Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այնպես չէ, որ տեղյակ չենք, թե ինչով են զբաղված եղել ԱԱԾ աշխատակիցներն իրենց բնակության վայրերում

May 6, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հորդորել է չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, որը, նրա խոսքով, հասարակության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերել: Նա ասել է, որ որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձել վախեցնել: Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում ԱԱԾ-ի շուրջ ստեղծված աղմուկը։

 

Ինձ համար տարօրինակ են այդ մարմնի վերաբերյալ հարցադրումները, քննադատական մոտեցումները, ընդհուպ նաև սարկազմով հարցադրումները որպես սպառնալիք ընկալելը։ Դա նշանակում է, որ այդ մարմնի ղեկավարն իրապես չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Այսինքն՝ ինքն այնքան է, այսպես կոչված, երևում որպես թավշյա հեղափոխության արդյունքում փոփոխված տրամաբանության կրողը, քանի դեռ բարեհաճ են այդ մարմնի և դրա ղեկավարի գործողությունների նկատմամբ։ Պետք է հիասթափեցնեմ պարոն Վանեցյանին և ասեմ, որ որևէ պետական մարմնի ղեկավար նման սպառնալիքի տոնով ոչ միայն չի կարող հեղափոխության արդյունքում ձևավորված տրամաբանության արդյունքում մտածել, որ կարող է վերաբերվել ՀՀ քաղաքացիներին, այլ նույնիսկ հրապարակային նման տոնով սպառնալ ՀՀ քաղաքացիներին նրանց քննադատական հարցադրումների կամ կարծիքների վերաբերյալ։ Պարոն Վանեցյանը պետք է գիտակցի, որ տրամաբանություն է փոխվել, պետք է գիտակցի, որ ինքը ղեկավարում է մի կառույց, որի գործունեության իրականացման վերաբերյալ իր կառույցի վիճակի, փոփոխությունների, բարեփոխումների վերաբերյալ բացարձակ ոչ մի տեղեկատվություն հանրությունը չունի։ Պարոն Վանեցյանը պետք է գիտակցի, որ հանրային ընկալումներում ԱԱԾ-ն որքան էլ փորձի այլ մարդկանց, այլ քաղաքացիների, այլ կառույցների կոռուպցիոն հանցագործությունների ուղղությամբ գործողություններով արդարացնել այդ կառույցի նշանակությունը, ինքը գոնե մեկ փաստ չի կարող ներկայացնել հրապարակավ, որով կարող է արդարանալ, թե մաքուր են կոռուպցիոն սխեմաներից, որոնք գործել են, իր իսկ խոստովանությամբ, ԱԱԾ-ում մինչև թավշյա հեղափոխությունը։ Ինքը չի որոշողը՝ հարմա՞ր է դրանց մասին հայտելը, թե ոչ։ Ինքը պարտավոր է իրազեկել այդ մասին, առանց որի որևէ վստահություն ունենալ, թե ԱԱԾ-ն իրապես փոխել է իր բովանդակությունը, բնույթը, գործիքակազմը, մոտեցումները, չենք կարող ունենալ։

 

Պարոն Վանեցյանը չարաչար սխալվում է, որ ինքն անձեռնմխելի է։ Ինքը մոռանում է, որ դա ՀՀԿ-ի տարիների անվտանգության ծառայությունը չէ, առավել ևս ԽՍՀՄ ԿԳԲ-ի բնույթի անվտանգության ծառայությունը չէ։ Ինքը մոռանում է, որ մեր աչքի առաջ են գործել ԱԱԾ-ի տարածքային ստորաբաժանումները և նրանց ղեկավարները։ Ինքը մոռանում է, որ մենք ոչ թե Ռուսաստանում կամ Հյուսիսային Կորեայում կամ Ադրբեջանում ենք ապրում, այլ ապրում ենք Հայաստանում։ Այնպես չէ, որ տեղյակ չենք, թե ինչով են զբաղված եղել ԱԱԾ աշխատակիցներն իրենց բնակության վայրերում. Բիզնեսներ, խանութներ, գազալցակայաններ, կոռուպցիոն հանցագործություններ, գործ կարել ու սարքել։ Ինքը պարտավոր է այդ ամենի մասին ներկայացնել տվյալներ, թե ինչ է արել ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և դրանց մեջ մասնակից անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

