Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԶԵԿՈՒՅՑ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎԱՊԱՀ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶՈՐԱԿՈՉԻ, ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

April 28, 2023

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Սեփական

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածով ամրագրված զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության իրականացման շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, կարևորելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական  վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ձևավորումը, իրականացնում է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկում, տրամադրում է իրավական աջակցություն զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին, կուրսանտներին, պահեստազորում հաշվառված անձանց, սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին, զորացրված և վաղաժամ զորացրված պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, սպաներին, այդ թվում՝ զինծառայությունից արձակված, անհայտ կորած և զոհված զինծառայողների հարազատներին, ռազմագերիներին եւ նրանց ընտանիքի անդամներին։

 

Միաժամանակ, նպատակ ունենալով նպաստել զինված ուժերում բարեփոխումների արդյունավետ իրականացման գործընթացին՝ Կազմակերպությունը զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների և համակարգային տարբեր խնդիրների վերլուծության արդյունքում հանդես է գալիս ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններին ուղղված  առաջարկություններով։

 

Զեկույցն ամբողջական կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ, որոշ մանրամասներ ներկայացնում ենք ստորև․

 

Անդրադառնալով  պաշտպանության գերատեսչության, իրավապահ և դատական մարմինների կողմից զորակոչի, վարժական հավաքների, զինվորական ծառայության կազմակերպման բնագավառներում մարդու իրավունքների չափանիշների պաշտպանության վիճակին, արձանագրենք հետևյալ խնդիրները

 

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների հետ կապված

 

• Բժշկական հետազոտությունների համար զորակոչիկներին տրամադրվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափը բավարար չէ մարզերից Երևան մեկնելու համար։

•  Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են արհեստական խոչընդոտներ ստեղծել զորակոչիկներին իրենց առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը տրամադրելու հարցում՝ տրամադրելով միայն դրանց մի մասը։

• Քաղաքացիների ծանուցումը չի իրականացվում պատշաճ կարգով, չնայած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան զինվորական կոմիսարիատը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է «զինկոմիսարիատ» (Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարաժքային ստորաբաժանում) ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով ներկայանալու ժամկետը: Փոխարենը՝ ծանուցման թերթիկը հանձնում են կամ տանը գտնվող այլ անձանց, կամ ծանուցում են զանգի միջոցով, երբեմն՝ ոչ անմիջապես զորակոչիկին:

• Վարժական հավաքներին կանչվող պահեստազորայինները ևս ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ ներկայանալու մասին ծանուցվում են հեռախոսազանգով։

• ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներում բացակայում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների կողմից իրենց առողջության վիճակի վերաբերյալ նախկինում ներկայացված փաստաթղթերը։

•  Վարժական հավաքների մասնակցելու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են կանչվում վերջին մեկ տարվա ընթացքում եռամսյա վարժական հավաքներին մասնակցած պահեստազորայինները։

• Պահեստազորում հաշվառված անձանց ծանուցում են մասնակցելու վարժական հավաքներին, որոնք դեռևս չեն հայտարարվել:

• Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում վերցնում են անձանց զինվորական գրքույկները և առանց հիմնավոր պատճառի տևական ժամանակ հետ չեն վերադարձնում:

•  44-օրյա պատերազմական գործողություններին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու համար վերջիններիս վրա է դրվում փաստաթղթերի ներկայացման պարտականությունը։

•  44-օրյա պատերազմի մասնակիցների զինվորական գրքույկներում չեն կատարվում համապատասխան գրառումներ այդ մասին:

• ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումները գերությունից վերադարձած և ապա վաղաժամ զորացրված զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերը՝ այդ թվում նաև զինվորական գրքույկները, տրամադրում են ավելի քան 6 ամիս անց:

 

 

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովների հետ կապված

 

 •  Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հանձնաժողովների կողմից զորակոչիկներին հատկացված ուղեգրերում երբեմն առկա են տեխնիկական թերություններ (թերի գրառումներ), որոնց պատճառով բուժհաստատությունները հրաժարվում են զորակոչիկներին ենթարկել բժշկական հետազոտությունների և վերջիններս ստիպված են լինում վերադառնալ, նորից ուղեգիր ստանալ և կրկին գնալ Երևան։

•  Անտեսվում են զորակոչիկների առավել լուրջ առողջական խնդիրները և պիտանիության մասին որոշում կայացնելիս հանձնաժողովները հիմնվում են առկա այլ, ավելի թեթև արտահայտված առողջական խնդիրների վրա, որոնցով կայացված որոշումը չի համապատասխանում զորակոչիկի առողջական վիճակին։

•  Պետության կողմից տրամադրվող անվճար բուժօգնության շրջանակներում երբեմն առաջարկվում է առավել անարդյունավետ անվճար բուժում։ 

