Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մատաղիսի գործի բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը. Կարծիքներ

March 26, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը օրերս «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Մատաղիսի հայտնի քրեական գործի վերաբերյալ սենսացիոն հայտարարություն էր արել:



«Մատաղիսի զորամասում կատարվածից անցել է 7 տարի, և երկու զինվորականների սպանությունը չբացահայտված է մնացել», - հարցազրույցում ասել է Ջհանգիրյանը: Մեկնաբանի դիտարկմանը, թե ըստ դատավճռի, սպանության մեջ մեղադրվողները դատարանի որոշմամբ անմեղ են ճանաչվել, Ջհանգիրյանը արձագանքել է. «Ոչ, նրանք անմեղ չեն ճանաչվել, այլ արդարացվել են ապացույցների անբավարարության պատճառով: 6-7 տարի է, այդ գործով ակտիվ քննարկման գործողություններ չեն իրականացվում: Դե բնական է, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը Աղվան Հովսեփյանն էր, չէի կարող պահանջել չգիտեմ՝ ինչ անել: Բայց մեր հետագա նշանակված երկու դատախազներից Կոստանյանի ժամանակ այդ գործը դատարանում քննվել է և նույն մեղադրյալների նկատմամբ նույն մեղադրանքն է հաստատվել, ուղարկվել դատարան: Ես վերջերս դիմել եմ մեր քննչական կոմիտեի նոր նախագահին, խնդրել եմ, որ այդ գործով ակտիվ քննություն իրականացվի, պարզվի՝ ովքեր են ի վերջո մարդասպանները: Լավ, ենթադրենք դրանք (նկատի ունի նախկին մեղադրյալ երեք տղաներին) չեն, բայց եթե դրանք չեն, ուրիշները չէ՞ պետք է լինեն: Երկու անմեղ զինվոր է սպանվել: Ես ինքս շահագրգիռ եմ, որ բացահայտվի», - լրատվամիջոցին ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:



Նկատենք՝ Արցախի Մատաղիս գյուղում 2004-ի հունվարին երկու զինծառայող էր սպանվել՝ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը. Նրանց մարմինները հայտնաբերվել էր ջրամբարում: Ծառայակիցներին սպանելու համար մեղադրվում էին երեք երիտասարդներ՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղի դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել են և՛ ամբաստանյալները՝ չընդունելով հանցանքը, և՛ տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, որին չի գոհացրել պատժաչափը: Քրեական վերաքննիչ դատարանը, կրկին քննության առնելով գործը, 15 տարվա ազատազրկումը փոխարինել էր ցմահ ազատազրկումով:



Այդուհանդերձ, երկար մղձավանջից հետո Վճռաբեկ դատարանը 2006-ին բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած ցմահ ազատազրկման դատավճիռը և կալանքից ազատել ավելի քան 2 տարի 8 ամիս նախնական կալանքի տակ գտնվող երեք ամբաստանյալներին: Վճռաբեկ դատարանն անբավարար էր համարել Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերված նույն զորամասի զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ նրանց մեղադրելու ապացույցները: Ի դեպ, Հայաստանում սա առաջին դեպքն էր, երբ ցմահ ազատազրկման դատավճիռը փոխարինվում է արդարացման դատավճռով:



Սկսվում է նույն գործով մեկ այլ՝ նոր քննություն, որն ավարտվում է 2012-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճռով: Սպանված զինծառայողներից Մովսես Մկրտումյանի ծնողները ևս չէին հավատում, որ երեք տղաներն են սպանել իրենց որդուն: Այս վճռից հետո, երբ քրեական գործն անցնում է բողոքարկման փուլերը, այն դարձյալ ուղարկվում է նոր քննության: Սակայն մինչ այժմ նախաքննության ընթացքից որևէ ծպտուն չկա:  



«Այդ գործը պետք է այնքան քննվի, մինչև կատարողները հայտնաբերվեն, դրանում ոչ մի խոսք, ոչ մի կասկած», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է երեք տղաների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ դատական վճռի մեջ դատարանը մանրամասն անդրադարձել է կատարվածին, բոլոր փաստարկները տարիներ շարունակ քննվել են և ոչ մի կասկած չի մնացել երեք մեղադրյալների անմեղության մեջ:



Փաստաբանը նկատում է, որ Մատաղիսի գործի նոր քննությունը շատ պասիվ է ընթանում և այդ սպանության բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը:



«Պիտի քննվի ակտիվորեն, պիտի քննվի բազմակողմանի, բայց չպետք է արհեստական վարկած ստեղծվի ու գործի նյութերը հարմարեցվեն այդ նոր վարկածին, ինչպես դա տեղի էր ունեցել նախկինում», - նշում է փաստաբանը:



Արայիկ Զալյանը, որն այս գործով նախկին մեղադրյալ էր, այժմ հաջողակ իրավաբան է ու զբաղվում է Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանությամբ: Ասում է՝ նախկին մեղադրանքը պնդելու մասին Ջհանգիրյանի հայտարարություններն իր համար տարօրինակ չեն: Զալյանը և գործով մյուս նախկին մեղադրյալները Մատաղիսի քրեական գործի ձախողման գլխավոր մեղավորը համարել են հենց Գագիկ Ջհանգիրյանին, որն այդ ժամանակների զինվորական դատախազն էր: Զալյանը պնդում է այդ դիրքորոշումը. «Ինքն է եղել զինդատախազը, ո՞ւմ մեղադրենք»:



Ինչ վերաբերում է Մատաղիսի գործի բացահայտմանը, Զալյանի խոսքով, դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք: «Եթե այս ամենի արդյունքում այդ կամքը չգտնվեց ու չբացահայտվեց երկու զինծառայողների դաժան սպանությունը, ուրեմն մեր երկրում ոչ մի բան չի փոխվի», - ասում է նա:



Մինչ քրեական գործի ամբողջական բացահայտումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ կառավարությանը դիմումատուներին փոխհատուցել 50 հազար եվրո:

 

aysor.am

Դիտումներ՝ 936

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????