ԱԱԾ-ն և քաղաքական կոռուպցիայի, և տնտեսական կոռուպցիայի մեջ, և ապօրինի քրեական գործերի հարուցմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ է մասնակից եղել։ Մինչև հիմա նախկինում կատարված հանցագործությունների և դրանցում պատասխանատու անձանց մասին որևէ տվյալ չի ներկայացրել։ Եթե ինքը մտածում է, որ բոլորով պետք է զբաղվի, իսկ իր ղեկավարած կառույցով ոչ մեկն իրավունք չունի զբաղվելու, չարաչար սխալվում է։ ԱԱԾ-ն պետք է լինի հաշվետու, և պարոն Վանեցյանը ոչ թե ինքը որոշի, թե հարկ չենք համարել. բայց Դուք եք որոշելո՞ւ, որ հարկ համարեք, կամ չհամարե՞ք։ Այդքանից հետո որոշում եք, թե մյուսները կոռուպցիոն հանցագործություններ են կատարում կամ չեն կատարո՞ւմ։ Ես հստակ ասում եմ, որ պարոն Վանեցյանը, երբ հայտարարեց 2018-ի ապրիլից առաջ գործերի կարման մասին, քանի դեռ այդ կարված գործերի մասին տեղեկատվություն չի տրամադրել, թե ինչ է արել այդ գործերը սարքողների ու կարողների բացահայտման ուղղությամբ, մենք որևէ հիմք չունենք վստահելու նրա անաչառությանն ու օբյեկտիվությանը։ Առանց այդ տեղեկատվության ներկայացման վստահություն չի կարող լինել։ Իսկ այլոց գործողությունների, կամ այլոց գործողությունների մասին այսպես կոչված տեղեկատվության տարածումը չի ավելացնում վստահությունն իր կառույցի նկատմամբ։

 

Բայց կարծես թե հանրության մոտ գոհունակություն էր հենց ԱԱԾ-ի նկատմամբ։

 

Ինձ մոտ հաստատ ի սկզբանե այդպես չի եղել։ Ես Վանեցյանի նշանակման հենց սկզբից ասել եմ, որ նա պետք է ներկայացնի հստակ տեղեկատվություն, թե արդյոք ինքը ներգրավված է եղել քաղաքական հետապնդումների մեջ, թե ոչ։ Պետք է նաև հստակ տեղեկություններ ներկայացնի բիզնեսի և այլ կոռուպցիոն հանցագործությունների մեջ իր ներգրավված չլինելու մասին։ Այլ հարց է, որ հեղափոխության տրամաբանության և իներցիայի ուժով ակնկալիքները մեծ էին, որ պատասխանատվության ենթարկվեն նախորդ իշխանության օրոք լուրջ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված անձինք։ Բայց դա չի նշանակում, որ մենք ԱԱԾ-ին ուշադրություն չենք դարձրել, պարզապես այդ ժամանակահատվածում պարոն Վանեցյանը մտածել է, որ դրանով կարող է հանրային ուշադրությունը հեռացնել իր կառույցի ներսում կամ իր կառույցի ներկայացուցիչների կողմից կոռուպցիոն հանցագործություններում ներգրավվածության հարցից։ Ինքը չի կարող ներկայացնել գեթ մեկ փաստ, որով կարող է հիմնավորել, որ ինքը կամք ունի ԱԱԾ աշխատակիցների, ղեկավարների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Ես պետք է հիշեցնեմ պարոն Վանեցյանին, որ ժամանակին ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը պաշտոնապես հայտարարագրել էր 920 հազար ԱՄՆ դոլար։ Վանեցյանը պետք է հրապարակային քննության առարկա դարձնի գոնե այս փաստը։ Մենք չգիտե՞նք, թե ով ինչով է շնչում։ Եթե ինքը չգիտի, ես կարող եմ պարոն Վանեցյանի հետ գնալ մարզեր և տեղեկատվություն հավաքել, թե ով ինչով է զբաղվել։ Եթե չգիտի, ես կասեմ ձևը։

 

Բայց եթե չգիտի, նշանակում է, որ չի համապատասխանում իր պաշտոնին։ Իսկ եթե գիտի ու քայլեր չենք տեսնում, ընդհակառակը, տեսնում ենք որոշ անձանց պաշտոնների բարձրացում, ապա այդտեղ այլ բնույթի հարցեր են առաջ գալիս։ Եվ մի հորդոր պարոն Վանեցյանին՝ թող չփորձի հաջորդ անգամ սպառնալիքներով խոսել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, թե անիմաստ աղմուկ են բարձրացնում։ Բոլոր հարցերը, որոնք բարձրացնում ենք, որակել որպես անիմաստ աղմուկ, դա տիպիկ ԿԳԲ-ական մտածելակերպ ու վերաբերմունք է, որն անհամատեղելի է այն ակնկալիքների և գործընթացների հետ, որի համար մենք ջանք ենք գործադրել ու գործադրելու ենք Հայաստանում ժողովրդավարական, իրավական պետության կայացման համար։ Ինքը պետք է ժողովրդավարական, իրավական պետության տրամաբանության մեջ տեղավորվի, և ինքը չի որոշողը, թե մեր կողմից բարձրացված հարցերը անիմաստ են, թե ոչ։

 

lragir.am

Դիտումներ՝ 1287

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????