Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մոլախոտերով լի դաշտում հատվածային օազիսներ ստեղծելու փորձերը անպտուղ և անարդյունավետ են լինելու

April 27, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Ինչպե՞ս եք գնահատում, որ վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքները հետաձգվել են մինչև դեկտեմբերի վերջը:

 

Ես չեմ կարող ասել, թե ինչով է բացատրվում կամ հիմնավորվում նման որոշումը: Հաշվի առնելով նաև վեթինգի հետ կապված այս իրավիճակը, երբ որոշ պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ խորքային և համակարգային վեթինգի գործիքները չեն կարող օրենքով ընդունել, քանի որ Սահմանադրության հետ կապված խնդիրներ կան, ես կարծում էի, որ այդ խոչնդոտը վերացնելու տեսակետից պետք է ավելի կարճ ժամանակում փորձեին ավարտել սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակումը և հանրային քննարկման դնելու մասին որոշում կայացնեին: Բացի այն, որ գործող Սահմանադրությունը որպես Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն ապահովելու փաստաթուղթ, արդեն իսկ պետք է շատ շուտ փոխվեր: Առնվազն այս նկատառումով, գումարած նաև այն, որ գործող Սահմանադրությունն իրապես չի ապահովում իշխանության ճյուղերի տարանջատման և փոխզսպման սկզբունքը, այսինքն ինքը ժողովրդավարական պետության Սահմանադրություն չէ, պետք է որ ջանքեր գործադրվեին, ռեսուրսները ներդրվեին ավելի շուտ փոփոխությունների նախագիծը մշակելու և գոնե սեպտեմբերին ավարտելու համար: Դրանից հետո ևս մեկ ամիս պետք կլիներ հանրային քննարկում անցկացնելու համար, և այդ դեպքում նոյեմբեր-դեկտեմբերին մենք արդեն կունենայինք նոր Սահմանադրություն: Մենք արդեն իսկ ուշացրել ենք, որովհետև դա պետք է արվեր հեղափոխությունից անմիջապես հետո: Դրա համար ինձ համար հասկանալի չէ, նաև ընդունելի չէ նման հետաձգումը, որովհետև պետական կառավարման և դատաիրավական համակարգի ժողովրդավարական և իրավական պետության համապատասխանության ապահովման տեսակետից ինքը բավական լուրջ խնդիրներ է առաջացնում: Այս առումով ուշացած լինելով հանդերձ, ջանքեր չգործադրել, որ էլ ավելի չուշանա, դրա փոխարեն ուշանալու տրամաբանության մեջ գտնվել, ես դա չեմ կարողանում հասկանալ:

 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որն ընդունվեց նախորդ շաբաթ: Շատերը կարծում են, որ սա հենց նախորդ իշխանություններին է ուղղված:

 

Էստեղ երկու հարց կա՝ օրենքի բուն արդյունավետության հարցը և օրենքի կիրառման արդյունավետության հարցը: Այն, որ նման օրենք պետք է, դա միանշանակ է: Եթե նախորդ իշխանության ներկայացուցիչները շատ մտահոգված են, նշանակում է իրենք ընդունում են, որ մտահոգվելու հիմքեր ունեն: Սա այն գործիքն է, որով պետք է վերահսկողություն իրականացվի, կանխվեն պետական պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման դեպքերը: Սա համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկն է: Այնպես որ, օրենքը խիստ անհրաժեշտ է: Օրենքը վերաբերվելու է ոչ միայն պետությունը զավթածներին, որի դրսևորումներից մեկը հենց ապօրինի հարստացումն է, այլ նաև պետք է վերաբերվի ցանկացած ժամանակահատվածի, այդ թվում նաև հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածին: Եթե հեղափոխությունից հետո որևէ պաշտոնատար անձ ձեռք բերի գույք, որի ծագման օրինականության հետ կապված հարցեր կան, դրանք նույնպես քննության առարկա պետք է դառնան:

 

