Իրավաբանական կլինիկա | Նորություններ
«Իրավաբանական կլինիկա 2022»-ն անցկացվում է նախորդ փուլերի մասնակիցների շրջանում՝ խորացնելով նրանց գիտելիքները հատկապես ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ
«Իրավաբանական կլինիկա 2022» ծրագիրը մեկնարկել է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը։ Ծրագրի այս փուլում ներգրավված են 10 մասնակիցներ՝ Լոռու, Շիրակի, Արարատի մարզերից ու Երևանից։
Դասընթացները վարում են փորձագետներ Արա Ղազարյանը, Կարեն Թումանյանը, Արաքս Մելքոնյանը, Հասմիկ Հարությունյանը, Դավիթ Գյուրջյանը և Գենյա Պետրոսյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ծրագիրն անցկացնում է 2013 թ․-ից, ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ավելի քան 100 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում։
Հաշվի առնելով կլինիկայի շրջանավարտների կարծիքները և գնահատելով արդեն ունեցած արդյունքները՝ այս փուլի ուսումնական ծրագիրը կազմվել է մասնակիցների գիտելիքները խորացնելու, հստակ, նեղ մասնագիտական հմտություններ ձևավորելու նպատակով՝ հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգերի վերաբերյալ։
Այդ իսկ պատճառով ծրագիրն այս անգամ իրականացվում է ոչ թե ուսանողների, այլ՝ «Իրավաբանական կլինիկա» ծրագրով վերջին տարիներին վերապատրաստված մասնակիցների համար՝ մարդու իրավունքների և ազատությունների խորացված ուսուցման նպատակով։ Վերոհիշյալ թեմաների ընտրությունը նպատակ ունի իրազեկելու իրավունքների խախտումների, դրանց վերաբերյալ Եվրոպական դատարանի պրակտիկայի, առկա խնդիրների մասին։
Տեսական խորացված փուլը վերաբերվում է հիմնականում կոնկրետ իրավունքի պաշտպանության մեխանիզմներին և առանձնահատկություններին, այդ իրավունքի պաշտպանության բոլոր հնարավոր ձևերին և մարտավարության մշակմանը։ Հաջորդ՝ գործնական փուլում մասնակիցները ծրագրում ներգրավված փորձագետների հետ կաշխատեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմում պատրաստելու ընթացակարգերի վրա։