ ունեցել են բռնության դրսևորումներ թե՛ նախկինում իրենց կառավարման ժամանակ, թե՛ որպես ընդդիմություն։ Իշխանությունը պետք է հաշվի առնի, թե ինչ ռիսկերի հետ գործ ունեն, և հետևաբար՝ իրավապահները պետք է գործեն բացառապես օրենքի և իրավունքի շրջանակում, որպեսզի սադրանքներին, հնարավոր լարվածություն առաջացնող գործողություններին ընթացք չտան, և «կրակի վրա յուղ լցնելու» վիճակում չգտնվեն։ -Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե կա՞ մտավախություն, որ իշխանությունն ուժ կգործադրի՝ ցրելու ընդդիմության հավաքը, արձագանքել է․ «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»: Դուք տեսնո՞ւմ եք այդ վտանգը, որ սահմանադրականության հունից դուրս գան այս բողոքի ակցիաները, և նման պարագայում ինչպե՞ս է հնարավոր ապահովել հավաքների խաղաղ ընթացքը, ինչը ոստիկանության պարտականությունն է։ -Ոստիկանությունն այն մասնակիցներին, որոնք դուրս են գալիս խաղաղ ցույցի պահանջների շրջանակից, պետք է առանձնացնի՝ ապահովելու համար խաղաղ ցույցի ընթացքը։ Բայց, միաժամանակ, չպետք է միջոցներ կիրառեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա։ Ես չեմ կարծում, որ խաղաղ ցույցը կցրվի, իրենց սահմանադրական իրավունքն է խաղաղ ցույցը շարունակելը։ Պարզապես այստեղ կա բովանդակային հարց, որին կուզենայի անդրադառնալ՝ ովքե՞ր են ցուցարարները, ի՞նչ նպատակ են հետապնդում։ Կարող ենք ասել, որ նպատակները կարևոր չեն բողոքի ցույցի խաղաղ իրականացման համար, բայց այն բառապաշարը, այն կենսագրությունը և այն փորձառությունը, որ դրսևորել են ցույցի կազմակերպիչները, օբյեկտիվորեն հիմք է տալիս, որ կարող են նաև սադրանքներ լինել։ Այսինքն՝ իշխանությունն այստեղ պարտավորություն ունի պահպանելու ժողովրդավարական պետության անվտանգությունը, հասարակական կարգը և անվտանգությունը, և դա պետք է իրականացնի բացառապես օրինական մեթոդներով և միջոցներով։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Դիտումներ՝ 35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????