•  Զորակոչիկներն ուղղորդվում են այն բուժհաստատություններ, որտեղ աշխատում է զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկված համապատասխան բժիշկը։

•  Զորակոչիկներին չեն տրամադրվում իրենց առողջական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ակտերը և վերջնական եզրակացությունը:

•  Զորակոչիկի սեփական նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները հաշվի են առնվում ըստ հայեցողության։

•  Որոշակի առողջական խնդիրների հիմքով տարկետում ստանալու դեպքում հաջորդ զորակոչին զորակոչիկների բուժզննություններն իրականացվում են թերի՝ միայն նշված առողջական խնդիրների կապակցությամբ և չեն բացահայտվում նոր ի հայտ եկած առողջական խնդիրները, որը հիմք կարող է հանդիսանալ հետագայում նրանց պիտանի ճանաչելու համար։

•  Զորակոչիկների առողջական վիճակի հետազոտության փաստաթղթերը չեն արտացոլում վերջիններիս իրական առողջական վիճակը։

•  Զորակոչիկների և վարժական հավաքների կանչվող պահեստազորում հաշվառված քաղաքացիների ոչ բոլոր գանգատներն են արձանագրվում հանձնաժողովների կողմից։

•  Պահեստազորում հաշվառված քաղաքացիները չեն ենթարկվում օրենքով սահմանված ծավալով բժշկական հետազոտությունների և փորձաքննության, ավելին, քաղաքացիների ներկայացրած գանգատներին ի պատասխան հորդորում են  ներկայացնել սեփական միջոցներով իրականացրած բժշկական հետազոտությունների եզրակացությունները, ինչը կարող է խնդրահարույց լինել հատկապես սոցիալապես անապահով անձանց համար։

•  Հանձնաժողովներում պահեստազորայինների նկատմամբ բժշկական հետազոտությունն իրականացվում է միայն բանավոր՝ հակիրճ հարց ու պատասխանի միջոցով։

•  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներում պահեստազորում հաշվառված անձանց տրամադրում են բուժզննությունների ներկայանալու վերաբերյալ կարգագիր, նրանց հորդորում են հնարավորինս շուտ անցնել բժշկական հետազոտություններ՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ քաղաքացուն նախատեսում են ներգրավել վարժական հավաքներին շուրջ վեց ամիս անց, որի դեպքում առողջական վիճակում կարող է փոփոխություն տեղի ունենալ, հաստապես որոշ սեզոնային հիվանդությունների դեպքում։

 

Կենտրոնական բժշկական հաձնաժողովի հետ կապված

 

•  Հաճախ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը չի համապատասխանում զորակոչիկների առողջական վիճակի հետազոտության վերաբերյալ ակտերով հաստատված ախտորոշումներին: Միևնույն առողջական խնդրի առկայությամբ երկու տարբեր զորակոչերին զորակոչիկները փորձաքննվում են միմյանցից էականորեն տարբերվող հոդվածներով՝ արդյունքում զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը ճանաչվում է պիտանի զինվորական ծառայությանը։

•  Զորակոչիկը չի ուղեգրվում որակյալ և հետևաբար թանկարժեք բժշկական հետազոտության, որի արդյունքում վերջինս ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, և միայն  զորակոչիկի կողմից սեփական նախաձեռնությամբ հետազոտության արդյունքների հիման վրա ԿԲՀ-ն ստիպված է լինում փոխել իր որոշումը՝ զորակոչիկին ճանաչելով ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 

•  Նախկինում բուժման նպատակով տարկետում ստացած զորակոչիկներն առանց արդյունավետ բուժման հաջորդ զորակոչին ճանաչվում են պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինծառայության համար։

•  Բուժզննությունների արդյունքում երկու տարբեր ախտորոշումների դեպքում զորակոչիկը չի ուղարկվում ստուգիչ բժշկական հետազոտության, իսկ երբեմն հաշվի չեն առնվում զորակոչիկների սեփական նախաձեռնությամբ անցած բուժզննությունների արդյունքները, և առանց դրանք հաստատելու կամ  ժխտելու,  ԿԲՀ -ն   կայացնում վերջնական որոշումը։

•  Անտեսվում են զորակոչիկների առավել լուրջ առողջական խնդիրները, իսկ բուժզննությունների արդյունքում արձանագրված հակասական տվյալների առկայության դեպքում ԿԲՀ-ն որոշում կայացնելիս  հիմնվում է այն արդյունքների վրա, ըստ որոնց զորակոչիկը համարվում է պիտանի զինվորական ծառայության համար:

 

ՀՀ առողջապահության նախարարության բուժհաստատությունների հետ կապված

 

