Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անցումային արդարադատության մեկնարկը պետք է հանդիսանա Աժ-ի կողմից նախորդ ամբողջ կառավարմանը քաղաքական գնահատական տալը․ Արթուր Սաքունց

April 16, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր հարթակներից բազմիցս խոսվել է մեր երկրում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտության մասին։ Նիկոլ Փաշինյանը ևս վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց այդ մասին։ Սակայն, դրա իրականացման ուղղությամբ քայլերն այնքան էլ տեսանելի չեն, ցածր է նաև հանրային իրազեկվածության մակարդակը։

 

Անցումային արդարադատության էության, դրա իրականացման անհրաժեշտության ու նպատակների շուրջ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։



-Պարո՛ն Սաքունց, ի՞նչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը, կա՞ այս տերմինի հստակ սահմանում։

 

-Ամբողջական սահմանում չկա, բայց սա այն միջոցն է, որով իրականացվում է ավտորիտար կառավարումից ժողովրդական կառավարում անցման և իրավական պետության կայացման գործընթացը։ Այն տարածված է լինում կոնֆլիկտ ունեցող երկրներում, որտեղ քաղաքացիական պատերազմ է եղել կամ բռնապետական այնպիսի ռեժիմ, որի հետևանքով զանգվածային բռնություններ, սպանություններ են եղել։

 

-Հայաստանում ինչու՞ է անհրաժեշտ անցումային արդարադատության ինստիտուտի կիրառումը։

 

-Մենք գտնում ենք, որ Հայաստանի պարագայում անցումային արդարադատությունն անհրաժետություն է, որովհետև նախորդ իշխանությունների կառավարման օրոք համակարգային և շարունակական բնույթ են ունեցել մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։ Պետությունը զավթված է եղել։ Անցումային արդարադատության մեկնարկը պետք է հանդիսանա Ազգային ժողովի կողմից նախորդ ամբողջ կառավարմանը քաղաքական գնահատական տալը։ Խորհրդային փլուզումից հետո անցումային արդարադատությունը շատ երկրներում արվեց։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, օրինակ, պետական պաշտոններ զբաղեցնելու արգելք դրվեց այն մարդկանց նկատմամբ, որոնք հանդիսացել էին ՇՏԱԶ-ի աշխատակիցներ, որովհետև այդ մարդիկ, որ մասնակից են եղել հետապնդումներին, բռնություններին, ժողովրդավար երկրում չեն կարող պետպաշտոնյա լինել։

 

Մի կարևոր բան նշեմ, որն անտարբերության է մատնվում։ ՌԴ-ն՝ որպես ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով առաջացած պետություն, անցումային արդարադատության չիրականացման, կոմունիստական կառավարմանը քաղաքական գնահատական չտալու հետևանքով ունեցավ այն, ինչ հիմա ունի՝ հանձին Պուտինի կոշտ ավտորիտար համակարգի։ Եթե չի տրվում գնահատական, եթե քաղաքական ռեպրեսիաներից տուժածների իրավունքները չեն վերականգնվում, ապա դա լեգիտիմացնում է երկրորդ անգամ նման գործելակերպը, նման կառավարման ոճն ու անօրենությունը։ Իսկ եթե քաղաքական գնահատական լինի, կստեղծվի նաև արժեքային բազան, թե ինչը չի կարելի, և ցանկացած հավակնություն նման ոճի կառավարման կլինի անընդունելի։ Հո միայն իրավական մասին չէ՞ վերաբերում խոսքը։ Վերականգնում ասվածը նախ և առաջ քաղաքակրթական վերականգնումն է՝ իր բոլոր ինստիտուտներով՝ օրենսդրական, կրթական, սոցիալական։

 

-Ի՞նչ նպատակներ է հետապնդում անցումային արդարադատությունը։

 

