Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Որևէ հանրային դեմք ՀՀ-ում ատելության խոսք չի ասել ռուս ժողովրդի մասին էթնիկ հողի վրա․ երկրի քաղաքականության քննադատությունը չպետք է շփոթել այդ երկրի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի հետ. Իրավապաշտպան

August 18, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

«ՌԴ դեսպանատան վերջին հայտարարությունն իր ոճով, ձևակերպումներով ես որակում եմ նվազագույնը՝ ոչ կոռեկտ և չափերն անցած»,- անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից երեկ ՀՀ ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտային, որում մեր ռազմավարական դաշնակից երկրի դիվանագիտական ներկայացուցչությունն իր վրդովմունքն է հայտնում «տեղական տեղեկատվական տարածքում արծարծվող ցինիկ նյութերի» վերաբերյալ, «որոնք սրբապիղծ ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին  «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մասնակից լինելու վերաբերյալ»,- նշեց Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։  

 

Իրավապաշտպանը ՌԴ դեսպանատան նման  պահվածքում տեսնում է ՀՀ իշխանության թողտվությունը և նշում, որ  ԱԳՆ-ն պետք է դեսպանին նախարարություն հրավիրեր և հասկացներ, «որ դա այն տոնը և այն ոճը չէ, որ կարող է որևէ պետություն թույլ տալ իրեն Հայաստանի նկատմամբ»։ 

 

«Սա քաղաքացիական ազատությունների սահմանափակման ուղղակի հրահանգ է։ Ես հիշեցնեմ, որ նման նախադեպ կար մինչև հեղափոխությունը. ՌԴ նախորդ դեսպան Վոլինկինը հանդես էր եկել ՀՀ մի շարք ՀԿ-ների դեմ, թե՝  վերջիններս զբաղված են ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ։ Ընդամենը նման որակում էր տվել։ Եվ այն ժամանակվա իշխանությունները, ճիշտ է՝ նոտա չհղեցին դեսպանին, բայց գոնե տարբեր դեպուտատների մակարդակով եղավ արձագանք առ այն, որ դա իրենց գործը չէ, թե ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ինչ դիրքորոշումներ են արտահայտում։ Ես խոսում եմ նույնիսկ Սերժ Սարգսյանի կոռումպացված կառավարման համակարգի պայմաններում  նման արձագանք տալու մասին, մինչդեռ  իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները դեռևս չեն արձագանքել ՌԴ դեսպանատան այս սադրիչ հայտարարությանը»,- նկատեց իրավապաշտպանը։ 

 

Նկատեցինք՝ գուցե պատճառն այն է, որ ՀՀ-ում երկօրյա սուգ է, մարդիկ հարգում են օրվա խորհուրդը, զոհերի հիշատակը, և ավելի ուշ գուցե լինի արձագանք՝ Սաքունցը  հակադարձեց. «Եթե սգո օրը հաշվի չի առնում մեր ռազմավարական դաշնակիցը և թույլ է տալիս նման կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին կյանքին, թե՝ ով ինչ խոսի, ինչպես խոսի, և նաև հրահանգ է տալիս իշխանությանը, թե ինչպես իրեն պետք է պահի և ինչ քայլեր պետք է կատարի, ապա, կներեք, բայց ճիշտ ժամանակին պետք է արձագանքել։  Որովհետև եթե նման դիվանագիտական իրավիճակ է ստեղծվել, և նույնիսկ սգո օրը չհարգելով է նման բողոքի նոտա հղվում, ապա պետք է պատասխան արձագանքը նույն ոճով լինի ու օպերատիվ, նույնիսկ՝ հենց սգո օրը։ Ես չեմ ակնկալում, որ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը որևէ կերպ կարձագանքի ՌԴ դեսպանատան հայտարարությանը, բայց հիմնական ակնկալիքն ու պահանջը իշխող մեծամասնությունից է և ԱԳՆ-ից»։ 

 

