Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինված Ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ

June 6, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները հանձնառեցին իրականացնել համապարփակ ժողովրդավարական բարեփոխումներ, մինչդեռ, անվտանգային ողջ համակարգը շարունակեց մնալ հայ-ռուսական երկկողմանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։

 

2020 թ. հուլիսի 10-ին ընդունվեց ՀՀ անվտանգության նոր ռազմավարությունը, որը երկրորդն էր անկախության ողջ ժամանակահատվածում (առաջինն ընդունվել է 2007 թ-ին): Ռազմավարության ընդունումից ամիսներ անց, Ադրբեջանը, ոտնահարելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հայտարարության2 արդյունքում դադարեցվեցին պատերազմական գործողությունները, սակայն հետպատերազմական ժամանակահատվածում Ադրբեջանը շարունակեց ռազմական ագրեսիան՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ (2021 թ. մայիսին ադրբեջանական զորքերը օկուպացրեցին ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 41 քառակուսի կմ)։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի ծանր հետևանքները էականորեն փոխել են Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, ինչպես նաև առաջացրել են Հայաստանի անվտանգային ճարտարապետության խորը ճգնաժամ՝ անհրաժեշտ է վերանայել ներկայիս Ռազմավարությունը և Ռազմական դոկտրինը՝ նոր իրողություններից բխող՝ պետության ազգային անվտանգության քաղաքականության հիմնական տարրերին համահունչ:

 

ՀՀ կառավարությունը, թե՛ պատերազմական գործողությունների ավարտից հետո, թե՛ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, պարտավորություն վերցրեց բարեփոխելու զինված ուժերը, սակայն հանրությունը մինչ այժմ տեղեկացված չէ այդ բարեփոխումների ընթացքից։ Ավելին, հայտնի չէ այդ բարեփոխումների իրականացման Հայեցակարգը։ Այս ընթացքում զինված ուժերում շարունակվում են արձանագրվել զինծառայողների մարդու իրավունքների խախտումներ, և այդ փաստերը հիմնավորում են զինված ուժերում մարդու իրավունքների շարունակվող մտահոգիչ դրությունը։

 

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ) նախաձեռնեց զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Հայեցակարգի մշակման աշխատանքները՝ փորձագետների ներգրավմամբ, որը ներկայացնում ենք սույն հրապարակմամբ։ Առաջին անգամ զինված ուժերի բարեփոխումների Հայեցակարգի հիմքում առաջարկում ենք «փոքր պետության» ռազմական ռազմավարության ադապտացիայի գիտատեսական մոտեցումը, որի հիման վրա ենք պատկերացնում նաև Հայաստանի Հանրապետության նոր անվտանգության ռազմավարության ձևավորումը և ռազմավարական տեսլականի ստեղծումը։ Կարևոր ենք համարել անդրադառնալ Հայաստանի Հանրապետության՝ որպես փոքր պետություն, զինված ուժերի կառուցվածքի կոնցեպտուալ փիլիսոփայությանը, նրա պաշտպանական ռազմավարության առանձնահատկություններին և ռազմական սպառնալիքներին դիմակայելու ժամանակակից կարողություններին, պաշտպանական համակարգի և զինված ուժերի դինամիկ ադապտացիայի կարևորությանը՝ հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության միջավայրը և հնարավոր սպառնալիքները:

 

Վերլուծությամբ առաջարկվում է, որ ՀՀ պաշտպանական դոկտրինը և ԶՈւ արդիականացումն ու բարեփոխումները հիմնված լինեն, կամ, առնվազն, մեծապես հաշվի առնեն վերը ներկայացված պաշտպանական լուծումներն ու փորձը՝ ցուցաբերելով համապատասխան համակարգային մոտեցում եւ անհրաժեշտ քաղաքական կամք՝ նկատի ունենալով, որ Հայաստանի աշխարհագրական չափանիշները համեմատելի և նույնիսկ համադրելի են մի շարք փոքր պետությունների հետ, որոնք ունեն հաջողված անվտանգային հայեցակարգեր, և որոնց փորձը նույնպես ներկայացված է սույն աշխատանքում։

 

Սույն փաստաթուղթն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության առկա մեխանիզմներին, անվտանգային ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործիքներին, արդյունավետ և նոր մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությանը՝ ի նպաստ թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների հնարավորինս արդյունավետ ապահովման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման:

 

Աշխատությունն առաջարկում է դիտարկել Հայաստանի Հանրապետության անվտանգային ոլորտի նկատմամբ արդյունավետ կառավարման սկզբունքների գնահատման գործընթացի իրականացումը՝ որպես պաշտպանական ոլորտի բարեփոխումների արդյունավետ պլանավորման և կիրարկման հրամայական: Կարևորվում է Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, զինված ուժերում կանանց դերը, նրանց ներգրավման ու առաջխաղացման հնարավորությունները եւ խոչընդոտների հաղթահարումը, ինչպես նաև՝ զինված ուժերում ներգրավված անձանց կրթական խնդիրների հասցեագրումը։

 

Ակնկալում ենք ներկայացված Հայեցակարգի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներ ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ անվտանգային քաղաքականություն մշակող մարմինների, մասնավորապես՝ ՀՀ անվտանգության խորհրդի կողմից։

 

Նշենք, որ Փաստաթուղթը պետական մարմիններին ներկայացնելուց հետո ստացել ենք արձագանքներ, մասնավորապես՝ ՀՀ անվտանգության խորհրդի կողմից նախաձեռնվել է աշխատանքային քննարկում, իսկ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից ստացել ենք գրավոր պատասխաններ, որոնք կից ներկայացվում են:

 

Փաստաթուղթն ամբողջությամբ՝  ԱՅՍՏԵՂ ։

Դիտումներ՝ 265

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????