-Ժողովրդավարական ու իրավական պետության ձևավորման կամ վերականգնման կարևոր նախապայմաններից մեկն է ամբողջ ճշմարտության բացահայտումը, որովհետև առանց ճշմարտության և այդ ճշմարտության շուրջ հասարակական համերաշխության՝ հետագա զարգացումը վտանգված է։ Ավտորիտար կառավարումը մշտապես ուղեկցվում է կեղծիքներով, ստով, արժեքների ձևափոխմամբ, նույնիսկ ժողովրդավարություն ասվածն օգտագործվում է իշխանությունը զավթածների կողմից՝ այդպիսով հանրային ընկալման տեսակետից արժեզրկելով այն։ Մարդու իրավուքներից ևս անընդհատ կարող են խոսել, բայց և անընդհատ ոտնահարել դրանք։ Իրականում մարդու իրավունքների բովանդակային վերականգնումը հնարավոր է միայն ճշմարտության բացահայտման միջոցով, իսկ դա կլինի պատմությունների միջոցով, որոնք պատմողներն էլ ոչ միայն այն մարդիկ պետք է լինեն, որոնց իրավունքները կոպտորեն ոտնահարվել են, այլև նրանք, որոնք կատարել են այդ ոտնահարումները։ Այսինքն՝ պետք է հասնել մի վիճակին, երբ կբացահայտվեն մեխանիզմները, որոնց հետևանքով ունեցել ենք այդ պատկերը։ Այդ մեխանիզմները կիրառողները ևս պետք է քաջություն ունենան դա խոստովանելու։ 

 

Շատ կարևոր է մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով տուժած քաղաքացիների իրավուքների վերականգնումը։ Անկախ նրանից՝ մեղավորները կհայտնաբերվեն, պատասխանատվության կենթարկվեն թե ոչ, այդ պատմությունները, վկայությունները պետք է հավաքագրվեն, և համապատասխան հիմնավորումների առկայությամբ՝ պետությունը պետք է ճանաչի, որ այդ մարդկանց իրավուքները խախտվել են, և նրանց տրամադրի բարոյական ու նյութական փոխհատուցում։



-Տուժած քաղաքացիների փոխհատուցումը ի՞նչ տեսքով ու միջոցներով պետք է իրականացվի։

 

-Դա պետբյուջետային միջոցներով պետք է իրականացվի, իհարկե, բայց չափը, հատուցման ծավալները, ժամանակացույցը դեռ պետք է մշակել։ Ժամանակի հարց է։ Կարևորն այն է, որ դա պետք է արվի, իսկ թե կոնկրետ ինչպես, արդեն քննարկման հարց է, որն, ի դեպ, պետք է իրականցվի Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով։

 

-Իսկ որո՞նք են համարվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

 

-Կա դրա դասակարգումը․ այն կարծիքի, խոսքի ազատության համար մարդկանց քաղաքական հետապնդման ենթարկելն է, նրանց քաղաքական բանտարկյալ դարձնելը, նաև ընտրությունների ժամանակ զանգվածային խախտումները, լրագրողների նկատմամբ բռնությունները, մարդկանց սեփականության իրավունքից զրկելը և այլն։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի կամ Արամի փողոցի հետ կապված, մարդիկ զրկվել են սեփականությունից, և շատերը չեն էլ դիմել դատարան։ Ով էլ դիմել է, չի վերականգնվել իրավունքը, բայց գոնե դա փաստագրվել է, հիմա հիմք կա։ Այստեղ պետությունը պիտի ճանաչման միջոցով ամրագրի, թե այլևս ինչպիսին չպետք է լինի կառավարումը։ Սա նշանակում է նաև, որ անկյունաքարային ինստիտուտը դատական իշխանությունն է, դրա նկատմամբ վստահության վերականգնումը։ Պետք է ազատվել այն դատավորներից, որոնք, անարդար վճիռներ կայացնելով, մասնակցել են մարդու իրավունքների խախտմանը։ Դրա համար անցումային արդարադատության շրջանակում դիտարկում ենք դատական համակարգի զտումը այդպիսի դատավորներից։ Եվրոպական դատարանի որոշումներով տրված է այն դատավորների ցուցակը, որոնք ներգրավված են եղել մարդկանց իրավունքների խախտմանը։

 

-Այդ դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվե՞ն։

 

-Ես չէի ասի, թե պետք է նրանց բոլորին պատասխանատվության ենթարկել։ Եթե իրենց կատարած խախտումները, կայացրած անարդար դատավճիռները կապված են ծանր հանցագործությունների հետ, կարող են, բայց կարծում եմ՝ հիմանական շեշտը պետք է դրվի նրա վրա, որ այդ մարդկանց հասկացնեն՝ իրենք այլևս անելիք չունեն այնտեղ։ Կարելի է դրա համար պայմաններ ստեղծել, օրինակ՝ ապահովել ժամկետից շուտ թոշակի գնալը։ 


-Այս պարագայում ներկայիս դատական իշխանությունը ինչպե՞ս կարող է զբաղվել անցումային արդարադատության իրականացմամբ։

 

