Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 30: Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ. կա ևս 1 զոհ

October 30, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից շարունակաբար թիրախավորվել են Արցախի/ԼՂ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ օրվա ընթացքում մայրաքաղաքին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է 2 քաղաքացի: Ավերվել  ու վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ: Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով քաղաքի բնակելի հատվածներին և քաղաքացիական օբյեկտներին հասցվել է նյութական մեծ վնաս: Ադրբեջանական հարվածների հետևանքով Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում 2 քաղաքացիական անձ է վիրավորվել: Շրջկենտրոններ Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներն ու հարակից բնակավայրերը նույնպես ենթարկվել են հարվածների, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն համայնքներին հասցվել է նյութական մեծ վնաս:


Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության/ ԱԻՊԾ աշխատակիցներին, որի հետևանքով ԱՀ/ԼՂ ԱԻՊԾ 1 աշխատակից զոհվել է, 5-ը վիրավորվել են:

 

ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ի գիշերը մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա քաղաքացիական անձ: Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ի ցերեկը նա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է ընդունել վերոնշյալ քաղաքացուն։

 

ՀՀ ՄԻՊ-ի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

 

Դրա մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ ՀՀ իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ քաղաքացու առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը: Հոկտեմբերի 29-ին հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա ևս 1 քաղաքացիական անձ:

 

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները: Վեր հանված նմանություններն ակնհայտ են:

 

Նույն օրը  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։


Հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր՝ Արցախում խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։

 

Կողմերն ընդգծել են 2 կառույցների համագործակցության կարևորությունը և պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

 

Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հարցազրույց է տվել գերմանական  DW լրատվամիջոցին, որում նշել է․ «Սա հումանիտար աղետ է։ Նրանք թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։ Նրանք օգտագործում են կասետային ռումբերի, կասետային զինամթերքի, մարտագլխիկներ, հրթիռներ: Քաղաքներն ու գյուղերն ուժեղ ռմբակոծության են ենթարկվում»։

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ  ադրբեջանական զինուժի կողմից  ԱՀ/ԼՂ-ի Ակնաղբյուր գյուղի ռմբակոծության հետևանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ, 6-ը վիրավորվել են:

 

Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Հանդիպման առանցքում ԼՂ-ի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկություն հաղորդեց ԱՀ/ԼՂ-ի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը համընդհանուր են՝ անկախ տվյալ տարածքի կարգավիճակից, և այս կապակցությամբ ցանկացած այլ մեկնաբանություն կրականապես անընդունելի է:

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն էլ նամակով դիմել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին և ՆԱՏՕ-ի անդամ պետություններին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրակարգում հրատապ կարգով քննարկման դնել հետևյալ հարցերը՝ 

 

📌ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ուղղակի և անուղղակի կերպով ներգրավման կանխում,

📌Թուրքիայի կողմից ահաբեկիչներ վարձելու և Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողություններին ներգրավելու բացառում,

📌Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական գործողություններում պատերազմական հանցագործությունների օբյեկտիվ քննության անցկացում և կանխարգելման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում։

 

Մինչ օրս  ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ընդհանուր թվով 43 խաղաղ բնակիչ. 41-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  2-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարում՝ Շուշի, Արցախ/ԼՂ, 29.10.2020

Դիտումներ՝ 232

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????