Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ անվտանգության համակարգի սահմանափակումները և դրանց հաղթահարման հնարավորությունները․ՀՀ ՀԱՊԿ անդամակցության առավելություններն ու թերությունները

January 11, 2023

Գործունեություն

Հունվարի 10-ին կայացավ «ՀՀ անվտանգության համակարգի սահմանափակումները և դրանց հաղթահարման հնարավորությունները» թեմայով քննարկումը, որի ընթացքում ներկայացվեց նույնանուն աշխատությունը, որը մշակվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրաված փորձագետների հետազոտությունների արդյունքում։

 

 

Աշխատությունում դիտարկվում են Հայաստանի Հանրապետության ՀԱՊԿ անդամակցության առավելություններն ու թերությունները: Ներկայացվում են նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես փոքր և ոչբլոկային պետության համար հնարավոր առավելությունները՝ տարածաշրջանային կամ գլոբալ նոր մարտահրավերների ի հայտ գալու դեպքում անվտանագային համակարգերը համաչափ զարգացնելու պարագայում։

 

 

Աշխատությունը մշակվել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի, անվտանգային քաղաքականության փորձագետ Արեգ Քոչինյանի, միջազգային հարաբերությունների մասնագետ Էդուարդ Աբրահամյանի և անվտանգային քաղաքականության փորձագետ Ալբերտ Ներզեթյանի կողմից կատարված հետազոտությունների հիման վրա։

 

Քննարկմանը հրավիրված էին Հայաստանում գործող տարբեր դեսպանությունների ներկայացուցիչներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ ՀՀ պաշտպանության նախարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, քաղհասարակության ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։

 

 

Քննարկման բացման խոսքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, կարծիք հայտնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի, ընդգծեց, որ  կատարված հետազոտության արդյունքները ներկայացնելու կարևոր նպատակներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները դիտարկեն Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի այլընտրանքային հեռանկերների հնարավորությունները։

 

 

Ըստ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի՝ Հայաստանում ներկայումս գործող անվտանգային համակարգը կենսունակ չէ և Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի անվտանգային համակարգ, որը հնարավորություն կտա մանևրելու արտաքին դաշտում։

 

 

Փորձագետի կարծիքով, Հայաստանի Հնարապետությունը՝ անդամակցելով ՀԱՊԿ-ին, զրկված է մանևրելու հնարավորությունից, քանի որ 2021 թ. մայիսի և 2022 թ. սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերը, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, եկան հաստատելու այն փաստը, որը ՀԱՊԿ-ը, չնայած ունի հստակ գործիքակազմ, սակայն որպես կառույց գործուն չէ, քանի որ գործում է ընտրովի։

 

 

Անվտանգային քաղաքականության փորձագետ Արեգ Քոչինյանը, թվարկելով ՀՀ տարածքները, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք 2022 թ. սեպտեմբերին ենթարկվեցին օդային հարձակման Ադրբեջանի կողմից, նշեց, որ այդ խնդիրները չեն արժանացել որևէ քաղաքական գնահատականի ՀԱՊԿ-ը կողմից։

 

 

ՀԱԿՊ-ի նման մոտեցումը, ըստ փորձագետի, չի հիմնավորվում ՀԱՊԿ-ի անպատրաստվածությամբ կամ կարողությունների բացակայությամբ, քանի որ նախկինում ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում անցկացվել են զորավարժություններ նույն 2022 թ սեպտեմբերի դեպքերի սցենարով։ Ըստ Քոչինյանի, այստեղ խոսքը գնում է միայն ՀԱՊԿ-ի քաղաքական կամքի բացակայության մասին։

 

 

Միջազգային հարաբերությունների մասնագետ Էդուարդ Աբրահամյանը ներկայացրեց աշխատության հատվածը, որը վերաբերում է ԱՄՆ - Հայաստան ռազմավարական գործընկերությանը, ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակից դառնալու հեռանկարներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։

 

 

Ըստ փորձագետի, Հայատանի գոյաբանական, անվտանգային, տնտեսական խնդիրների լուծումները գտնվում են երկրի ներսում, ոչ թե դրսում։ Իսկ ներսում այն հնարավոր է անել միայն գիտելիքահեն լուծումներ գտնելով։

 

 

Աշխատությունը, ըստ փորձագետի, իր մեջ ներառում է նման լուծման բանալիները։ Աբրահամյանը նշեց, որ հաջողակ փոքր պետություները առաջին հերթին դիմել են իրենց ներքին հնարավորություններին և ռեսուրսներին։ Փոքր պետությանը գոյաբանական առավել նպաստավոր պայմաններ ձևավորելու համար անհրաժեշտ է մանևրականություն, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիա։ Հայաստանը, ըստ փորձագետի, 30 տարիների ընթցքում սահմանափակել է իր մանևրականությունը, դիվերսիֆիկացիայի հնարավորությունները, այն դեպքում, երբ կարող էր վարել համադաշնակցման քաղաքականություն։