Պարոն Սաքունցը դժվարացավ ասել, թե հատկապես ո՞ր կուսակցությանը կամ քաղաքական ուժին է ակնարկում ՌԴ դեսպանատունն  իր հայտարարության մեջ՝  խոսելով  նման «զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի» մասին, «որոնց նպատակը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները խաթարելն է»։  «Հայաստանի որևէ քաղաքական ուժ կամ քաղգործիչ, անկախ իր բնույթից, չեմ կարծում, որ իրեն թույլ տար այս ողբերգությունը շահարկել քաղաքական նպատակներով։ Չկա այդպիսի բան։ Բայց ՌԴ դեսպանատունը գիտակցաբար անուշադրության է մատնում այն հանգամանքը, թե ինչպես այս ողբերգությունն օգտագործվեց. խոսքը ոչ թե ողբերգության պատճառների վերաբերյալ մեդադրանքի մասին է, այլ ողբերգության փաստի քաղաքական շահարկման և օգտագործման։ Եվ  դեսպանատունն իր հայտարարությամբ  ցույց տվեց, որ հենց ինքն է ՀՀ քաղաքացիներին պատուհասած  աղետը քաղաքական նպատակներով օգտագործում՝  իշխանության վրա ճնշում բանեցնելու համար։ Սա է իրականությունը։ Իսկ եթե խոսքը քաղաքացիների մակարդակով ընթացող քննարկումների, սոցցանցերում հանդիպող տարբեր կարծիքների մասին է, ապա, կներեք, իրենց՝ ՌԴ-ի հանրային գործիչները, մեկնաբանները, վերլուծաբաններն ու պատգամավորներն են ՀՀ-ի վերաբերյալ տարատեսակ սադրիչ ու, մեղմ ասած, մտահոգիչ հայտարարություններ անում։  Իրենք են անթաքուց հայտարարում, որ աջակցել են Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի հարցում։  Բա սրա վերաբերյալ որևէ բացատրություն չունե՞ն։  Մենք գիտենք, որ ՌԴ-ում գործող, այսպես ասած, լեգալ կարծիքներ արտահայտողները Կրեմլի խոսնակներն են։ Նույն քաղաքագետ  Ստանիսլավ Տարասովը և այլք, մի ամբողջ շարք կարելի է թվարկել, արդեն բաց խոսում են, թե Թուրքիան է ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը, ու դա արդեն փաստ է. Թուրքիայի հետ են Աղդամում մշտադիտարկման կենտրոն բացել, այն դեպքում, երբ Թուրքիան այդ եռակողմ հայտարարության մեջ անգամ չկա։ Եվ ահա իրենց՝ կրեմլյան խոսնակների՝ ՀՀ-ի վերաբերյալ  ասածների վերաբերյալ պետք է ՌԴ-ն բացատրություն տա»։  

 

Իրավապաշտպանն այնուհետ   ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրեց հետևյալ  հանգամանքի վրա. «ՌԴ-ն այն երկիրն է, որի իշխանությունները տորպեդահարում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, որը ԼՂ խնդրի կարգավորման միակ ձևաչափն է մնացել, ԼՂ-ն ամենաբարձր՝ Պուտինի  մակարդակով ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Եթե մեր ԱԳՆ-ն ժամանակին և հասցեական արձագանքեր նման հայտարարություններին, ապա դրանք չէին կրկնվի այլևս։ Չարձագանքելը, անպատիժ թողնելը  բերում է այդպիսի սադրիչ հայտարարությունների շարունակական դրսևորումների»։  

 

Պարոն Սաքունցին հարցրինք նաև Ս. Տարասովի՝ կայքերից մեկին տված հարցազրույցում հնչեցրած՝ ՀՀ-ում առկա ռուսաֆոբիայի մասին պնդման վերաբերյալ։ Արդյոք ճի՞շտ է Տարասովի տպավորությունը՝ այն դեպքում, երբ ՌԴ-ում խոշոր հայկական համայնք է ապրում և աշխատում, մասնավորապես ուկրաինական պատերազմից հետո էլ ՀՀ-ն գրկաբաց ընդունում է հազարավոր ռուսաստանցիների, որոնք այստեղ բնակություն են հաստատում, կազմակերպություններ հիմնում... Ըստ իրավապաշտպանի՝ երկրի ղեկավարության քաղաքականության վերաբերյալ քննադատությունը չպետք է շփոթել այդ երկրի ժողովրդի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և կամ ֆոբիայի հետ։ «Քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը նույնականացնել այդ երկրի էթնիկ խմբի հետ՝ գիտակցված մանիպուլյացիա է։ Այսպիսի մոտեցումը հիշեցնում է Լյուդովիկոս 14-րդի հայտնի խոսքը՝  «Ֆրանսիան ես եմ, ես եմ Ֆրանսիան»։ Երբ քաղաքական պրոպագանդիստներն իրենց նույնականացնում են իրենց երկրի ողջ ժողովրդի հետ, բնականաբար, իրենց վերաբերյալ ցանկացած  սուր խոսքի պետք է փորձեն հակադարձել նման հորինվածքով՝ ռուսաֆոբիա։ Որևէ հանրային դեմք ՀՀ-ում ատելության խոսք չի ասել ռուս ժողովրդի մասին էթնիկ հողի վրա։ Երբ ես կամ այլ գործիչ քննադատում եմ, ասենք, կադիրովյան ռեժիմը, կարո՞ղ է մեղադրեն   չեչենաֆոբիայի մեջ։  Անմտություն է նման պնդում անելը»։

 

civic.am

Դիտումներ՝ 48

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????