Բայց այստեղ հանգում ենք մի կարևոր հարցի, թե ովքե՞ր են այդ օրենքը կիրառողները լինելու, որովհետև դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պայմաններում, նաև պայմանավորված նրանով, որ այդ նույն դատական իշխանության ներկայացուցիչները, դատավորները տարբեր կախվածություններ ունեն թե նախորդ իշխանություններից, թե որոշակի զսպվածություն ունեն ներկա իշխանությունների կողմից, որովհետև իրենք նոր ձևով աշխատելու տրամաբանություն չունեն, եթե նույնիսկ ուղիղ թելադրանք չկա, իրենք մտածելակերպով են այդպիսին, դրա համար վստահել, որ ներկա դատաիրավական մարմինների պարագայում այդ օրենքը կունենա այն ակնկալված արդյունավետությունը, որը մենք ուզում ենք, իհարկե, կասկածանքի տակ է: Եվ հենց դրանով է պայմանավորված, որ ես կարևորում եմ սահմանադրական փոփոխությունները, որովհետև այդ փոփոխություններով պետք է ապահովվի իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը, այդ թվում դատաիրավական մարմինների նկատմամբ: Ես նկատի ունեմ թե դատախազությունը, թե ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, որպեսզի այսպիսի օրենքների արդյունավետությունը, որոնք ընդունում ենք ելնելով ժառանգություն ստացած խնդիրներից, բարձր լինեն: Եթե այսպիսի օրենքների կիրառման արդյունավետության երաշխիքները չեն ձևավորվում սահմանադրական փոփոխությունների միջոցով, ապա իրապես արդյունավետության հետ կապված հարցեր են լինելու մեր օրակարգում:

 

Այսինքն վստահությունը, որ անշեղորեն կիրառվելու են այդ իրավական գործիքները, չի ամրապնդվում սահմանադրական երաշխիքներով: Հետևաբար, կարևորելով հանդերձ նման գործիքները և դրանց նշանակությունը, ես կարևորում եմ սահմանադրական երաշխիքների առկայությունը: Քանի դեռ դա չկա, մենք կունենանք այն նույն պատկերը, որը ունենք վեթինգի դեպքում: Եթե վեթինգ չի իրականացվում, ապա ռիսկեր կան, որ կարող են, ասենք, դատավորները կամ դատախազությունը օրենքով ակնկալվող ջանքերը չբավարարեն:

 

Իշխանությունները հայտարարում են, որ փուլ առ փուլ են գալու վեթինգի:

 

Փուլ առ փուլի գաղափարի նկատմամբ վստահությունը շատ մեծ բանով պայմանավորված է ամեն մի փուլում գործիքի բովանդակային համապատասխանությամբ այն խնդիրների հետ կապված, որոնք մենք ուզում ենք լուծել: Հիմա եթե այս փուլում դու իրականացնես ոչ թե վեթինգ, այլ բարեվարքություն, հետևաբար այս փուլի մոտեցման հիմնավորվածությունը կամ վտահելիությունը խարխլվում է: Փուլ առ փուլի հիմնական երաշխիքը սահմանադրական երաշխիքներն են: Եթե այդ երաշխիքները չկան, ապա փուլ առ փուլի մոտեցման նկատմամբ վստահությունը նվազում է, եթե չասեմ խարխլվում է: Չի կարելի իշխանության տարանջատման և փոխլրացման սկզբունքի հիման վրա պետական կառավարման վիճակը չապահովելով փորձել խոցելի Սահմանադրության պարագայում արդյունավետություն ակնկալել փուլ առ փուլ տարբերակով: Եթե լիներ նոր Սահմանադրությունը իմ նշած իշխանության տարանջատման և փոխլրացման երաշխիքներով, ապա փուլ առ փուլը կունենար արդյունքներ: Եթե դու չունես այդ սահմանադրական երաշխավորված դաշտը, ապա այդ մոլախոտերով լի դաշտում հատվածային օազիսներ ստեղծելու փորձերը անպտուղ և անարդյունավետ են լինելու:

 

lragir.am

Դիտումներ՝ 419

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????