•  Բուժհաստատությունները շարունակում են չտրամադրել զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման ակտերի և բժշկական փորձաքննության արդյունքներով տրված եզրակացությունների օրինակները։ 2022 թ․ Կազմակերպության կողմից առաջարկվեց, որ անձի կողմից իր առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները բժշկական կազմակերպությունը պարտավոր է տրամադրել անվճար և գրավոր կարգով՝ առավելագույնը 5-օրյա ժամկետում (հիմք ընդունելով զորակոչի ժամկետային սահմանափակումը)։ Առաջարկությունն ընդունվեց ՀՀ ՊՆ կողմից որոշակի փոփոխությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ սահմանվեց, որ առողջական վիճակի վերաբերյալ տվյալները քաղաքացուն կարող են հասանելի լինել նաև էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով»: Այնուամենայնիվ, խնդիրը դեռևս լուծված չէ, քանի որ բժշկական հաստատությունները չունեն պարտավորություն 5-օրյա ժամկետում անձին տրամադրել  իր առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները։

•  Բուժհաստատությունները հետազոտություններ իրականացնելիս ոչ միշտ են առաջնահերթությունը տալիս զորակոչիկներին, արդյունքում՝ վերջիններս ստիպված են լինում սպասել հերթի մեջ՝ քաղաքացիական անձանց հետ միասին, չնայած այն հանգամանքին, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»:

•  Որոշ մասնավոր բուժհաստատություններ շարունակում են տարբերակված մոտեցում ցուցաբերել զորակոչային տարիքի անձանց նկատմամբ՝ հրաժարվելով նրանց ենթարկել բժշկական հետազոտությունների՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ անձը ներկայացել է հետազոտության սեփական նախաձեռնությամբ և իր ֆինանսական միջոցների հաշվին:

•  Ռազմաբժշկական հաստատություններում բուժզննություն անցնող պարտադիր ժամկետային զինծառայողները հաճախակի ենթարկվում են  բուժաշխատողների կոպիտ ու արհամարհական վերաբերմունքին։ Վերջիններիս կողմից զինծառայողներին նշանակվում է դեղորայք, որի ոչ անվանումը և ոչ օգտագործման նշանակությունը զինծառայողներին չեն բացատրում ՝ պատճառաբանելով, որ  դա իրենց պետք չի, և հորդորում են ուղղակի ընդունել նշանակված  դեղորայքը։

 

Կառավարության/ պաշտպանության նախարարության հետ կապված 

 

 •  Վարժական հավաքներից անձանց ազատելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները և լրացումները, որոնք, ըստ ՀՀ ՊՆ-ի գտնվում են շրջանառության և հաստատման փուլում, դեռևս չեն ընդունվել, և ներկայումս վարժական հավաքների շարունակում են կանչվել անձինք, ում ընտանեկան պայմանները թուլ չեն տալիս նույնիսկ կարճ ժամկետով բացակայել ընտանիքից։

•  Ներկայումս Կառավարությունը փորձում է կարգավորել վարժական հավաքների կանչվող քաղաքացիների ոչ միայն աշխատատեղի, այլ նաև աշխատավարձի պահպանման հետ կապված հարցերը։ Սակայն հստակ չէ, թե ինչպես պետք է կարգավորվի անհատ ձեռներեց հանդիսացող պահեստազորում հաշվառված անձանց աշխատավարձի խնդիրը այն դեպքում, երբ վերջինս իր բացակայության ընթացքում եկամուտ չի ունենալու, ինչը հանգեցնելու է նրա և նրա ընտանիքի ֆինանսական վիճակի վատթարացմանը, հատկապես այն դեպքերում, երբ անձն ունի վարկային պարտավորություններ  և շատ ավելի բարձր ամսական եկամուտ, քան սահմանված է ՀՀ կառավարության  2018 թ. հոկտեմբերի 18-ի «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝ որպես նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ։

•  Գերությունից վերադարձած զինծառայողը կրկին ներգրավվում է զինվորական ծառայության մեջ առողջական վիճակի համալիր հետազոտման և հոգեբանական արդյունավետ աջակցության տրամադրման և վերականագնման։

•  Անհայտ կորած անձանց հարազատներին հաճախ հայտնում են, որ անձին անհայտ բացակայող ճանաչելու համար դատարան դիմելու դեպքում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի, որի պատճառով ընտանիքները խուսափում են դիմել դատարան։

•  Միջգերատեսչական համագործակցությունը ոչ արդյունավետ է այն դեպքերում, երբ, օրինակ, Կառավարության կողմից որոշում է ընդունվում  վարժական հավաքներ հայտարարելու մասին, որը ուժի մեջ է մտնում հաջորդ օրը, իսկ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին ծանուցում են արդեն իսկ հաջորդ օրը ներկայանալու եւ ծառայության վայր մեկնելու մասին՝ առանց հաշվի առնելու վարժական հավաքների ներկայանալու պարտավորության մասին օրենքով սահմանված 20-օրյա ժամկետը։