 

 

Անվտանգային քաղաքականության փորձագետ Ալբերտ Ներզեթյանը ներկայացրեց փոքր պետությունների ռազմավարական գործընկերության առավելությունները, ինչպիսիք են ոչբլոկային պետություն լինելը, մանևրականությունը և արտաքին հարաբերություններում որոշում կայացնելու կարողության մեծացումը, համագործակցությունը ավելի մեծ պետությունների հետ՝ օգտվելով այդ պետությունների մի շարք՝ այդ թվում անվտանգային հնարավորություններից։

 

 

Աշխատությունում ներկայացվող առաջարկություններն են`

❖ Հստակ ազդանշել ԱՄՆ կառավարությանը և Կոնգրեսին, որ Հայաստանի Հանրապետությունը երկկողմ հարաբերություններում նպատակադրված է հասնելու ռազմավարական գործընկերության մակարդակի և ունի ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակի ձգտելու հավակնություններ։

 

 

❖ ԱՄՆ կառավարությանը և Կոնգրեսին ազդանշել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ներքին դիմակայունության և արտաքին մանևրականության բարձրացման համար առաջնահերթություն է սահմանվել անվտանգային կարգավորումների, ռազմական համագործակցության և համապատասխան գործարքների միակողմանիությունն ու մեկ աղբյուրից վտանգավոր գերկախվածությունը զգալի նվազեցնելը՝ հետագայում նպատակ ունենալով դրանք փոխարինել կամ փոխլրացնել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակից բխող հնարավորություններով։

 

 

❖ ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանությունների հետ աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիայի/ակտի ընդունման և զարգացման ուղղությամբ։

 

 

❖ Որդեգրել ՀԱՊԿ-ը լքելուն միտված քաղաքականություն, որի շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել ներքոնշյալ քայլերը՝

✓ սահմանափակել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ մարմինների հանդիպումներին,

✓ նվազեցնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը՝ ՀԱՊԿ ռազմավարական նշանակության փաստաթղթղերի մշակման և համաձայնեցման գործընթացներում,

✓ սահմանափակել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող զորավարժություններին, հրամանատարաշտաբային վարժանքներին և զինվորականների միջև փորձի փոխանակման միջոցառումներին,

✓ շեշտակի նվազեցնել Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը ՀԱՊԿ շրջանակներում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում արտաքին քաղաքական դիրքորոշումներրի համակարգման աշխատանքներում

 

 

❖ Չօգտվել «1992 թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» Համաձայնագրի շրջանակներում արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերելու հնարավորությունից:

 

 

❖ Հստակ ազդանշել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության ՀԱՊԿ-ը լքելու մտադրվածության մասին՝ սույն դիրքորոշումը զուգակցելով Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերություններում առկա խնդիրների և հնարավորությունների գույքագրման և հարաբերությունների վերաիմաստավորման աշխատանքներով:

 

 

❖ Ձևակերպել և ռուսական կողմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կողմից ոչբլոկային արտաքին քաղաքականության կուրս որդեգրելու շարժառիթները, ինչպես նաև՝ Հայաստանի ոչբլոկային կարգավիճակի առավելությունները՝ Հայաստանի և Ռուսաստանի շահերի համադրման համատեքստում։

 

 

❖ Տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ԶՈՒ զորախումբը Սիրիայի Արաբական Հանրապետությունից դուրս բերելու ուղղությամբ։

 

 

❖ Ձևավորել փորձագիտական, գիտական և արտաքին քաղաքականության ոլորտում որոշում կայացնող շրջանակների ներկայացուցիչներից բաղկացած ինստիտուցիոնալ ձևաչափ (մարմին)՝ միտված Հայաստանի Հանրապետության այնպիսի արտաքին քաղաքականության հայեցակարգի և ազգային անվտանգության ռազմավարության համատեղ գծագրմանը, որը կբխի Հայաստանի արտաքին քաղաքական չեզոքության հայեցակարգային առանձնահատկություններից:

 

Հիշեցնենք, որ նշված աշխատությունը Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) աջակցությամբ Անվտանգության բնագավառի նկատմամաբ վերահսկողության աջակցման ծրագրի շրջանակում իրականացվող ուսումնասիրության առաջին մասն է, իսկ երկրորդ մասը նախատեսում է անդրադառնալ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգին եւ հայեցակարգային մոտեցումներին։

Կարդալ ավելին

Դիտումներ՝ 100

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????