Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Եթե հանրության կողմից այլընտրանք ընկալվող ուժ լիներ, իշխանափոխությունը դառնալու էր ժամերի հարց». իրավապաշտպան

December 1, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Պատերազմում պարտությունից հետո արտահերթ ընտրությունների թեման շարունակում է մնալ թե քաղաքական, թե հասարակական օրակարգում: Արտահերթ ընտրությունների անցկացման հարց այսօր կարող է դնել միայն իշխող ուժը: Իշխող «Իմ քայլը» կուսակցությունը թեև կտրուկ չի մերժում 6 ամիս անց նման հնարավոր զարգացումը, սակայն հստակ չի նշում՝ արտահերթ ընտրություն լինելո՞ւ է, թե՞ ոչ: 

 

Օրերս մի շարք ՀԿ-ներ  հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը: «Գործող կառավարության ողջամիտ պարտավորությունն է նման գործընթացի սկսելը, մասնավորապես՝ առաջին հերթին հայտարարելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին հասնելու նախապատրաստման ծրագրի մասին, որը կներառի ժամկետները, օրենսդրության և իրավանորմերի վերջնամշակումն ու ընդունումը՝ երաշխավորելու համար հնարավոր ամենածավալուն հանրային վստահությունն այդ քաղաքական գործընթացի նկատմամբ՝ ազատ և արդար ընտրությունների երաշխավորման նպատակով»,-մասնավորապես նշված է ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի» գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և այլն: 

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համակարծիք է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են. «Դա օբյեկտիվորեն հիմնավորված է թե ներքին քաղաքական, թե ռազմական, թե արտաքին հարաբերություններում, թե տնտեսական իրավիճակով պայմանավորված: Այն, ինչ կար պատերազմից առաջ, և այն ինչ կա հիմա, արմատապես իրարից տարբերվող իրավիճակներ են: Մենք հիմա գտնվում ենք բոլորովին այլ Հայաստանում»: 

 

Ըստ Սաքունցի՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են քաղաքական լուծումներ տալու համար: «Պետք է լինի այնպիսի իշխանություն, որը անվերապահ վստահության քվե ստանա ստեղծված իրավիճակից պետությունը դուրս բերելու համար: Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել այն պայմաններում, որում մենք գտնվում ենք»,-շեշտեց Սաքունցը: 

 

Միևնույն ժամանակ իրավապաշտպանը հնարավոր չի համարում այսօր վարչապետի հրաժարական պահանջող ու իշխանության գալու համար պայքարող նախկին ուժերի վերադարձը: «Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք երկար տարիներ եղել են իշխանության, այդ թվում` Վանեցյանը, որը ԱԱԾ Երևանի պետի տեղակալն էր, առնվազն 20 տարի ՀՀԿ-ն ու նրա հետ կոալիցիոն կառավարման մեջ մտած ուժերը, ձախողել են պետությունը և հիմա փորձում են հասնել ռևանշի, դա իհարկե լուրջ մարտահրավեր  է: Ավելին՝ նրանք որևէ անելիք չունեն, որովհետև նրանք հնարավորություն ունեին անելու, պետության արդյունավետությունը բարձրացնելու, բայց չեն արել»,-տեսակետ հայտնեց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Հեղափոխություն իրականացրած հանրությունը շատ ավելի գիտակից է, քան քաղաքական ուժերը, որոնք փորձում են այդ հանրության անունից հանդես գալ: Քաղաքական ուժերը ոչինչ չեն առաջարկում, բացի այն, որ այս իշխանությունը հեռանա»:

 

Միևնույն ժամանակ, ըստ Սաքունցի, եթե այս պայմաններում հանրության կողմից այլընտրանք ընկալվող ուժ լիներ, իշխանության փոփոխությունը դառնալու էր օրերի ու ժամերի հարց: «Սակայն ինքնին արտահերթ ընտրությունները վստահելի իշխանություն ձևավորելու համար բավարար չեն: Անհրաժեշտ է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, որ նոր իշխանության վստահության քվեն երաշխավորված լինի: Եվ այդպիսի պարտավորություն ունի ներկա իշխանությունը»,-եզրափակեց իրավապաշտպանը: 

 

Հիշեցնենք, որ պարտությունից հետո վարչապետի միջոցով իշխանությունը 6 ամիս ժամանակ խնդրեց՝ ճանապարհային քարտեզ ներկայացնելով: Խոսքը մասնավորապես Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի ու Սահմանադրության փոփոխության մասին է: 

 

Ամբողջական հոդվածը՝ newarmenia.am

Դիտումներ՝ 127

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????