Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապահ համակարգը քնած է էշի ականջում. Սպասում են կոռուպցիայի մեջ թաթախվածները հեռանան երկրից, նոր քրեական հետապնդում իրականացնեն

April 10, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Ե՛վ նախկին, և՛ ներկա իրավապահ համակարգը քնած է էշի ականջում։ Արթուր Գևորգյանի ապօրինի հարստացման, օրինական ծագում չունեցող միլիոնների մասին խոսվել է տարիներ շարունակ, մամուլը ապացույցներ է ներկայացրել, հրապարակումներ արել, բայց դրանք մնացել են անհետևանք։ Նախկինում էլ, հիմա էլ շարունակում եմ պնդել, որ իրավապահ համակարգը ջանքեր չի գործադրում նույնիսկ գործող օրենսդրությամբ կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի վերաբերյալ քրեական գործին։

 

Հիշեցնենք, որ դատախազության հանրային կապերի բաժնից երեկ տեղեկացրին, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել։

Դատախազությունը «Հետք»-ի հրապարակած «Նախկին պատգամավոր Ա. Գ.-ն վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1.5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում» վերտառությամբ հրապարակումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

 

Ըստ դատախազության` նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավորը, 2012-2019թթ. ընթացքում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի, մասնավորապես 2011թ. ապրիլի 6-ին 490 հազար դոլարով ձեռք բերած Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520 հազար դոլարով ձեռք բերած՝ Գլենդելի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած Վելի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: Ըստ դատախազության հաղորդագրության՝ Արթուր Գևորգյանը չի հայտարարագրել 1 միլիոն դրամը գերազանցող անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ նախորդ տարվա հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեռք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

 

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կատարել ՔՕ 314.1-րդ հոդվածի 2-դ մասով (Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 310.1 հոդվածի 1-ին (Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են) մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար նախկին պատգամավորին ներգրավել որպես մեղադրյալ:

 

Նկատի ունենալով, որ մեղադրյալը նախորդ տարվա փետրվարի 29-ից Հայաստանում չէ, հայտնի չէ նրա գտնվելու վայրը, և հնարավոր չէ ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը, ՀՔԾ քննիչի կողմից նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

 

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ը դեռևս 2016 թվականի նոյեմբերին էր գրել, որ այդ ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում երկու անշարժ գույք է ձեռք բերել։ Ընդ որում, կոնդոմինիումներից մեկը ձեռք էր բերել 2016-ի փետրվարին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից 200 հազար դոլար կանխավճար էր տրվել ֆինանսավորող բանկին։ Մեկ այլ առանձնատուն Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձեռք էր բերել 2015-ի հոկտեմբեր ամսին՝ այս անգամ Գլենդելում, 520 հազար դոլար արժողությամբ՝ 200 հազար դոլար վճարելով ֆինանսավորող կազմակերպությանը։ Գևորգյանը այդ ժամանակ հերքել էր մեր հրապարակումը՝ նշելով, որ պատրաստ է դրանք նվիրել նման լուրեր տարածողներին, որից հետո արդեն մենք հրապարակել էինք այն փաստաթղթերը, որոնք ապացուցում էին պատգամավորի կողմից այդ առանձնատների գնելն ու դրանց սեփականատերը լինելը։


2016-ին, սակայն, մեր հրապարակումն անարձագանք մնաց իրավապահների կողմից, քանի որ ոչ ոք չէր համարձակվի քրեական գործ հարուցել այդ ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի նկատմամբ։

 

«Մենք մշտապես ուշադրություն հրավիրել ենք նրա վրա, որ համակարգային կոռուպցիայի, պետության զավթումը իրականացնողների, կրողների նկատմամբ նման մոտեցումներն անարդյունավետ են։ Նախկին ԱԺ-ում և առհասարակ պետական համակարգում դոլարային միլիոնատերի առկայության փաստերի մասին մամուլում բազմիցս է գրվել, նույն «Հետք» պարբերականը տարիներ շարունակ նման հրապարակումներ է արել, բայց դրանք մնացել են անհետևանք։ Անհետևանք են մնում նաև հիմա։ Հեղափոխությունից հետո ընդամենը պետք էր հավաքել այդ բոլոր տվյալները և սկսել։ Բայց տեսնում ենք, որ թավշյա հեղափոխությունից առաջ հրապարակումները ուղարկվել են արխիվ, դիտարկվում են որպես հնացած և ոչ արդիական։ Այն դեպքում, երբ այդ հրապարակումներում խոսվում է հանցագործությունների մասին, օֆշորային սկանդալների, պանամյան փաստաթղթերի մասին։ Անգամ Երևանի քաղաքապետի մասին հրապարակում եղավ, բայց դրանք մնացին ուշադրությունից դուրս»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ տպավորություն է ստեղծվում, և այդ տպավորությունը գնալով հիմնավորվում է, որ սպասում են մարդիկ դուրս գան, հեռանան երկրից, և նոր քրեական հետապնդում իրականացնեն։ Սաքունցի խոսքով՝ կարծես թե ժամանակ է տրվում ենթադրյալ հանցագործներին խուսափելու պատասխանատվությունից, և ամեն նոր գործ ամրապնդում է այդ տպավորությունը:

 

«Պնդում եմ, որ պատշաճ ջանք, հետևողականություն չի ցուցաբերվում ոստիկանության, դատախազության, ԱԱԾ-ի կողմից համակարգային կոռուպցիայի կարկառուն դեմքերի նկատմամբ քրեական հետապնդումների իրականացման առումով։ Իսկ պատճառն այն է, որ դատաիրավական համակարգում արմատական փոփոխություն չի իրականացվել։ Իսկ դա կարող էր լինել միայն համակարգային և համակողմանի վեթինգի արդյունքում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Նշենք, որ Հայաստանում ապօրինի հարստացման վերաբերյալ օրենքը ընդունվեց 2017-ին։ Դրանից հետո՝ արդեն հեղափոխությունից հետո, ապօրինի հարստացման վերաբերյալ մի քանի քրեական գործեր հարուցվեցին, որոնցից մեկով անցնում է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, մեկ ուրիշ նման գործով՝ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, և երեք այլ գործեր կան։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019-ի մայիսին ԱԺ-ում հայտարարեց, որ ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ։

 

Հակակոռուպցիոն փորձագետների խոսքով՝ իրավապահ համակարգը չունի անհրաժեշտ փորձառություն ապօրինի հանցակազմով քրեական գործերի քննության մասով։

 

1in.am

Դիտումներ՝ 595

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????