•  Չնայած «զինկոմիսարիատ» տերմինը փոխարինվել է «Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում» տերմինով, այնուամենայնիվ որոշ իրավական ակտեր դեռևս չեն ենթարկվել անհրաժեշտ փոփոխությունների։

•  ՀՀ պաշտպանության նախարարությունը դրսևորում է գաղտնիության բարձր մակարդակ, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու տեղեկությունների տրամադրման հարցում:

•  Զորակոչիկների և պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների գործերով, երբ վերջիններս չեն համաձայնում զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչելու մասին որոշումների, զինվորական ծառայության ընթացքում՝ զինվորական ծառայության հետ կապված ընդունվող որոշումների, գործողության կամ անգործության հետ, բողոքներ են ներկայացվում նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին։ Գրեթե բոլոր գործերով իրավասու վարչական մարմինը մերժում է կազմակերպության կողմից բերված բողոքը՝ հիմնավոր համարելով  ստորադաս վարչական մարմնի վարչարարության իրավաչափությունը։ Ներկայացված վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում պատճաշ քննարկման առարկա չեն դառնում ներկայացված բողոքի  փաստական և իրավական հիմքերը, որն էլ հիմք է հանդիսանում նշված որոշումը, գործողությունը կամ անգործությունը հետագայում դատական կարգով բողոքարկելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարության վարքագիծը զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում ընդունվող որոշումների, գործողության կամ անգործության դեմ ներկայացված բողոքների ոչ պատշաճ քննության վերաբերյալ դրական փոփոխության չի ենթարկվել, չնայած այն հանգամանքին, որ նշված խնդրին Կազմակերպությունն  անդրադառնում է սկսած 2016 թ․-ից։

 

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ի և քննչական մարմինների հետ կապված

 

 •  ԴՆԹ նմուշառման համընկնման դեպքում անհայտ կորած անձանց՝ մահացածների համապատասխան ցուցակ տեղափոխելիս նրանց հարազատներին չի տրամադրվում դատաբժշկական փորձաքննության եզրակացության օրինակը, ինչի հետևանքով վերջիններս չեն կարողանում դիմել զինծառայողների ապահովագրության հիմնդրամ՝ ֆինանսական աջակցությունից օգտվելու համար։

•  Անհայտ կորած անձան հարազատներին ներկայացված մասունքները չեն համապատասխանում զինծառայողների կառուցվածքին։

 

Քննչական կոմիտեի/ կայազորային քննչական մարմինների հետ կապված

 

•  Զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու մասին եզրակացությունների հետ չհամաձայնած և դրանք վերադաս մարմիններին և դատական ատյաններ բողոքարկող զորակոչիկների գործերով վարույթն իրականացնող մարմինը շարունակում է հաշվի չառնել և պատշաճ քննության առարկա չդարձնել զինվորական ծառայության մեկնելուց հրաժարվելու պատճառները և հիմնավորումները։ Նշված հանգամանքը հաշվի չի առնվում նաև քրեական գործերի դատական քննության ընթացքում: Զորակոչիկների դեմ հարուցված քրեական գործերով քննչական մարմինները շարունակում են հանդես գալ որպես զորակոչ ապահովող մարմին։

•  Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական դատավարությունների իրականացման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործերի վարույթը կասեցվում են՝ քրեական պատասխանատվության ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ Վարույթն իրականացնող մարմնի որդեգրած այս անթույլատրելի պրակտիկան հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքի խախտմանը։ Քրեական գործի վարույթը կասեցնելու միջոցով վարույթն իրականացնող մարմինը՝ կիրառելով ազգային օրենսդրության նորմերը, արդյունավետ քննություն չի իրականացնում։

•  Քրեական գործերը, հատկապես զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների դեպքերով, քննվում են շատ երկար, չեն պահպանվում գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքները։ 

•  Անհայտ կորած զինծառայողների գործով նախաքննություն իրականացնող մարմինը տուժողի իրավահաջորդներին անհիմն ու անհասկանալի պատճառներով գործի քննության ընթացքում երկար ժամանակ գործով դատավարական կարգավիճակ չի տալիս, մասնակից չի դարձնում իրականացվող քննությանը։ Անհայտ կորած զինծառայողների հարազատները տուժողի իրավահաջորդի կարգավիճակ են ստանում և մասնակից են դառնում գործի վարույթին միայն կազմակերպության փաստաբանների ներգրավվելուց և համապատասխան միջնորդություններ ներկայացնելուց հետո։

 

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների հետ կապված

•  Դատարական գործերը չեն քննվում ողջամիտ ժամկետներում:

ՀՀ վարչական դատարանի հետ կապված

•  Դատական գործերը դարձյալ չեն քննվում ողջամիտ ժամկետներում։

Դիտումներ՝ 503

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????