Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մենք պետք է Եվրոպային հասկանանք, Եվրոպան՝ մեզ, դուրս գանք իմպերատիվ պահանջներ ներկայացնելու մշակույթից

April 11, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին հաջորդող թեժ քննարկումներին և բողոքի միջոցառումներին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում` մահվան սպառնալիքներ են հնչել: Ատելության խոսքը, այդ թվում՝ մահվան սպառնալիքները՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏ համայնքին, այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումն են և խտրականություն են, ինչն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ»։

 

Այս հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մասնավորապես նշել է, որ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին. «Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ»։ Նրա խոսքով՝ մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ. «Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ ԱԳՆ-ի արձագանքը անհամապատասխան էր ՀՀ Սահմանադրությանը: «ԱԳՆ-ի պատասխանը չի բխում ՀՀ իշխանության՝ մեր Սահմանադրությամբ իր քաղաքացիների նկատմամբ ունեցած պարտավորությունների տրամաբանությունից։ Երկրորդ՝ անհամարժեք արձագանք էր. ավելին՝ ոչ միայն պոպուլիստական, հակասահմանադրական էր, այլև ընդհանրապես չէր համապատասխանում ԵՄ-Հայաստան Ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած փոխադարձ պարտավորություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Մեր զրուցակիցն ընդգծեց. «ԵՄ-ն և Հայաստանը այդ համաձայնագրով ստանձնել են փոխադարձ պարտավորություններ, որոնց հիմքում ընկած է մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը՝ խտրականության բացառումը, էլ չեմ խոսում հակախտրականության օրենսդրության ընդունումը։ Ըստ էության, ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ տեղ է թողնում խտրական վերաբերմունքի դրսևորումների համար, խրախուսում, լեգիտիմացնում է խտրականության հնարավորությունը, որը հակասում է ՀՀ-ի ստանձնած պարտավորության կատարմանը, այն է՝ հակախտրականության օրենքի ընդունումը։ Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից ասում ենք՝ այո՛, պետք է ընդունել հակախտրականության օրենքը, մյուս կողմից՝ նման հայտարարությամբ ֆիքսում ենք, որ իրականում խտրական մոտեցում ունենք ՀՀ որոշ քաղաքացիների նկատմամբ»։

 

Սաքունցը հավելեց. «Բառացիորեն մի քանի օր առաջ, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցված կեղծ օգտատերի կողմից ատելության սպառնալիքի հիմքով, ուրբաթ օրվանից հետո մի քանի օր անցել է, բայց չկա որևէ հայտարարություն, որ քրեական գործ է հարուցված ատելության սպառնալիքի արտահայտությունների հիմքով այն մարդկանց նկատմամբ, որոնք դա արել են ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ, որի մասին շեշտեց Նիկոլ Փաշինյանը»։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ ընտրողական մոտեցումն առավել քան ակնհայտ է. «Կարծում եմ, որ անկախ քաղաքական կոնյունկտուրայից՝ նման հայտարարություններ անել պետք չէ։ Հասկանում ենք, որ պահպանողական ուժերը՝ հանձինս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, քաղաքական այն սեկտորն են, որ խտրական են իրենց մոտեցումներով։ Բայց իշխանությունն ունի հստակ մեծամասնություն և կարող է դիրքորոշում ներկայացնել խտրական այդ մոտեցումների նկատմամբ և գտնվել Սահմանադրության դիրքերում ու հանդես գալ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության դիրքերից՝ անկախ նրա որևէ հատկանիշից։ Եվ այստեղ նոր իշխանության համար լուրջ փորձություն է ժողովրդավարական ու իրավական բարեփոխումներին հավատարիմ մնալու հանգամանքը։ Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է վերանայի իր հայտարարությունը և հանդես գա նոր պարզաբանմամբ»։

 

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ պետք է զերծ մնալ մանիպուլյացիաներից, որոնք առաջ են գալիս դիրքորոշումների անհստակության հետևանքով: «Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ազատականության դիրքերից, բայց լռում են ազատականության սկզբունքներից նահանջի վերաբերյալ, ապա իրենց անտարբերությամբ նույնպես պատասխանատվություն են կրում մանիպուլյացիաների տարածման և սահմանադրական նորմերի չպահպանման համար»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ունեն շատ խորքային գույքագրման անհրաժեշտություն: «Պետք է հասկանալ՝ մինչև հիմա այդ հարաբերություններն ինչ տրամաբանությամբ են զարգացել։ Իմ գնահատմամբ՝ բյուրոկրատացման տրամաբանությամբ։ Այսինքն՝ եղել է իշխանական մակարդակ և այդ մակարդակում բյուրոկրատական հարաբերություններ և մեկ առանձին քաղաքացիական որոշակի բյուրոկրատիա։ Բայց խորքային, հանրային առումով Հայաստան-Եվրոպա ըստ էության սերտացում տեղի չի ունեցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Այն, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջանում է որոշակի ճգնաժամ, չհասկացվածություն կամ նկատելի վակուում, ըստ Բադալյանի՝ գալիս է ապացուցելու, որ այդ հարաբերությունները բյուրոկրատացման շրջանակներից դուրս չեն եկել. «Քանի որ համակարգը փլվել է, ապամոնտաժվել, մենք տեսնում ենք դատարկություն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Առաջին հայացքից լցվել են հարյուրավոր միլիոններ, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան, բայց մենք տեսնում ենք, որ երբ վարագույրը քանդվում է, էֆեկտը շատ քիչ է։ Սրանից տուժում է թե՛ Հայաստանը և թե՛ Եվրոպան։ Ես համարում եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար թե՛ զարգացման և թե՛ անվտանգության տեսանկյունից։ Հիմա շատ կարևոր է, որ այդ հարաբերություններն ապաբյուրոկրատականացվեն և բերվեն հանրային դաշտ։ Այստեղ եթե անդրադառնանք կոնկրետ դեպքին, պետք է դուրս գանք միմյանց իմպերատիվ պահանջներ ներկայացնելու մշակույթից, մենք պետք է Եվրոպան հասկանանք, Եվրոպան՝ մեզ»։

 

Ըստ Բադալյանի՝ խնդիրը լուրջ և բազմաշերտ է. «Այդ իմպերատիվ մոտեցումները ես կարծում եմ՝ ամենևին օգուտ չեն տալիս ընդհանուր հարաբերությունների զարգացմանը, և հակառակը՝ այդ հարաբերությունները խոչընդոտելու շահառուներին տալիս են բավականին մանիպուլյատիվ հնարքներ կիրառելու հնարավորություն»։

 

Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի արձագանքին, քաղաքական մեկնաբանը նշեց. «Նոր իրավիճակում և առկա խնդիրների պարագայում արձագանքը համարժեք է։ Պետք է Եվրոպան էլ հասկանա, որ իրողությունները փոխադարձաբար ճանաչելու խնդիր կա, որպեսզի խնդիրները, եղած հարցերը և ռազմավարական հեռանկարները արդյունավետ իրականացվեն»։

1in.am

Դիտումներ՝ 716

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????