Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քանի դեռ վեթինգ չի եղել, մշտապես ունենալու ենք կադրային փոփոխությունների հետ կապված հարցեր

June 9, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 
 

– Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունները, մասնավորապես Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ,  Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

 

– Ես չգիտեմ, թե ինչ հիմնավորումներով են մարդիկ ազատվել պաշտոններից, և ինչ հիմնավորումներով են նոր մարդիկ նշանակվել։ Կարող եմ ենթադրել միայն ԳՇ պետի պարագայում, բայց մյուսների մասով ենթադրություններ չեմ կարող անել։

 

– Այնուամենայնիվ, պահի հրամայակա՞ն էր ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը։

 

– Հրամայական են այդ նշված համակարգերի արմատական, որակական փոփոխությունները և այդ ինստիտուտների համապատասխանեցումը այն խնդիրների լուծմանը, որոնք այսօր գոյություն ունեն, որովհետև չեն կարող հին սկզբունքներով, տարիներ շարունակ համակարգային կոռուպցիայի պահանջների շրջանակներում գործած համակարգերը համապատասխանել և լուծել ժողովրդավարական և իրավական պետության խնդիրները։ Այդ պատճառով նման կադրային փոփոխությունները պարբերական են լինելու։ Հնարավո՞ր էր այդ համակարգային փոփոխություններն ավելի վաղ անել․․․ այո, ավելի վաղ պետք է արվեին և ուշացել են, ինչի արդյունքում պարբերաբար գործ ունենք կադրային փոփոխությունների փաստի հետ։ Այստեղ համակարգային և բովանդակային փոփոխություն ասվածը ոչ միայն հին կադրերին հեռացնելը, այլ նոր կադրերի, այդ ինստիտուտների վերակազմակերպումը, նրանց գնահատման ցուցանիշների, սկզբունքների վերափոխումը։ Սա կարող էր համալիր արվել, որի առաջին քայլերից մեկը պետք է լիներ վեթինգը, իսկ վեթինգի համար էլ պետք էր այս համակարգերի գնահատումը, այսինքն՝ թե՛ խնդիրների և թե՛ իրավիճակի գույքագրումը։ Հնարավոր էր վեթինգով ազատվել այն մարդկանցից, որոնք համակարգում պետք է գործ չունենային, և նաև նոր կադրերի պատրաստման գործընթացները պետք է կազմակերպվեին, ինստիտուցիոնալ կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենային։

 

ԱԱԾ-ում ընդհանրապես չկար փոփոխություն, ոստիկանությունում՝ մասամբ, դատախազության վերաբերյալ նույնպես չենք տեսնում փոփոխություն, և նման բնույթի քայլերի արդյունքում կունենայինք համակարգեր, որտեղ ինստիտուտների պատասխանատվությունը կլիներ մեծ, այդ թվում՝ ղեկավարների։ Եվ, բնականաբար, ժամանակ առ ժամանակ չեն կարողանում համապատասխանել և գործել նոր պահանջներին համահունչ և ստիպված են լինում ազատվել, իսկ քանի այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել, պարբերական բնույթ են կրելու այսպիսի ազատումները։

 

– ԱԱԾ տնօրենը 29 տարեկան է։ Արդյոք խանգարող հանգամա՞նք է։

 

– Նույնպես հասկանալի չէ, չնայած հասկանում եմ, որ սա կարճաժամկետ լուծման քայլ է, բայց ես չեմ կարծում, որ երկարաժամկետ կտրվածքով լինելու է։

 

Այստեղ կա վստահելիության խնդիր, կարևոր է հետագիծը, պատմությունը։

 

– Այսինքն՝ քանի որ վեթինգ չի եղել, շարունակ բախվելո՞ւ ենք այս խնդիրներին։

 

– Քանի դեռ վեթինգ և համակարգային փոփոխություններ չեն եղել, մշտապես ունենալու ենք կադրային փոփոխությունների հետ կապված հարցեր։

 

– Կառավարության փոփոխության պահանջ են վերջին շրջանում հնչեցնում քաղաքական ուժերը, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, Վանեցյանը, Մինասյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

 

– Նրանք, օգտվում են կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներից, որի մեջ պատասխանատվություն ունի իշխանությունը՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Դրանք այն ուժերն են, որոնք փորձում են վերականգնել իրենց դիրքերը, որովհետև նրանք համակարգային կոռուպցիոն արժեքների կրողներն են, և իրապես իրենց ողջ էությամբ քրեական մտածելակերպի և արժեքների կրողներն են, որոնք անթաքույց ունեն Կրեմլի աջակցությունը։ Նրանք փորձում են Հայաստանում ընդհանրապես կասեցնել ժողովրդավարական և իրավական պետության գործընթացները։ Նրանք ոչինչ չունեն առաջարկելու հանրությանը՝ ո՛չ արժեքային, ո՛չ ծրագրային, ոչինչ չունեն, դրանց հիմքում վերականգնել համակարգային կոռուպցիան և պետության զավթում իրականացնելն է։ Իհարկե, սա դատապարտված է անհաջողության, և սա արկածախնդրություն է, և սրանք իրենց էությամբ հակաքաղաքակրթական ուժերն են և մասնակից են դառնում Կրեմլի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմին՝ ընդդեմ ժողովրդավարական պետության։ Բայց նշեմ, որ նրանց աշխուժացման համար դեռևս գոյություն ունեցող հիմքերի համար պատասխանատու է առաջին հերթին այսօրվա իշխանությունը, որը ժամանակին չկատարեց արմատական փոփոխություններ պետական կառավարման, դատաիրավական համակարգում, պետության զավթմանը չտվեց քաղաքական գնահատական։ Այսինքն՝ չվերացրեց այն հիմնական ռեսուրսները, որոնց օգնությամբ հույս ունեն, որ կարող են գոյատևել, բայց սա այն բնորոշ վիճակն է, երբ փոփոխությունների իրականացման ժամանակը էական նշանակություն ունի ժողովրդավարական և իրավական պետության բնականոն զարգացման համար ռելսերի վրա դնելու, և եթե ուշացնում ես, այս ուժերը ակտիվանում են և ինքնավստահ են լինում, թե կարող են ինչ-որ դերակատարում ունենալ։

 

1in.am

Դիտումներ՝ 448

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????