Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նահանջ խոստումներից. կառավարության ծրագիրը հիասթափեցրել է քաղհասարակության ներկայացուցիչներին

February 8, 2019

Տեսադարան

Կառավարության ծրագիրը քաղհասարակության շրջանում ոչ միանշանակ գնահատականների է արժանացել։ Քննադատներն ասում են՝ ծրագրում գրեթե չի խոսվում ժողովրդավարական, արդարադատական և մարդու իրավունքների բարեփոխումների մասին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ փաստաթուղթը կարդալիս զարմացել է, ապա՝ կասկածել, թե արդյոք իր առաջ իսկապե՞ս Կառավարության ծրագիրն է․ «Հիասթափությունս շատ մեծ էր, երբ պարզվեց որ ոչ՝ սա հենց այդ փաստաթուղթն է։ Եթե կառավարության ծրագրում ժողովրդավարական բարեփոխումների բլոկ չկա, ժողովրդավարական բարեփոխումների մասին համարյա ոչ մի խոսք չկա, սա, թերևս, նշանակում է, որ կառավարությունն այս հարցում դիրքորոշում չունի։ Իշխանություններն ասում են, որ մենք արդեն ունենք ժողովրդավարություն, սա ինչ-որ առումով անհեթեթ պնդում է, որովհետև այո՛, եթե մենք ունենք ժողովրդավարության որոշակի մակարդակ, բայց այդ մակարդակը որևէ ինստիտուցիոնալ հիմքի վրա դրված չէ»։

 

Կառավարության ծրագիրը հիասթափեցրել է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցին․ «Ծրագրի տեքստին ծանոթանալուց հետո, եթե ես վերանայի տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից, կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանի կառավարությունն իր հերթական ինչ-որ ծրագիրն է ներկայացնում։ Այս փաստաթուղթը ինձ խորը հիասթափեցրեց։ Կարծես թե, գիտակցաբար այնպիսի ծրագիր էին գրում, որ հիմնավորեն ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչների քննադատությունը»։ Ըստ Արթուր Սաքունցի՝ կառավարության այս ծրագիրը էականորեն զիջում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժամանակավոր կառավարության՝ հեղափոխությունից անմիջապես հետո ներկայացված ծրագրին․ «Սա հավակնություններից նահանջ արձանագրող մոտեցում է, և սա այն ծրագիրը չէ, որ համապատասխանում է արժանապատիվ և հպարտ քաղաքացու բնույթին, նրա ակնկալիքներին և նրա նկատմամբ ունեցած հարգանքին»։

 

Իրավապաշտպանը նկատել է՝ թեև հեղափոխության թեժ փուլում կառավարության անդամները բարձրաձայնում էին անցումային արդարադատության անհրաժեշտության մասին, այս ծրագրում այդ բառակապակցությունն ընդհանրապես բացակայում է․ «Առանց քաղաքական գնահատականի նախորդ ավտորիտար համակարգի նկատմամբ, հնարավոր չէ, դա այն մեկնակետն է, թե այլևս ինչպիսին չենք կարող լինել։ Ես չեմ պատկերացնում դատական իշխանության անկախության վերականգնման հնարավորություն՝ առանց նախորդ ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտումներից տուժածների իրավունքների վերականգնման»,- ասում է Արթուր Սաքունցը։

 

Դանիել Իոանիսյանը հիշեցնում է Վրաստանի և Ուկրաինայի փորձը, որոնք հեղափոխությունից հետո ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրեցին ժողովրդավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը։ Հեղափոխությունից 9 ամիս անց ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություն արված չէ, ասում է Իոաննիսյանը՝ պնդելով՝ այդ արժեքների գոյությունը պետք է կախված չլինի իշխանության քաղաքական կամքից․ «Հիմա այս ծրագրում կառավարությունն ասում է, որ քաղաքական կամքով է պայմանավորված օրենքի առջև քաղաքացիների հավասարությունը։ Սա խայտառակ ձևակերպում է, այդպես պետք է չլինի։ Կառավարությունը պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկի, այնպիսի օրենսդրություն մշակի, որ քաղաքական կամքից անկախ բոլոր քաղաքացիները հավասար լինեն օրենքի առջև։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությանը դուր է գալիս «թագավորը լավն է» ձևակերպումը, որ եթե ունենք լավ թագավոր՝ ամեն ինչ լավ է, եթե կունենանք վատ թագավոր, կունենանք ամեն ինչ վատ։ Եկեք ամեն ինչ անենք, որ մնա լավ թագավորը։ Սա ժողովրդավարական երկրի մոտեցում չի»։ Արթուր Սաքունցն իր հերթին նկատում է․  «Օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովման ի՞նչ մեխանիզմներ են առաջարկում, շատ կարևոր է այդ մեխանիզմների գոնե ընդհանրական, տեսանելի շարադրումը։ Ասենք սոցիալական արդարության խնդիրը ինչպե՞ս են լուծելու Զինված ուժերում»։

 

Կառավարությունն իր ծրագրում խոստանում է բացառել իշխա­նական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Արթուր Սաքունցին դա բավարար չի թվում․ «Դա ընդամենը խոստում է, բայց դրա ապահովման իրավական մեխանիզմը օրինակ կարող էր լինել այսպես՝ դատական իշխանության գործերին միջամտելու ցանկացած փորձ պետք է քրեական խիստ պատժի ենթարկվի։ Չենք տեսնում դատական իշխանության ինքնակառավարման սկզբունքի ապահովումը, չենք տեսնում դատավորի անկախության ապահովման սոցիալական, տնտեսական իրավական ապահովումը»։

 

Կառավարության ծրագիրը տևական ժամանակ զննելուց հետո Դանիել Իոաննիսյանը չի գտել, օրինակ, կոռուպցիոն գործերը քննող մարմնի անկախության վերաբերյալ երաշխիքների, ընտրությունները կեղծելու անհնարինությունն ապահովող գործիքների, կուսակցությունների մասին նոր օրենսդրության, ինչպես և ուղիղ ժողովրդավարություն ապահովող հանրաքվեների վերաբերյալ կոնկրետ լուծումներ։ «Հիմա ես ինչ-որ ասում եմ, Նիկոլ Փաշինյանը ասել է սրանից 9 ամիս առաջ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նախկինում իր տված խոստումն այլևս չի իրականացնելու ինչ-ինչ պատճառներով, թող այդ մասին ասի։ Միգուցե ինքը լուրջ հիմքեր ունի այդ մոտեցումը փոխելու, միգուցե ինքն ասում ա՝ էս մոտեցումը փոխել ենք, քանի որ սենց-սենց։ Չի կարելի խոստումը տալ և հետո չիրականացնել առանց բացատրելու, թե ինչու կամ ուղղակի «մոռանալ» այդ խոստման մասին։ Սա անընդունելի է։ Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարություն դառնան, ակնհայտ է, որ ԱԱԾ-ն հաստատ չի դառնալու, ոստիկանությունն էլ շատ քիչ է հավանական։ Էս առումով պետք է տրվեն հստակ բացատրություններ, թե ինչու է տեղի ունեցել  մոտեցման փոփոխություն»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։ Ակնկալվում է, որ Կառավարության ծրագիրն Ազգային ժողովը կսկսի քննարկել արդեն հաջորդ շաբաթվանից։ 


factor.am

Դիտումներ՝ 657

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????