Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերաքննիչն անվավեր է ճանաչել ՃՈ որոշումը․ քաղաքացին կմասնակցի վարորդական վկայական ստանալու համար քննություններին

May 15, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

2019թ․ ապրիլի 17-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը փոփոխել է Վարչական դատարանի վճիռն ու անվավեր ճանաչել Կ․ Բ․-ին վարորդական վկայական ստանալու քննություններին մասնակցելն արգելելու՝ Ճանապարհային ոստիկանության 2017թ․ հուլիսի 10-ի որոշումը։

 

ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքի պետը 2017թ․ հուլիսի 10-ին թույլ չի տվել Կ․ Բ․-ին մասնակցել վարորդական վկայական ստանալու քննություններին՝ պատճառաբանելով, որ վերջինս հաշվառված է հոգեբուժական բժշկական հաստատության ցուցակում։

 

Մերժումը գրավոր ձևակերպմամբ տրամադրել է Կ․ Բ․-ին։ Դրանում հղում է կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005թ. ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին։ Որը, սակայն, ոչ թե արգելում է քննություններին մասնակցել, այլ սահմանում է վարորդական վկայականի ուժը կորցնելու պայմանները՝ հոգեկան հիվանդություն ունենալու վերաբերյալ եզրակացության դեպքում։

 

Այս պարագայում Կ․ Բ․-ն դեռևս վարորդական վկայական չի ունեցել, հետևաբար՝ հոդվածն ինքնին կիրառելի չի եղել։ Իսկ քննությանը մասնակցելը կարող է արգելվել միայն թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված լինելու կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու պատճառով։

 

Բացի դրանից՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը պետք է հաստատված լինի իրավասու մարմնի կողմից տրված եզրակացությամբ, ինչը ևս Կ․ Բ․-ի դեպքում չի եղել։

 

Կ․ Բ․-ի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ճանապարհային ոստիկանության՝ 2017թ․ հուլիսի 10-ի որոշումը վիճարկել ՀՀ վարչական դատարանում։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արտուր Հարությունյանը դատարան ներկայացրած հայցում վկայակոչել է վերը նշված հանգամանքները և պահանջել անվավեր ճանաչել ՃՈ որոշումն ու պարտավորեցնել թույլատրել Կ․ Բ․-ին մասնակցել քննություններին։

 

Վարչական դատարանը 2018թ․ հուլիսի 23-ին մերժել է հայցը։ Որպես Կ․ Բ․-ի հոգեկան առողջության խնդիրներ ունենալու ապացույց է ընդունել Ճանապարհային ոստիկանության հաշվառման շտեմարանից վերցրած գրառումը և եզրակացրել, որ վարորդական իրավունք տրամադրելու դեպքում Ոստիկանությունը իրավասու է նույն պահին վերցնելու այն՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005թ. ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն։

 

Ա․ Հարությունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և մատնանշել Վարչական դատարանի թույլ տված խախտումները․ մասնավորապես այն, որ Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել օրենքի դրույթը, բացի դրանից՝ պատշաճ ապացույց է համարել ոչ իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվությունը, Կ․ Բ․-ի հոգեկան առողջության խնդիրներ ունենալու մասին օրենքով սահմանված կարգով եզրակացություն չի ստացել։

 

Վերաքննիչ վարչական դատարանը հիմնավոր է համարել բողոքաբերի պնդումը, որ Վարչական դատարանն անհիմն է սահմանափակել Կ․ Բ․-ի իրավունքները, հիմնավոր է համարել նաև ոստիկանության հաշվառման շտեմարանից արտատպված գրառումը ոչ պատշաճ ապացույց համարելու պնդումը։

 

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բացի նրանից, որ չի ներկայացվել օրենքով սահմանված իրավասու մարմնի կողմից կազմված եզրակացություն հայցվորի` հոգեկան հիվանդություն ունենալու մասին, Վարչական դատարանը չի պարզել նաև, թե ինչ ճանապարհով և ինչ ապացույցների հիման վրա է պատասխանողի շտեմարանում հայտնվել անձնական գաղտնիք հանդիսացող` անձի հոգեկան հիվանդության մասին տեղեկությունը։

 

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ճանապարհային ոստիկանությունը 2017թ․ հուլիսի 10-ի որոշումն ընդունել է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելու մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի սխալ կիրառմամբ: Եվ որոշել է անվավեր ճանաչել որոշումն ու պարտավորեցնել թույլատրել Կ․ Բ․-ին վարորդական վկայական ստանալու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որակավորման քննություններին մասնակցել:

 

Դիտումներ՝ 1824

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????