Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը բավարարել է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի միջնորդությունը՝ Հ.Ա.-ի հարկադիր հիվանդանոցային բուժումը արտահիվանդանոցայինով փոխարինելու վերաբերյալ

November 26, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2015-ի դեկտեմբերի 4-ին Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր ընդունել քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած  Հ. Ա.-ին Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում տեղավորելու մասին՝ որպես անվտանգության միջոց: Ավելի ուշ՝  2016-ի հունվարի 18-ին, Հ. Ա.-ի հանդեպ բժշկական բնույթի հարկադիր միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել էր դատարան, որն էլ փետրվարին որոշել էր ազատել Հ. Ա.-ին ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով քրեական պատասխանատվություն կրելուց և պատժից՝ փոխարենը նրա նկատմամբ դարձյալ կիրառել հարկադիր բուժում՝ հոգեբուժական հաստատությունում:

 

2 տարի անց՝ 2018-ին,  դատարանը մերժեց Հ. Ա.-ի նկատմամբ կիրառվող  հարկադիր հոգեբուժական հիվանդանոցային բուժումը արտահիվանդանոցայինով փոխարինելու՝ մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի միջնորդությունը: Խնդրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել է իր նախորդ հրապարակումներում:

 

2019թ․-ի մայիսի 21-ին  դիսպանսերը նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նույն պահանջով, հիմնավորելով, որ Ա.-ի վիճակը բավարար է, նա հանրության համար վտանգ չի ներկայացնում, ուստի՝  հարկադիր բուժումների վերանայման հանձնաժողովը նպատակահարմար է գտնում նրա հետագա հարկադիր բուժումն ամբուլատոր պայմաններում: Նշենք նաև, որ նախորդ որոշումից հետո, Հ. Ա.-ը դիսպանսերից փախուստի փորձ էր կատարել, նրա մոտ արձանագրվել էր վիճակի վատթարացում, շնորհիվ բուժումների, սակայն, այն հաջողվել էր կայունացնել:

 

Չնայած հանձնաժողովի պնդումներին՝ դատախազության ներկայացուցիչը կարծիք էր  հայտնել, թե Ա.-ը վտանգ է ներկայացնում ոչ միայն իր, այլև հարազատների համար, մինչդեռ Հ. Ա.-ի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի խոսքով, հոգենյարդաբանական դիսպանսերի միջնորդությունը  հիմնավոր էր ու չբավարարելու հիմքեր չկային:

 

Փաստաբանն ասում է, որ շուրջ 4 տարի հարկադիր բուժման ենթարկելը, այն դեպքում, երբ հոգեբուժական հաստատությունը դեռ 2018 թվականից պնդում է, որ նման անհրաժեշտություն չկա, ավելին է, քան ՀՀ ՔՕի 177 հոդվածով նախատեսված պատիժը։

 

2019-ի նոյեմբերի 11-ի նիստում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի միջնորդությունը՝ հաշվի  առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Ա.-ի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի դիրքորոշումը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը փոփոխելու վերաբերյալ դիսպանսերի միջնորդության մասին:

 

Ինչպես նշում է Լոռու մարզի հարկադիր բուժումների վերանայման հանձնաժողովի նախագահ, մարզի գլխավոր հոգեբույժ  Գայանե Քալանթարյանը՝ «դատարանը շարունակ մերժել է իրենց՝ հարկադիր բուժումը փոխարինելու հարցում, քանի որ Հ. Ա.-ի մայրն ամեն կերպ խոչընդոտում էր,  որ տղան դուրս չգրվի դիսպանսերից, պայմաններ ու միջավայր չէր ստեղծում, որպեսզի տղան տանն ապրի: Հավանաբար իր անձնական պատճառներն ուներ, նաև՝ սոցիալական վիճակը»:

 

Միջնորդության բավարարման մասին որոշման հարցում հաշվի են առնվել նաև Լոռու մարզի հարկադիր բուժումների վերանայման հանձնաժողովի եզրակացությունը, հիվանդության պատմությունը, այն, որ Հ. Ա.-ի ներկա առողջական վիճակը վտանգ չի ներկայացնում թե՛ իր, թե՛ շրջապատի համար և որ նրա նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրական միջոցը փոխելու մասին միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման՝ համաձայն ՀՀ ՔՕ 101-րդ հոդվածի (Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: 2. Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին: 3. Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին):

 

Հ. Ա.-ի նկատմամբ կկիրառվի արտահիվանդանոցային հարկադիր բուժում և հսկողություն՝ հոգեբույժի մոտ:

 

Դիտումներ՝ 897

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????