Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խոսքի ազատության, ատելության խոսքի եւ բռնության քարոզի սահմանը

December 19, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանում ատելության խոսքի դեմ պետք է պայքարել, սակայն դա չպետք է վնասի խոսքի ազատությանը, ինչպես նաև չպետք է ատելության խոսքը քրեականացվի: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան  Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովին, որը պետք է զբաղվի ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրությունը բարելավելով:

 

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ընդհուպ առաջարկում են քրեականացնել ատելության խոսքը: Արթուր Սաքունցի խոսքով՝ պետք է դիտարկել ատելության խոսքից դեպի թշնամանքի, բռնության խոսքի սահմանը, ինչը շատ կարևոր է:

 

«Երբ խոսք է գնում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումների մասին, զուգահեռաբար մտահոգություններ են առաջ գալիս, որովհետև դա ամենազգայուն թեմաներից մեկն է, և տարբեր երկրներում երկար տարիներ խոսքի ազատության համար պայքար է մղվում: Այս առումով մտահոգությունները տեղին են: Բայց նաև գիտենք, որ կոնվենցիայով խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և այն կարող է սահմանափակվել, եթե խոսքը վերաբերում է բռնության, պատերազմի, թշնամանքի հրահրմանը»,- ասաց Սաքունցը:

 

Նրա խոսքով՝ մեր իրականության մեջ խոսքի ազատության անվան տակ ատելության դրսևորումների խնդիր կա: Ատելության խոսքի ծավալները երկրում մեծացել են: Բայց, ըստ իրավապաշտպանի, կոնկրետ խմբերի նկատմամբ ատելությունը մշտապես եղել է, թիրախավորել են կոնկրետ խմբերի՝ կրոնական փոքրամասնություններ, սեռական, էթնիկ փոքրամասնություններ, լրագրողներ: Իսկ քաղաքական բանավեճի մեջ ատելության խոսքը մշտապես է եղել:

 

«Ես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում այդ քննակմանն ուշադիր հետևեցի, և կարևոր է, որ երբ մենք խոսում ենք խոսքի ազատության իրավունքի մասին, ապա դա ավելի շատ վերաբերում է քաղաքացիներին: Այսինքն՝ պետք է ավելի շատ պաշտպանված լինի քաղաքացին: Պաշտոնատար անձինք, քաղաքական ու հանրային գործիչները միշտ էլ թիրախավորվելու են, դա իրենց ընտրությունն է: Ավելին, նույնիսկ ՄԻԵԴ-ն ունի մի նախադեպային որոշում, որ նույնիսկ ամենասուր քննադատություններին պաշտոնատար անձը պետք է շատ ավելի հանդուրժող մոտենա: Բայց այստեղ կա մի կարևոր հանգմանք, որ անկախ նրանից, թե անձը ինչով է զբաղվում, շատ կարևոր է, թե ատելության խոսքն ինչ հիմքով է կառուցվում: Քաղաքական բանավեճում դա կարող է դրսևորվել, բայց եթե ատելության խոսքը կառուցվում է որևէ հատկանիշով, օրինակ, էթնիկ, կրոնական պատկանելությամբ, սեռական կողմնորոշմամբ և այլն, ապա անկախ նրանից, թե ում է հասցեագրված, ինքնին անթույլատրելի է»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ այստեղ կարևորը ատելության խոսքի կառուցման հիմքն է:

 

Թե ինչպես պետք է սահմանել այդ նուրբ սահմանը, որպեսզի ատելության խոսքի անվան տակ չվտանգվի խոսքի ազատությունը, և օրենսդրությունը կամայական չուղղվի ոմանց դեմ, Արթուր Սաքունցը նշեց, որ ամեն կոնկրետ դեպքում պետք է դիտարկում անել:

 

«Այստեղ կա նաև խոսքի մշակույթի գործոնը: Այսինքն՝ քաղաքական մշակույթի հետ կապված հարցեր կան, որոնք որևէ օրենքով չեն կարող կարգավորվել կամ սահմանվել: Խնդիրը կայանում է նրանում,որ ընդհանրապես մարդու իրավունքի, արժանապատվության նկատմամբ հարգանքի մշակույթը կարող է հանդիսանալ երաշխիք՝ տվյալ պետությունում ատելության խոսքի կանխման կամ հաղթահարման համար: Ժողովրդավար ու զարգացած երկրում ատելության խոսքի կարգավորումը որևէ պետական գործչի կողմից կարող է համարվել նրա քաղաքական կարիերայի ավարտը, որովհետև որևէ հատկանիշով խտրական մոտեցման արտահայտությունը համարվում է անհամատեղելի նրա՝ հասարակական դաշտում ներկայանալի լինելու տեսակետից: Այսինքն՝ ատելության խոսքն անթույլատրելի պետք է համարվի հանրային վարքագծի տեսակետից: Եվ այստեղ կարող է մշակվել նաև հայեցակարգ, որը կվերաբերի պետական մարմիններին, պետական ու հասարակական գործիչներին: Այն կարող է ունենալ կրթական, տեղեկատվական բաղադրիչ»,- ասաց նա:

 

Ըստ Սաքունցի, բոլոր դեպքերում դա պետք է տեղավորվի ոչ թե քրեական արդարադատության տիրույթում, այլ պետք է քաղաքացիական տիրույթում լինի:

 

«Նույնիսկ զրպարտանքն ու վիրավորանքն այլևս չպետք է համարվի քրեորեն հետապնդելի արարք: Պետությունը չպետք է գնա այդ ճանապարհով, ավելի շատ պետք է գնա կանխման ճանապարհով, որովհետև խտրական մտածելակերպն է ատելության խոսքի հիմք հանդիսանում: Բայց պետք է դիտարկել ատելության խոսքից դեպի թշնամանքի, բռնության խոսքի սահմանը: Պետք է հաշվի առնել, որ ատելության խոսքը կարող է նաև հանգեցնել քրեորեն պատժելի գործողությունների՝ բռնությունների»,- ասաց նա:

 

Բացի դա, ըստ իրավապաշտպանի, պետք է հակախտրականության օրենք ընդունվի Հայաստանում, որի հիման վրա պետք է գնահատականներ ու ախտորոշումներ տրվեն խտրական վերաբերմունքի դրսևորումներին:

 

lragir.am

Դիտումներ՝ 812

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????