-Դրա համար պետք է օրենքներ ստեղծվեն, և դատական իշխանությունը թարմացվի։ Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որի լեգիտիմությունը մենք կասկածի տակ ենք դրել դեռևս Սերժ Սարգսյանի կառավարման վերջին օրերին, երբ այն ստեղծվեց, չի կարող հավակնություն ունենալ, որ կվերականգնի հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, որովհետև ինչպե՞ս կարող է նույն դատարանը որոշում կայացնել ապօրինի ձեռք բերված գույքը ազգայնացնելու մասին, երբ ժամանակին հենց ինքն է որոշումներ կայացրել մարդկանց ունեզրկելու։ Հո միայն առաջին դեմքերի՝ ոստիկանապետի, ԱԱԾ պետի փոփոխության մասին չէ խոսքը․ չէ՞ որ համակարգի՝ այդ ամենի մասնակիցը եղած աշխատողները շարունակում են գործել։ Տարբեր կարծիքներ կան, որ մոտ 15-20%-ից պետք է ազատվել, որպեսզի թարմ ուժեր մտնեն ու հնարավորություն լինի բարեփոխումների։



Անցումային արդարադատության բացակայության և գործող ինստիտուտների պայմաններում արդարության վերականգնմանն ուղղված գործողությունները չեն կարող համակողմանի իրականացվել։ Ինչ-որ հատային գործողություններ լինում են, որոնք թողնում են ընտրովի արդարադատության տպավորություն, որն արմատապես չի փոխում իրավիճակը։ Այսինքն՝ պետք է լինի հստակ ձվակերպված մոտեցում, որ հասկանալի լինի, օրինակ, թե ինչու Ալեքսանդր Սարգսյանը և ոչ Սամվել Ալեքսանյանը, որ մարդիկ իմանան՝ բոլորն էլ պատասխանատվության են ենթարկվելու, պարզապես այս պահին սա է, հետո նա։

 

Բացի այդ, անցումային արդարադատությունն ունի հակակոռուպցիոն նշանակություն։ Անցումայինի շրջանակում է դիտարկվում նաև ապօրինի հարստացումների վերականգնումը։ Այսինքն՝ այն պետք է լինի մշակված հայեցակարգ, որտեղ կան առանձին էլեմենտներ, և կարող ենք դրանք բոլորը զուգահեռաբար տանել կամ սկսել ինչ-որ տեղից։ 

 

-Անցումային արդարադատության դեպքում հանցագործությունների վաղեմության ժամկետը գործու՞մ է։

 

-Մարդու ու պետության դեմ կատարված ծանր հանցագործությունների պարագայում վաղեմության ժամկետ չպետք է գործի։ Անցումային արդարադատության հայեցակարգի շրջանակներում պետք է իրավական փոփոխություններ կատարվեն։ Օրինակ՝ զինվորների սպանությունները տարիներով չեն բացահայտվում։ Հիմա անկախ նրանից՝ բացահայտվում է հանցագործությունը թե ոչ, հարազատները պետք է ստանան փոխհատուցում։

 

-Ի՞նչ է լուստրացիան, այն կարո՞ղ ենք դիտարկել որպես անցումային արդարադատության բաղադրիչ։

 

-Լուստրացիայով որակում են այն գործողությունները, որի նպատակն է բացահայտել գաղտնի ծառայությունների գործակալներին, որոնք գործել են կա՛մ մարդու, կա՛մ պետության դեմ։ Այդ ամենը գաղտնի է եղել, նրանց նկատմամբ քրեական գործեր չեն եղել։ Այստեղ մեծ նշանակություն ունեն արխիվները։ Եթե հիշում եք՝ ամենասկզբում, երբ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26 էր տեղափոխվում որպես վարչապետ, մամուլը գրեց, որ մինչև նրա այնտեղ գնալը ինչ-որ նյութեր էին դուրս հանել։ Ի՞նչ նյութեր էին դրանք։ Դրանք արխիվներ էին, որ գուցե կվկայեին այս ամենի մասին։ Լուստրացիան վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլև գաղտնազերծմանը որոշակի փաստաթղթերի, որոնցում ամրագրված են հանցագործություններ՝ ուղղված մարդու կամ պետության դեմ։ Ովքեր ներգրավված են եղել սպանությունների, ապօրինի զավթումների, սեփականազրկումների մեջ, պետք է պատասխանատվություն կրեն, իսկ մյուսները, որոնք ուղղակի հրամաններ են կատարել, պետք է բացահայտվեն։ Սա նաև պետք է վերաբերի այն օտարերկրյա գործակալներին, որոնք այստեղ հակապետական գործունեություն են ծավալել։ 

 

infocom.am

Դիտումներ՝ 887

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????